Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվեց «Ծիրանի ծառ» Ուջանի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Օգոստոս 31,2021 16:03

Օգոստոսի 29-ին ամփոփվեց «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի շրջանակում՝ արտասահմանից ժամանակ շուրջ 20 կինոգործիչ 8 օր ապրեց Արագածոտն մարզի Ուջան գյուղի հյուրընկալ բնակիչների տներում՝ ամեն օր հաց կիսելով նրանց հետ և երեկոյան ժամերին միասին ֆիլմեր դիտելով Ուջանի այգում՝ բաց երկնքի տակ։

Արարողության շրջանակում ցուցադրվեցին նաև Ուջանի կինոդպրոցի սաների նոր աշխատանքները։ Փառատոնի կազմակերպիչ «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախաձեռնությամբ ստեղծված այս դպրոցում ուջանցի երեխաները կինոնկարահանման հմտություններ են ուսանում՝ սովորելով ստեղծել սեփական կարճամետրաժ ֆիլմերը, և օգոստոսի 29-ին ցուցադրվեց երեխաների նոր կինոփորձերից չորսը։

Փակման արարողության ընթացքում հայտարարվեցին հաղթողները և ցուցադրվեց փառատոնի փակման ֆիլմը՝ անվանի հայ-ռուսաստանցի ռեժիսոր Կարեն Գևորգյանի «Երկընտրանք» վավերագրությունը, որը թեպետ և լույս է տեսել 2001 թվականին, բայց Հայաստանում ընդամենը մի քանի անգամ է ցուցադրվել, և որտեղ ռեժիսորը, Առաջին արցախյան պատերազմի բացառիկ խրոնիկալ կադրերի ուղեկցությամբ, խորհում է այն մասին, թե ինչպես անել, որ 90-ականներին հայ ժողովրդի կռած հաղթանակը չփոշիանա։

Ընդհանուր առմամբ՝ երեկոյի ընթացքում տրվեց 10 մրցանակ։ Լիամետրաժ ֆիլմերի մրցույթում Գլխավոր մրցանակին արժանացավ բելգիական «Այլուր, ամենուր» կինոնկարը (ռեժիսորներ՝ Իզաբել Ինգոլդ և Վիվիան Պերելմուտեր), իսկ Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում՝ շվեյցարապորտուգալական «Ոգիներ և քարեր․ ազորական մի առասպել»-ը (ռեժիսոր՝ Այլին Գյոքմեն)։ Ժյուրիի հատուկ մրցանակներին արժանացան լիամետրաժ «Մերկապար ու պատերազմ»-ը (ռեժիսոր՝ Անդրեյ Կուտիլո, Բելառուս/ Լեհաստան) և կարճամետրաժ «Բալորա»-ն (ռեժ․՝ Աբդոլղադեր Խալեդի, Իրան)։ Փառատոնի նախաձեռնող «Ֆիլմադարան» ՀԿ-ն երկու Հատուկ մրցանակ շնորհեց իսրայելական «Տուն» (ռեժիսոր՝ Սմադար Էշտեյն Փալգի) և ֆրանս-չինական «Մարդը, որ փնտրում էր իր որդուն» (ռեժիսորներ՝ Դելֆին Դելոնժե ու Ստեֆան Կոռեա) ֆիլմերին։ Ուջան համայնքը ևս երկու Հատուկ մրցանակ շնորհեց Ալեքսեյ Գոլովկովի «Երբ հալում է ձյունը» (Ռուսաստան) և Մարտա Վիոլանտեի ու Ֆիլիպո Ֆոսկարինիի «Կայսերական օրորը» (Իտալիա) կինոնկարներին։ Ալդո Գուգոլցի «Կովերը՝ տանիքին» կինոնկարն արժանացավ Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի Հատուկ մրցանակին, իսկ իրանական «Քալ Ֆաթմեհ» վավերագրությունը՝ Մարտուն Ադոյանի անվան Հատուկ մրցանակին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031