Այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քննարկում էր կազմակերպել՝ խորհրդարանում լրագրողների աշխատանքի սահմանափակումների վերաբերյալ: Թովմասյանը նախ արձանագրեց, որ իրավական առումով լուրջ բացթողում կա:
«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է ԶԼՄ-ների հավատարմագրումը եւ ամրագրված է, որ չպետք է սահմանվեն այնպիսի որոշումներ, որոնք կսահմանափակեն պետական մարմնում հավատարմագրված լրագրողների իրավունքները՝ լուսաբանելու տվյալ մարմնում նիստերը, միջոցառումները, եթե դրանք դռնփակ չեն: Այսինքն, ԱԺ նախագահի այն որոշումը, որով սահմանափակվում են լրագրողների տեղաշարժի եւ այլ իրավունքներ, հակասում է օրենքին:
Այս որոշումը չի քննարկվել լրագրողների, շահագրգիռ կողմերի հետ, ԱԺ խորհրդի նիստն էլ չի եղել հրապարակային: Թագուհի Թովմասյանն ասաց, որ պետք է հայց ներկայացվի առաջիկայում՝ վիճարկելու որոշումը՝ այս հիմքերով:
Կարդացեք նաև
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ լրագրողների նկատմամբ աննախադեպ ու անընդունելի բռնություններ են. «Նման բան Հայաստանում չպետք է լինի: Նման բան չի կարող լինել ժողովրդավարական երկրում, նման բան չի կարող լինել նաեւ կիսաժողովրդավարական երկրում»: Ինչ վերաբերում է լրագրողների գործունեության սահմանափակումներին, Իոաննիսյանն ասաց, որ այդ որոշումը հակասում է Սահմանադրության 51-րդ եւ 42-րդ հոդվածներին, որոնք սահմանում են տեղեկատվություն փնտրելու, ստանալու ազատությունը եւ մամուլի ազատությունը: Այդ իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով եւ հատուկենտ նպատակների համար:
Իոաննիսյանը տեղեկացրեց, որ դիմելու են Վարչական դատարան ու վիճարկելու են սահմանափակող դրույթները, այդ թվում անվտանգության աշխատողներին ԱԺ-ում նկարահանելու արգելքի մասին դրույթը, որը, ըստ նրա, հակասահմանադրական է ու որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում:
Իոաննիսյանն ասաց. «Այո, կան լրագրողներ, որոնց պահվածքը այնքան էլ օրինակելի չէր նախկինում, բայց եթե մի քանի լրագրող խախտում է չգրված կանոնները, պետք է այնպես անես, որ այդ մի քանի լրագրողին բերես էթիկայի դաշտ, ոչ թե պատերազմ հայտարարես բոլոր լրագրողներին»:
Ի դեպ, քննարկմանը իշխանական որեւէ պատգամավոր չէր մասնակցում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ