«Ազգային ժողովի ընդունարանում տեսա, որ հրավիրյալների ցանկում նշված է, թե ով կարող է մուտք գործել բջջային հեռախոսով, ով՝ ոչ: Դա տարածվում էր նաեւ մեդիա կազմակերպություններից մեկի ղեկավարի նկատմամբ: Ինձ համար սա արդեն տարօրինակ էր, ի՞նչ է նշանակում՝ հեռախոսներով սրան կարելի է, սրան չի կարելի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների գործունեության սահմանափակումների վերաբերյալ քննարկմանը ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
Քննարկումը նախաձեռնել էր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ երբ որեւէ ԶԼՄ-ի կամ առանձին լրագրողների նկատմամբ որեւէ բան է տեղի ունենում, ողջ լրագրողական համայնքը պետք է միասնական դատապարտի, որովհետեւ այդ ուղտը չոքելու է բոլորի դռանը. «Մի զարմացեք այս սահմանափակումներից, ավելի վատն է գալու: Պարզ չի՞, որ այս իշխանությունը՝ մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է մեդիայի դերը: Հիմա առաջարկություններ ենք ներկայացնում ինչի՞ համար, ինչո՞վ էր վատը նախկին գործող կարգը»:
Սեյրանյանն ասաց, որ այսօր մեր գործընկերները ԶԼՄ-ներին ֆինանսական լուրջ բեռի տակ են մտցրել, fact -checking-ներ էին անում. «Հիմա զարմանում եք, որ Ալեն Սիմոնյանը թաքուն ինչ-որ բա՞ն է որոշել, բա ի՞նչ պետք է աներ: Ես դեմ եմ որեւէ կոմպրոմիսի: Պետք է անհապաղ վերացվեն բոլոր սահմանափակումները: Ուղղակի նվաստացուցիչ էր տեսնել, թե ինչպես են վարվում լրագրողների հետ, վախենո՞ւմ ենք ասել, որ երբեւէ այսպիսի բան չի եղել…Նոյեմբերի 9-ի՝ երկրի ճակատագիրը խեղաթյուրող փաստաթղթից հետո դուք որեւէ փաստաթղթի վրա զարմանո՞ւմ եք: Որեւէ կոմպրոմիս մեր կողմից չպետք է լինի, հակառակ դեպքում լինելու են համեմատություններ Նաիրի հունանյանների հետ, ասելու են՝ ԱԱԾ-ի պահանջն էր»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ