Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին դաս»՝ հարազատ դպրոցում․ Շիրակի մարզպետը վերհիշեց մանկությունը

Օգոստոս 31,2021 14:15

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր գիտելիքի  ու դպրության օրն անցկացրեց  Գյումրու Խրիմյան Հայրիկի անունը կրող թիվ 41 դպրոցում։ Նա 27 տարի առաջ այս դպրոցում է սովորել հայերենի տառերը։

Շիրակի մարզպետն առաջին դասարանցիներին ուղղված իր բարեմաղթանքում ասաց, որ գիտելիքից ավելի թանկարժեք բան չկա կյանքում։

«Գիտելիքից թանկ, գիտելիքից կայուն, գիտելիքից մնայուն բան չկա աշխարհում։ Գիտելիքն է, որ մեր ձեռքը բռնած՝ տանում է հետաքրքիր ճանապարհ, որը կոչվում է կյանք»,- ասաց Հովհաննես Հարությունյանը։

Առաջին դասն անցկացվեց նրա ներկայությամբ․ ուսուցչուհու՝ աշակերտներին ուղղված հարցին՝ ո՞վ է ճանաչում մեր մարզպետին, շիկահեր մի տղա հպարտ-հպարտ ասաց՝ ես։ Աշակերտները չգիտեին մարզպետի անուն-ազգանունը, Հովհաննես Հարությունյանը ներկայացավ՝ պատմելով, թե ինչպես ինքն էլ 27 տարի առաջ հաճախեց նույն դպրոց ու նստեց նույն նստարաններին։ Նա հորդորեց երեխաներին այնպես սովորել, որ հայրենիքին պիտանի մարդ դառնան։

Հովհաննես Հարությունյանը  լրագրողների հետ զրույցում էլ խոսեց խնդիրներից։

Նա ցավով տեղեկացրեց, որ մարզի մի քանի գյուղական համայնքներում առաջին դասարանցիներ չկան։

«Իրականում այդ գյուղերը շատ փոքր բնակչությամբ են, ցավոք, բայց մենք պիտի շարունակենք այդ տարածաշրջանները զարգացնել, որպեսզի մարդիկ շարունակեն այդտեղ ապրել, ավելի շատ մարդիկ գնան ապրելու ու նման խնդիրներ չլինեն»,-ասաց Հովհաննես Հարությունյանը։

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության  կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանից ճշտեցինք, որ նախնական տվյալներով, Ամասիայի տարածաշրջանի 3 գյուղական բնակավայրեր՝ Շաղիկ, Ջրաձոր և Ծաղկուտ համայնքները չունեն առաջին դասարանցիներ։

Մարզպետը նաև տեղեկացրեց, որ մարզում առաջին դասարանցիների թվաքանակը էապես չի պակասել։ Նա հույս հայտնեց, որ շուտով առաջին դասարանցիների պակաս չի լինի, քանի որ անցած տարվանից ողջ հանրապետությունում ունենք  ծնելիության բարձր մակարդակ։

Մարզպետը, խոսելով համավարակի պայմաններում դասեր անցկացնելու մասին, նշեց, որ ԿԳՄՍ փոխնախարարը խոստացել է մի քանի օրվա ընթացքում դպրոցներին սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելու համար հավելյալ միջոցներ տրամադրել։

Նա կարևորեց նաև պատվաստումները։

«Պատվաստումների մակարդակը պետք է բարձրացվի կոլեկտիվներում, որպեսզի համավարակի տարածման շղթան լիարժեք կարողանանք տնօրինել», -ասաց Հովհաննես Հարությունյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031