Թվում է, թե ավարտվեցին «ընտրությունները»։ Սակայն, շրջելով Երևանում և Հայաստանում, դեռևս բարձրադիր գովազդային վահանակներից, շենքերի պատերից քեզ է նայում պարտության խորհրդանիշ գործչի անիմաստ, բայց ինքնահավան դեմքը։ Բայց այս մասին չէ, որ կցանկանայի խոսել։
Դեռևս «հեղափոխությունից» առաջ, կարծեմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանճարեղ որոշմամբ, Երևանի փողոցներում հսկայական վահանակներում տեղադրվել են «հայոց մեծերի» մեծադիր նկարները։ Պարզվում է, որ փոքրաթիվ հայ ժողովուրդը բազմաթիվ «մեծեր» է տվել։ Հարց է առաջանում՝ ի՞նչ չափանիշներով են որոշվել «մեծերը»։ Եղե՞լ է արդյոք, հատուկ որոշում, կազմվե՞լ է մասնագիտական հանձնաժողով։ Արդյո՞ք այդ հանձնաժողովը հայոց «մեծ» է ճանաչել նաև քաղաքապետի հորը՝ Անդրանիկ Մարգարյանին, իսկ իշխանափոխությունից հետո, վերանայել իր իսկ նախկինում կայացրած որոշումը և հեռացնել տվել նրա նկարը։ Այսպես կոչված՝ «հայոց մեծերի» շարքում, հավասարապես տեսնում ես հանճարեղ Հովհաննես Թումանյանից սկսած, մինչև ինչ-որ միջակության։ Այո՛, նկարների մեջ շատ են տաղանդավոր ստեղծագործողներ, մասնագետներ, բայց նրանց բոլորին հռչակել «մեծեր», կարծում եմ գավառականության նշան է։ Իսկապես մենք ունեցել ենք մեծ մտածողներ, ստեղծագործողներ, բայց ցավոք, նրանց թողած գրական, գիտական ժառանգությունը , սերունդների վրա որևէ ազդեցություն չի թողել։ Եթե մենք հետևած լինեինք, օրինակ, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Րաֆֆու, Ղևոնդ Ալիշանի խորհուրդներին, առաջնորդվեինք նրանց թողած փիլիսոփայա-ազգային ժառանգության թեզերով, այսօր կայացած, պետական մտածողությամբ ժողովուրդ կլինեինք։ Եվ վերջապես, եթե ունեցել ենք այդքան «մեծեր», ապա ինչո՞ւ ենք այսօր այսպիսի ողորմելի վիճակում։
Բացի «հայոց մեծերից», հաճախակի հանդիպում են աստվածաշնչային աղոթքներ, ասույթներ, խորհուրդներ։ Կարծես, գտնվում ես միջնադարյան, կղերական երկրում, որտեղ պաշտոնական կրոնական քարոզ է իրականացվում։ Ի վերջո, ե՛ւ Երևանում ե՛ւ ողջ Հայաստանում եկեղեցիների պակաս չկա։ Հավատացյալները կարող են իրենց հոգևոր սնունդը ստանալ այդ եկեղեցիներում։ Ինչո՞ ւ եք բոլորիս պարտադրում ամեն քայլափոխի ավետարան կարդալ և աղոթել։
Բացի վերոնշյալները, մնացած գովազդային վահանակները, խանութների, ներեցեք՝ մարկետների, սրճարանների և ռեստորանների ցուցանակները, հիմնականում օտարամոլ, չտեսական անվանումներով են։
Կարդացեք նաև
Այսպիսով, ողջ Հայաստանը հեղեղված է «հայոց մեծերի» և աստվածաշնչյան աղոթքների գովազդներով, չհաշված օտարահունչ և օտարալեզու «բրենդների» գովազդները։
Այս ամենը, կարծում եմ ազգային անլիարժեքության բարդույթի և գավառականության ցուցանիշ է, կամ ժողովրդին հասկանալի լեզվով ասած՝ ռաբիս։
Այս հոդվածի գաղափարը վաղուց էր հասունացել, սակայն այն գրելու ազդակ եղավ երկու օր առաջ, Արմավիրի ճանապարհին, օդանավակայան չհասած, տեսածս գովազդը։ Այն իր գավառականությամբ գերազանցեց նախորդ բոլոր դիտարկումներս։ Հսկայական վահանակին տեղադրված էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հսկայական, ժպտերես նկարը․․․ Մի պահ շփոթվեցի՝ միթե՞ Ջո Բայդենը նույնպես մասնակցել է Հայաստանի «ընտրություններին» և դեռևս պահպանվում է նրա նախընտրական գովազդը։ Սկսեցի մտածել, արդյոք ո՞ր կուսակցությունը, կամ դաշինքն էր գլխավորում ԱՄՆ նախագահը, ԱԺԲ-ի՞, թե՞․․․։ Բայց՝ ոչ, նկարի տակ գրված էր «Շնորհակալություն նախագահ Ջո Բայդեն, 106 տարելից հայոց ցեղասպանության»։
Ի՞նչ ասեմ, սա էլ գավառառաբիսային քծնանքի դրսևորում է։
Ավետիք Իշխանյան