«Զավեշտալի էր, որ ադրբեջանական տեղանուններ նշելու արդարացումը Փաշինյանի թիմակիցները բացատրում էին, որ Նիկոլ Փաշինյան այդ անունները նշել է, որպեսզի ընդգծի, որ ադրբեջանական զինուժը չի մտել ՀՀ սուվերեն տարածք: Դրան մեկնաբանություն տալ հնարավոր չի: Որեւէ մեկի մտքով կարո՞ղ էր անցնել, որ մի օր Հայաստանի միջպետական սահմանը փակվելու է ադրբեջանցիների կողմից ու որեւէ արձագանք մեր իշխանությունների կողմից, բացի խաղաղություն աղերսելը չի լինելու»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա հավելեց. «Ես դեմ եմ ռազմական գործողությունների, պատերազմի, ես կողմ եմ խաղաղության օրակարգին, բայց խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ: Խաղաղությունը պետք է լինի ոչ միայն Ադրբեջանի շահերը հաշվի առնելով, այլ նաեւ Հայաստանի եւ Արցախի»:
Վանեցյանը դժգոհեց, որ երբ ասում է՝ Սյունիք տանող հիմնական ճանապարհը փակ է, իրեն իշխանությունները պատասխանում են՝ «դու չես հասկանում, այլընտրանքային գրունտային ճանապարհ կա». «Այսինքն, հիմա մենք սովորենք ՀՀ բոլոր մարզերի, հատկապես Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի մարզերի բոլոր գրունտային ճանապարհնե՞րը, որ մենք մեր երկրում երթեւեկենք: Ժողովուրդ, ուղղակի պետք է սթափվենք: ՊՆ նախարարը հրաման է տալիս, թե՝ հրամայել եմ ՀՀ ինքնիշխան տարածք 1 սմ մուտք գործելու պարագայում ուժ կիրառել ու ոչնչացնել թշնամուն: Հիմա տրամաբանական հարց է առաջ գալիս՝ այդ ե՞րբ էր այդ հրամանը չեղարկվել, որ հիմա էլ նոր հրաման եք տալիս: Զինվորականի գործը սահմանը պաշտպանելն է ու սահմանը խախտողներին ոչնչացնելը: Չի կարելի մարդկանց մոլորեցնել եւ էժանագին PR-ով զբաղվել»:
Վանեցյանը նշեց, որ կողմ է, որ սահմանապահ զորքերը իրականացնեն ՀՀ սահմանների հսկողությունը, բայց պետք է լինի զինատեսակների ավելացում, ծառայության հետ կապված առանձնահատկությունն էլ պետք է հաշվի առնվի:
Կարդացեք նաև
Ըստ պատգամավորի, այսօր Հայաստանում անվտանգություն գոյություն չունի, չգիտենք, թե ինչ է կատարվում սահմանում. «ՀՀ անվտանգային համակարգը խարխլված է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ