Լրահոս
Օրվա լրահոսը

Քայքայման երեք միտումները

Օգոստոս 31,2021 10:00

Թե՛ մեր երկրում, եւ թե՛ աշխարհում քաղաքագետներն ավելի ու ավելի բարձրաձայն են հնչեցնում այն թեզը, որ վերջին տարիներին տեղի են ունենում աննախադեպ արագ փոփոխություններ, ու դրանք բերելու են կտրուկ եւ, ցավոք սրտի, աշխարհի շատ երկրների համար վտանգավոր հետեւանքների: Այդ առումով այն աղետը, որն անցած տարի պատահեց Արցախում եւ այժմ շարունակվում է Աֆղանստանում, դիտվում է միեւնույն հարթության մեջ: Կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու մոտակա տասնամյակների ընթացքում՝ գործնականում անհնարին է: Ապագայի մասին մեր պատկերացումները հաճախ նման են 1880-ականների կանխատեսումներին, երբ մարդիկ կարծում էին, որ 1930-ականներին ձիերն այս մոլորակի վրա այնքան շատ են լինելու, որ մարդկությունը լուրջ վտանգի առաջ է կանգնելու: Շատ բնորոշ տրամաբանական սխալ է, երբ այսօրվա տվյալներն առանց վերապահումների տարածվում են վաղվա վրա: Ու թեեւ հնարավոր զարգացումների մասին խոսելը շատ դժվար է, ներկայիս վառ արտահայտած միտումները քիչ թե շատ պարզ են:

1/ Բոլոր ուժային կենտրոնների (դրանք հիմա երբեմն կոչվում են «կայսրություններ») դերի նվազումը: Ընդ որում, դա տեղի է ունենում շատ ավելի արագ, քան 20-րդ դարում, երբ, օրինակ, Բրիտանական կայսրությունը փլուզվեց մոտավորապես 20 տարում՝ 1930-50-ական թվականներին: Հիմա, ինչպես տեսնում ենք, հերթը Միացյալ Նահանգներինն է: 2019 թվականին ամերիկյան Foreign Affairs սոլիդ ամսագրում  լույս է տեսել հոդված, որի անունը պերճախոս էր՝ The Self-Destruction of American Power՝ «Ամերիկյան ուժի (իշխանության) ինքնաքայքայումը»: Եվ դրա հեղինակն ամենեւին Կրեմլի գործակալ չէ՝ «մաքուր ամերիկյան» քաղաքագետ Ֆարիդ Զաքարիան է: Հոդվածի լույս տեսնելուց երկու տարի անց տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում:

Ավելին՝ ինձ թվում է, որ մեզ հետ անմիջականորեն առնչվող Ռուսաստանի եւ Թուրքիայի տարածաշրջանային «կայսրական» հավակնությունները վերջնարդյունքում կնպաստեն հենց այդ երկրների «ուժի քայքայմանը», բայց դա Հարավային Կովկասի պետությունների համար ոչ մի լավ բան չի նշանակում:

2/ Աշխարհակարգի սկզբունքների չեղարկում: Երբ պետությունների (նաեւ Հայաստանի) ղեկավարներն ասում են, որ այս կամ այն խնդիրը պետք է կարգավորվի «հայտնի սկզբունքների» հիման վրա, նրանք, բնականաբար, նկատի ունեն 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները: Իմ կարծիքով, դրանք նույն նշանակությունն ունեն, ինչ 370 տարի առաջ մշակած «Վեստֆալյան» սկզբունքները, այսինքն՝ մնացել են թղթի վրա եւ պատմություն մեջ: «Հելսինկյան» չգործող սկզբունքներն են՝ ուժի չկիրառումը, ազգերի ինքնորոշումը եւ տարածքային ամբողջականությունը: Դա, հավանաբար, նշանակում է, որ գերտերությունները պետք է «քարերը փեշերից թափ տան» եւ մշակեն նոր՝ այսօրվա իրականությանը համապատասխանող սկզբունքներ:

3/ Թվային դարաշրջանը, երբ մարդկանց մտքերը, դատողությունները գնալով ավելի պարզունակ են դառնում, որովհետեւ լուրջ գրքեր, արվեստի գործեր ընկալելու փոխարեն մարդիկ սպառում են «տեղեկատվական ֆասթ-ֆուդ» եւ օգտվում են արդեն ինչ-որ մի տեղ գոյություն ունեցող կլիշեներից եւ կարծրատիպերից՝ ուղեղին «զոռ տալու» փոխարեն: Համոզված եմ, որ սա ամենալուրջ բացասական միտումն է՝ Երրորդ համաշխարհային պատերազմը, որում ամբողջ մարդկությունը պարտություն է կրել:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կախարդական փայտիկը: Տեսականն իրականություն դարձնելու համար պետք է մի քիչ երազել, պատկերացնել, տեսականը սկզբից անճոռնի ճուտիկ է իրականության մեջ՝ լիքը սխալներով, բայց սպիտակ կարապի վերածվելու եւ գեղեցիկ իրականություն դառնալու համար պետք է սկսել անճոռնի ճուտիկից:
    Ի՞նչ կանեի, եթե ունենայի Կախարդական փայտիկ:
    Ա Բոլորիս մեկական Կախարդական փայտիկ բաժանել:
    Բ Մարդկանց ապահովել բարձր արտադրողականության ստեղծագործ աշխատանքով, այլ ոչ թե պարզապես աշխատանքով՝ սկսած ծնված օրվանից մինչեւ խորը ծերություն:
    Գ Բոլոր էնդեմիկ արարածների համար՝ սկսած խլուրդներից) վերջացրած վերացող բարբառների կրողների, ստեղծել ազգային բնապահպանական եւ վերականգնողական պարկեր իրենց էնդեմիկ հողերում ու ջրերում ու օդում՝ ապրել եւ զարգանալ որպես տեսակի կրող իր էնդեմիկ պայմաններում պետք է դառնա այդ տեսակի համար լավագույն պայմանները:
    Դ Մենք աշխարհին պետք է ներկայանանք մեր լումայով քաղաքական, տնտեսական եւ ռազմական բնագավառներում՝ համաշխարհային ճգնաժամից դուրս գալու ծրագրով եւ մակաբույծների հիվանդությունները կանխարգելու միջոցներով եւ տարածենք մեր հաջողված փորձը հարեւան տարածքներում եւ տարածվել աշխարհով մեկ:..

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031