Օգոստոսի 27-ից 29-ը Ջավախքում անցկացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ, որը կազմակերպել էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ:
Ծրագրի մասնակիցները՝ հայ և վրացի լուսանկարիչներ Հայաստանից, Սփյուռքից և Ջավախքից երեք օր շարունակ եղան Ջավախքի ամենագեղեցիկ ու թաքնված անկյուններում, այցելեցին Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի ու Ասպինձայի շրջանների գյուղեր ու քաղաքներ, տեսարժան վայրեր և մշակութային կոթողներ, ծանոթացան գյուղական բնակավայրերի կյանքին, բարքերին ու առօրյաին և իրենց տեսածը, զգացածն ու տպավորությունները ֆիքսեցին ֆոտոխցիկի միջոցով:
Ծրագրի վերջին օրը մասնակիցները եղան նաև Գանձա և Կարզախ գյուղերում, ՋԱՀ-ի կողմից հիմնադրած և վերականգնած աշուղ Ջիվանու ու Վահան Տերյանի տուն-թանգարաններում:
Ծրագրի շրջանակներում անցկացվեցին նաև վարպետության դասեր, որոնք վարեցին աստղալուսանկարիչ Ինգա Ավանեսովան և «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի նախագահ, լուսանկարիչ Սերգեյ Հակոբյանը:
«ՋԱՎԱԽՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ