Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 446 կգ «հերոին». մաքսային իրավախախտման 311 դեպք է արձանագրվել հունվար-հունիս ամիսներին

Օգոստոս 31,2021 16:21

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակելով մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքները, շուրջօրյա հսկողական միջոցառումների արդյունքում 2021թ. առաջին կիսամյակում արձանագրել է բացահայտումների զգալի աճ: Մասնավորապես, վարչության կողմից 2021-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում տարված աշխատանքների, այդ թվում` իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և մաքսային հսկողության հետ կապված գործառույթների արդյունքում արձանագրվել է  մաքսային իրավախախտման 311 դեպք: Ընդ որում, 231-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 80 դեպքով սկսվել է վարչական վարույթ:

Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 446 կգ «հերոին», 1 կգ α-PVP, 0.4 կգ «մարիխուանա», 0․3 կգ  «մեթամֆետամին», 0.3 կգ «մեֆեդրոն»,  0․3 կգ «հաշիշ», մոտ 60 գրամ «կոկաին» տեսակների թմրամիջոցներ: Վարչության աշխատակիցները բացահայտել են նաև ԼՍԴ տեսակի թմրանյութի պարունակությամբ 100 բլոտեր, հաշիշի յուղի պարունակությամբ Էլեկտրոնային սիգարետի 114 մուշտուկ, մոտ 69 գրամ տետրահիդրոկաննաբինոլ  և այդ թմրանյութ պարունակող 46 քաղցրավենիք, 15․57 գրամ պսիլոցին, 5․5 գրամ ՄԴՄԱ, մոտ 1 գրամ DMT, ինչպես նաև  թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող 18019 դեղահաբ և դեղապատիճ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է նաև այլ իրավախախտումներ, այդ թվում՝ 69 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի չհայտարարագրման, 26 հատ փամփուշտի ապօրինի տեղափոխման դեպքեր և այլն:

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության խոշոր խմբաքանակների բացահայտում

Հաշվետու ժամանակահատվածում Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, հետևողական աշխատանքի արդյունքում, 2021 թվականի 1-ին կիսամյակում բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության առանձնակի խոշոր դեպքեր։ Այսպես, տարեսկզբին Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված բեռի զննությամբ հայտնաբերվել է 351 կգ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց: Այն թաքցված է եղել խմորիչի անվան տակ տեղափոխված բեռի կազմում։ Ի դեպ, բեռը նախատեսված է եղել արտահանել Նիդեռլանդների Թագավորություն։ Նշված գործով ձերբակալվել է տարբեր քաղաքացիություն ունեցող 6 անձ:

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքեր են բացահայտվել նաև փոստային առաքանիներում: Վարչության աշխատակիցները Հայաստանից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանուց հայտնաբերել են 137.85 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոց: Մաքսանենգներն այս անգամ «թանկարժեք բեռը» թաքցրել էին սպորտային ձեռնաթաթի սպունգանման ներդրանքի մեջ նախապես պատրաստված թաքստոցներում: Նշված դեպքով Վրաստանի իրավապահ մարմինների հետ համատեղ իրականացվել է միջազգային վերահսկելի մատակարարում, ինչի արդյունքում ձերբակալվել է ինչպես առաքանու ուղարկողը, այնպես էլ` ստացողը:

Շարունակելով պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ, Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանուց էլ վարչության աշխատակիցները բացահայտել են շուրջ 372 գրամ «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի հանդիսացող բյուրեղանման զանգված: Այս անգամ էլ «մաքսանենգ ապրանքը» թաքցված է եղել առաքանով տեղափոխված կոսմետիկ միջոցների տարաների մեջ: Ընդ որում, ծանրոցի հասցեատերը հայտնաբերվելուց հետո պատրաստակամություն էր հայտնել աջակցել իրավապահ մարմիններին: Արդյունքում Երևանի տարբեր տեղանքներում նրա մատնացույց արված վայրերից հայտնաբերվել է շուրջ 475 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցների պարունակությամբ 15 փաթեթ: Նրա բնակարանում կատարված խուզարկությամբ ևս հայտնաբերվել է 404 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և 185 գրամ ընդհանուր քաշով նույն տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկ զանգված:

Կիսամյակի  երկրորդ խոշոր բացահայտումը՝ 95 կգ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցը Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերել են հայ-իրանական սահմանին: Ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում կանխվել է Իրանից Հայաստանի տարածքով Ուկրաինա թմրամիջոցների տեղափոխման փորձը: «Ագարակ» պետական սահմանի անցման կետում Թուրքիայի քաղաքացու կողմից շահագործվող՝ ձմերուկ տեղափոխող բեռնատարի մաքսային զննման արդյունքում սառնարանային կիսակցորդի տանիքի դիմացի հատվածում թաքցված  մետաղական 12 կոնստրուկցիաներից 7-ում հայտնաբերվել է թմրամիջոցի պարունակությամբ 119 հատ փաթեթ։

Կիսամյակում արձանագրված ուշագրավ դեպքերից է տարբեր ցեղատեսակի շան ձագերի անօրինական ճանապարհով տեղափոխման փորձի կանխումը: Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության շրջանակում Հայաստանից ԻԻՀ մեկնող Իրանի 2 քաղաքացու  կողմից շահագործվող բեռնատարների զննությամբ վարչության աշխատակիցները անսովոր «բեռ» են հայտնաբերել: Իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով մաքսանենգերը  ամենատարբեր հնարքների են դիմում: Այսպես, մեքենաներին կցված բիտումի համար նախատեսված երկաթյա դատարկ տարաներից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված   պլաստմասե 9 զամբյուղներ, որոնցում առկա են եղել 8 «շպից», 10 «պուդել» և 1 «ակիտաինու» ցեղատեսակի շան ձագեր:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ թմրանյութի տեղափոխման հանցավոր սխեմաներ կազմելուց և զգուշացնում` վարչությունը շուրջօրյա պայքարում է թմրաշրջանառության  և ցանկացած իրավախախտման դեմ` միշտ մեկ քայլ առաջ լինելով օրինախախտներից:

ՊԵԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031