Լրահոս
Օրվա լրահոսը

«Թքած ունեն, այսպես ասած, բոլոր բանտիկների վրա». Սաթիկ Սեյրանյանը հորդորում է հանդիպել Թաթոյանի հետ, Շուշան Դոյդոյանը 3 առաջարկ է ներկայացրել

Օգոստոս 30,2021 21:01

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների գործունեության սահմանափակումների վերաբերյալ քննարկմանը առաջարկություններով էր եկել:

Նա առաջարկում է սահմանել, որ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրման ներկայացվող լրագրողն անպայման ունենա առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Երկրորդ առաջարկն այն է, որ ԱԺ-ում հավատարմագրեն միայն այն ԶԼՄ-ների լրագրողներին, որոնք ընդունել են մասնագիտական վարքագծի՝ էթիկայի կանոնագիր: Եվ երրորդ առաջարկն է թույլատրել, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողն իր մասնագիտական գործունեությունն ազատորեն իրականացնի ԱԺ-ի ամբողջ տարածքում, բոլոր մասնաշենքերում՝ աշխատանքային բոլոր օրերին, նաեւ՝ օթյակում՝ ինչպես ԱԺ լիագումար նիստի, այնպես էլ ընդմիջման ընթացքում:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել՝ ԱԺ-ում լրագրողների գործունեության սահմանափակումների վերաբերյալ:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը Շուշան Դոյդոյանի առաջարկությունները չընդունեց: Նա նշեց, որ էթիկայի կանոնագիր ստորագրել են ոչ բոլոր ԶԼՄ-ները, այդ թվում Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցը չի ստորագրել, իսկ լրագրողի մասնագիտական ստաժի դրույթն ամրագրելն անտեղի է, քանի որ խմբագիրները որպես կանոն փորձառու լրագրողներին են ուղարկում խորհրդարան, դա նաեւ իրենց շահերից է բխում:

Սաթիկ Սեյրանյանն էլ առաջարկեց հանդիպում կազմակերպել իրավապաշտպանների, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ ու հույս չունենալ, որ իշխանությունները ինքնակամ կփոխեն որոշումը. «Թքած ունեն, այսպես ասած, բոլոր բանտիկների վրա»:

Լրագրողների կողմից եղավ առաջարկ նաեւ զուգահեռ բողոքի ցույցեր կազմակերպել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել