Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից նյութեր նախապատրաստելու համար ստացվել է ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ի կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների վերաբերյալ գրությունը՝ Գեղարքունիքի տարածաշրջանային քոլեջի տնօրենի վերաբերյալ: Ըստ ոստիկանությունից ստացված տեղեկատվության, Գեղարքունիքի տարածաշրջանային քոլեջի տնօրենն իր կնոջը 2012թ.-ից առ այսօր Մարտունու պետական քոլեջում միաժամանակ հրամանագրել է որպես գրադարանավար և հավաքարար, ու վերջինիս աշխատանքի չհաճախելու պայմաններում նրա անվամբ գումար է դուրս գրվել:
Aravot.am-ը կապ հաստատեց քոլեջի տնօրեն Յուրա Սուքիասյանի հետ: «Այդպիսի բան չի եղել, բացառված է: Կարող եք գալ ու ստուգել: Իմ կինը գերմաներենի մասնագետ է, հիմա էլ գերմաներենի ժամեր ունի: Երբեմն ունեցել է կես դրույք, կամ գործավար է եղել կամ ուրիշ հաստիք: Մարդիկ կարող են հազար բան ասել, բայց դա իրենց խնդիրն է»,- ասաց քոլեջի տնօրենը:
Նա կրկին հերքեց, որ կնոջը հրամանագրել է որպես գրադարանավար եւ հավաքարար. «Բացառված երեւույթ է: Այնտեղ մի գրադարանավար կար, որը ֆիզարձակուրդում է, ու կես դրույքը մնացել է օդի մեջ, երեւի ոմանց ենթադրությամբ, մտածել են կնոջս եմ տվել: Իրենց խելքով, ենթադրել են, որ եթե մեկնումեկին չի տվել, ուրեմն գրել է կնոջ վրա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ