Լրահոս
Օրվա լրահոսը

8 միլիոն դրամ վարկով գնած խոշոր եղջերավոր կենդանիների մեծ մասը Վայոց ձորում ադրբեջանական զինծառայողները հափշտակել ու չեն վերադարձել․ բնակիչներն ահազանգել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

Օգոստոս 30,2021 22:50

ՀՀ Վայոց ձորի մարզի Սերս գյուղի «Գոգի լեռ» կոչվող սարատեղում արածող 110 խոշոր եղջերավոր կենդանիներից 80-ը մոտեցել են ադրբեջանական դիրքին, որից 75-ը  զինծառայողները հափշտակել են ու չեն վերադարձվել։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգել են տուժած 2 անձինք:

Նրանք տեղեկացրել են, որ իրենք մոտ 800-900 մ հեռավորությունից նկատել են, թե ինչպես են ադրբեջանական 3 զինծառայող դուրս գալիս իրենց խրամատից և մոտենում կենդանիներին: Այդ ընթացքում նրանք հեռվից շարունակել են հետևել ադրբեջանական զինծառայողների արարքին, որոնցից մեկը մոտ 300 մ առաջացել է և ձորակից քշել, բարձրացրել է կենդանիներին, որից հետո արդեն երեքով տարել են կենդանիներին:

Ադրբեջանական զինծառայողները եղել են զինված, սակայն իրենք վտանգի պատճառով չեն մոտեցել նրանց և չեն կարողացել հետ վերադարձնել կենդանիներին:

Քաղաքացիների տեղեկացմամբ՝ դիմել են ՀՀ Վայոց ձորի մարզպետարան, համայնքի ղեկավարին, ՀՀ սահմանապահ զորքերին և բանակային կորպուս:

Մարզպետարանից այցելել են և արձանագրել կատարվածը և նշել, որ անհրաժեշտ է կենդանիների վերաբերյալ բանկի և համայնքից տեղեկանքներ ներկայացնել:

Տուժած քաղաքացիների պնդմամբ՝ խոշոր եղջերավոր կենդանիներն իրենք ձեռք են բերել գյուղատնտեսական վարկի գումարով, որը կազմում է մոտ 8 մլն ՀՀ դրամ և չգիտեն, թե ի՞նչ միջոցներով են շարունակելու վճարել վարկերը:

Մեր պետությունը պետք է միջազգային հարթակներում նախաձեռնի այնպիսի գործընթացներ, որոնք այս փաստերի օգտագործմամբ հնարավորություն կտան ադրբեջանական իշխանություններին պարտադրել հատուցել մարդկանց՝ նրանց նման խնդիրների առաջ կանգնեցնելու համար:

Մենք, իհարկե, ինչպես սահմանված կարգն է նախատեսում, գրություններ կհասցեագրենք Կառավարություն՝ հասկանալու համար մինչ միջազգային հարթակներում այսպիսի գործընթացի նախաձեռնումը, այդ մարդկանց խնդիրներին անմիջական լուծում տալու հետ կապված դիրքորոշումը: Պատրաստ ենք ցանկացած հարցով համատեղ աշխատանքի:

Հ․Գ․ 80 եղջերավոր կենդանիներին հետ վերադարձնելու համար քաղաքացիները հետաքրքիր քայլ են մտածել․ սահմանին են մոտեցրել նորածին հորթերի, որոնց արձակած ձայների արդյունքում բնազդով հետ են վերադարձել 5 խոշոր եղջերավոր կենդանի։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031