Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քննարկում էր կազմակերպել՝ խորհրդարանում լրագրողների գործունեության սահմանափակումների վերաբերյալ:
«Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի» նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց, որ լրագրողների գործունեության որեւէ սահմանափակում կարող է լինել միայն ողջամիտ հիմնավորմամբ՝ անհրաժեշտ եւ բավարար պայմանների ապահովմամբ, չեն կարող կամայական դա անել: Հակառակ պարագայում դա որակվելու է բռնություն՝ խոսքի ազատության դեմ. «Ուզում եմ մեջբերել Վլադիմիր Վարդանյանի ռեպլիկը: Նա խայտառակ կերպով աչքի է ընկել նախկինում բազմաթիվ անհասկանալի, ամոթալի մտքերով, այս անգամ՝ լրագրողների մասով: Նա ասել է, որ չեմ կարծում, թե ծեծկռտուք լուսաբանելը մեդիայի գործառույթն է: Ես լսել եմ որոշ պատգամավորների, որոնք ասում են՝ դա պարոն Վարդանյանի մասնավոր կարծիքն է»:
Բարսեղյանի խոսքով՝ Վլադիմիր Վարդանյանի այս մտածողությունը համակենտրոնացման ճամբարի՝ «կոնցլագերական» տիրույթից է. «Մի օր էլ կորոշեն, որ բոլորդ նույն համազգեստն եք հագնելու»:
Լեւոն Բարսեղյանն ասաց, որ լրագրողների իրավունքների սահմանափակման հետ կապված ոչ մի բանակցություն, սակարկություն չի կարող լինել, պարզապես փոխզիջումների չպետք է գնալ. «Լսել եմ անհեթեթ արդարացումներ, թե լրագրողների անվտանգության համար ենք մենք լրագրողներին օթյակից դուրս արել: Եթե լուրջ են այս մտքերը, մի քանի կարգավորում կա սրա համար: Հավատարմագրման պահին լրագրողներին թուղթ են տալիս ստորագրելու, որ ներսում բոլոր դժբախտությունները՝ ջրհեղեղ, երկրաշարժ, թռնող շշեր, ամեն ինչի պատասխանատուն լրագրողն է, մարդը ռիսկային գոտի է մտնում՝ իր անձնական ռիսկով: Իրեն զոռով-շառով չեն տանում: Երկրորդ կարգավորումը լրագրողներին տվեք պաշտպանիչ միջոցներ՝ սաղավարտ, զրահաբաճկոն եւ համանման միջոցներ: Երրորդ կարգավորումը՝ օթյակի պատուհանները դարձրեք զրահապատ: Այս երեք կարգավորումը արեք՝ անհեթեթ պատճառաբանությունների դեմ, թե լրագրողների անվտանգության խաթր է արվելու սա: Որեւէ զիջումնային խոսակցություն չի կարող լինել, սա այն վերջին սահմանն է, որից հետո կոնցլագերի տարածքը ընդարձակվում է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ