Հարգելի՛ պատգամավորներ,
Ձեզ գրում ենք ինչպես մեր անձնական անունից, այնպես էլ որպես Ռումինիայի Հայոց Միության նախագահ և պատգամավոր։ ՌՀՄ-ն երեսուն տարի շարունակ ներկա է Ռումինիայի խորհրդարանում: Մենք ներկայացնում ենք ավելի քան հազար տարվա հարուստ ավանդույթ ունեցող մի համայնք, որը հեղինակություն է վայելում այն ազգի կողմից, որի հետ ապրում ենք կողք կողքի: Ռումինիայում հայ լինելը մեծ պատիվ է:
Ռումինիայի Հայոց Միությունը մշտապես աջակցել է Մայր հայրենիքի մեր հայրենակիցներին: Միևնույն ժամանակ, մենք՝ Ռումինիայի հայերս, որոշեցինք երբեք չմիջամտել ներհայաստանյան վեճերին և իշխանության յուրաքանչյուր փոփոխության դեպքում հարգել ՀՀ քաղաքացիների՝ քվեարկությամբ արտահայտված կամքը:
Տարակուսանքով դիտեցինք 2021 թվականի օգոստոսի 25-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանում տեղի ունեցածի տեսագրությունները, որոնք, դժբախտաբար, պտտվեցին աշխարհով մեկ: Բացի այդ, մտահոգված ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ մենք ականատես ենք լինում հայ ժողովրդի ընտրյալների միջև այդպիսի բռնի տեսարանների: Ոչինչ չի կարող արդարացնել այդպիսի պահվածքը, և մենք դա ասում ենք ոչ սոսկ այն պատճառով, որ երեք տասնամյակի խորհրդարանական փորձ ունենք:
Մեզնից յուրաքանչյուրը, անկախ նրանից, թե որտեղ է ծնվել և ապրում՝ Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում, պետք է իմանա, որ այն, ինչ անում է, նպատակաուղղված է լինելու հայ ժողովրդի համար ավելի լուսավոր ապագա ունենալուն և մեր՝ որպես հայի, հեղինակությունը բարձրացնելուն՝ հիմնված մեր ազգային ավանդույթների և առանձնահատկությունների վրա: Այս ոգով չարտահայտված խմբակային, կուսակցական շահերը ոչ մի օգուտ չունեն, եթե չեն ծառայում այս նպատակներին: Այդ կերպ արտահայտված վեճը չունի հաղթողներ և պարտվողներ, այլ՝ միայն պարտվողներ:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հարգելի պատգամավորներ,
խնդրում ենք այս բաց նամակն ընդունել որպես ձեր հայրենակիցների կոչ, որոնց համար Հայաստանը կա և կմնա Մայր հայրենիք: Ինչպես որ ձեզ է անհրաժեշտ Սփյուռք՝ հեղինակավոր ներկայացուցիչներով, որոնք հայ ժողովրդին հպարտություն կպարգևեն, վստահ եղեք, որ մենք Մայր Հայրենիքում նույնպես կարիք ունենք իրենց պաշտոնի արժանապատվությունը գիտակցող ներկայացուցիչների, որոնցով կհպարտանանք և որոնց կաջակցենք իրենց նախաձեռնություններում: Ավելին, այս դրամատիկ ժամանակահատվածում, երբ մեր նախնյաց հողն արյունալի ագրեսիայի զոհ դարձավ, մեզ անհրաժեշտ են ժողովրդավարական ազգերի համակրանքն ու համերաշխությունը, որոնք հնարավոր է ձեռք բերել միայն համապատասխան վարքագծով:
Ամփոփելով մեր կոչը և հույս ունենալով, որ այն արձագանք կգտնի՝ թույլ տվեք Ռումինիայի հայ համայնքի անունից հաջողություն մաղթել ձեզ ՀՀ քաղաքացիների կողմից վստահված մանդատի շրջանակում:
Վարուժան Ոսկանյան
Ռումինիայի Հայոց Միության նախագահ
Վարուժան Փամբուկչյան
Պատգամավոր