Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի և ՀՀ ղեկավարները ջանք չեն խնայում պատերազմում հաղթելու հնարավորությունը բացառելու. Նունե Հայրապետյան

Օգոստոս 30,2021 17:32

Մեր ապրելը արհավիքից հետո…

Բոլոր պատերազմները արհավիրք են, պատերազմներում կրած բոլոր պարտությունները` շարունակվող, ջլատող ու հյուծող արհավիրք, որը սպառնում է ժողովրդին վերածել հիասթափված, շփոթված, սփրթնած, կորստյան տագնապով ապրող բարոյալքված ամբոխի: Այստեղ անուղղելի կամ անուղեղ լավատեսները պաթոսով նախադասություններ կգրեին հայ ժողովրդի` մոխրից հառնող թռչունի անիմանալի կարողությունների, հերոսներ ծնող հայ մայրերի անկոտրում կամքի և այլնի մասին: Մեզ պատուհասած վերջին պատերազմի ահռելի կորստի մրմուռը շատերին մղում է լռել ու համատարած ինչուների և ինչպես եղավների մեջ փնտրել սեփական մեղքն ու ճակատագրական սխալը:

Անցած օրերի մասին հուշերը, երբեմն, փրկօղակ են դառնում` մեզ հասցնելով օրեր, երբ ներկան ավելի շատ ուրախացնող էր, ապագայի մասին մտքերը խեղդող ու անհասկանալի չէին: Երբ երազանքի երկիր ունեինք, կարող էինք հանկարծ որոշել ու Ստեփանակերտից հասնել Արաքսի ափ, հետևել նրա պղտոր ալիքներին, ափամերձ տարածքներում խաղողայգի տնկող գյուղացու հետ զրուցել: Երբ հայրենիքի ազատագրված մասը հայրենական գործարարների համար սեփական կարողությունը բազմապատկելու հնարավորություն էր, լավագույն դեպքում` ազգովի ծառատունկ անելու տեղ: Իսկ թե որքանով են պաշտպանված դրանք, ինժեներական ինչ ամրություններ ունենք այնտեղ, մեն-միայն բանակի գործն էր: Իսկ վաղը պատերազմ էր:

Անցած տարվա ամռանը Հադրութում հաջողությամբ կորոնավիրուսին էին դիմագրավել, բռնկման օջախները շատ էին, ոչ մի շրջանում այդպես չէր: Հիվանդանոցում նոր` անհետաձգելի բուժօգնության բաժանմունք էր բացվել, շրջանային բուժմիավորման տնօրենը` Արա Երեմյանը պիտի Ստեփանակերտից գար, սպասում էի: Հադրութում չտեսնված շոգ էր, փողոցները` սակավամարդ, Արաքսավան հասնելու մեր ծրագիրն էլ պիտի հալվեր այդ տապի մեջ: Շրջանի ներկաների ու նախկինների, հարուստների ու աղքատների, վերջին համապետական ընտրությունների մասին թեժ քննարկումների ակամա մասնակիցն էի դարձել քաղաքի կենտրոնում, հանրահայտ չինարու շվաքում գործող (թեյա)սրճարանում. տարիներ շարունակ հադրութցիներին ու հյուրերին այդտեղ Մանյա տատն էր ընդունում, նրա մահից հետո դստեր ամուսինն էր նորոգել ու վերագործարկել` նախկին զինվորական Սուրենը. քննարկմանը գրեթե չէր մասնակցում, երբեմն-երբեմն դիպուկ ու կեսկատակ մեկ-երկու նախադասություն էր հնչեցնում (հետո, երբ ընդամենը երկու ամիս հետո նա զոհվեց սրճարանից մի քանի կիլոմետր վերև` իր քաղաքի դարպասները պաշտպանելիս, ես անընդհատ նրա ներողամիտ-ուշադիր հայացքն էի մտաբերում):

Գլխավոր բժիշկը եկավ հիվանդանոցի կիսաբեռնատար մեքենայով, նոր դեղորայքի խմբաքանակով ու վարակի դեմ անհրաժեշտ պարագաներով, հոգնած էր, բայց նախօրոք համաձայնել էր անձամբ ցույց տալ նոր բաժանմունքը ու հենց հասանք հիվանդանոց` հոգնածությունն ասես անէացավ: Բաժանմունքն իսկապես հպարտանալու առիթ էր: Հետո, պատերազմի օրերին, նրա ասած վերջին նախադասությունը ծանր ու ցավեցնող մեխ էր իմ ուղեղում. «Դժվար էր, սա երևի վերջին փորձությունն էր մեզ համար, տեսա՞ր ոնց հաղթահարեցինք: Էլ վախենալու բան չունենք»:

Իհարկե, գիտեր, որ ավելի սպառնացող, քան վարակներն են, աչքը դարերով մեր հողի վրա պահող թուրքն է իր նոր դուրսպրծուկներով: Եվ մշտակա այս վտանգն է, որ առկախ է արցախյան ամեն անկյունի գլխավերևում, ու երբ ժամանակ առ ժամանակ պատերազմն այս հողում այլևս դառնում է իրականություն, նրան հաշվի չառնող ու թիկունքից ծանր շնչող նրա ներկայությունը մերժող մնացած բոլոր «օրախնդիր հարցերը» սխալ ու վրիպած հնչողություն են ստանում: Վերջին հաշվով` բժշկի գործը աչքը սահմանի ամրության վրա պահելը և կամ բանակի արդիականացումը ստուգելը չէր:

Անցել է մեկ տարի, հանրապետության երկու-երրորդը կազմող բնակավայրերը դարձել են էկրանի պատկեր, «ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն»: Հադրութցիների համար Կարմիր շուկայից մի փոքր այն կողմ ավարտվում է մոլորակը: Վերջ: Հետո թշնամին է: Ընդամենը մեկ տարի առաջ դեռ պիտի մի երկու ժամ մեքենայով ճանապարհ կտրեիր` Հադրութի սահմանապահ համայնք` Առաջամուղ հասնելու համար:
80-ամյա տատը նստել է Երևանի հաղթանակի այգում ու խոսում է լրագրողի հետ. «Ես իմ հողի տնքոցն եմ էստեղից լսում»,-ասում է: Իսկ նրա հարյուրամյա տան կորստի մեղավորներն իրար հայհոյելով են զբաղված: Արա Երեմյանը հոսպիտալների հետ տեղից տեղ փոխադրվելուց հետո այժմ կարծեմ Երևանի հիվանդանոցում է աշխատում: Հադրութին առանձնահատուկ հմայք տվող երիտասարդներից շատերը չկան, ողջ մնացածները գլխիկոր են: Ավագները շիվար են, խեղդվում են ծանր հարցականներից. վերջին երեք տարում Ժողովրդին խաղաղության ու համակեցության պատրաստող այս ընտրյալներն ինչպե՞ս պարտության ծուղակը գցեցին բոլորին, ինչպե՞ս հարուստ-աղքատի փոխեցին սեփական ազատության համար տասնամյակների իրենց պայքարը:

Արաքսի ափին համահայկական ներդրումով կառուցված գյուղի` Առաջամուղի գյուղապետ Սուսաննան պատերազմի առաջին օրերին պատերազմ մեկնած որդու «Ջիփ»-ի շարժիչը հանել ու դրանով գյուղի բեռնատարն է գործի գցել, համայնքի բնակիչներին տեղատարափի տակ հանել գյուղից, ինքը վերադարձել գյուղ` դիրքերում որդի ու ամուսին ունեցող կանանց հետ մի քանի օր դիմացել սմերչի ու անօդաչուների ոռնոցի տակ, պատսպարվել պատերի տակ, քանի որ գյուղում ռմբապաստարան ունենալը պետությունը շքեղություն էր համարել: «Մեր ապրելը մեր տեսածից հետո անհավատալի է, անիմաստ բան»,-ասում է:

Ստեփանակերտի ռեստորաններից մեկում վեճ է սկսվել երկու երիտասարդների միջև: Նա, ով, պարզվել է` Մարտակերտից է, ասել է ընտանիքի հետ ընթրող երիտասարդին`«լավ էլ սիրտ ունեք քեֆեր անելու», հադրութցի կինը պատասխանել է. «Եթե հյուրանոցում սարքած կերակուրը պահելու սառնարան, սնունդը պահելու պահարան ունենայինք, մեր տանը հաց կուտեինք». ու հետո նետել է` «Մարտակերտով պիտի մտնեին էն ուժով, որով մեր դռնով մտան, դուք կազմակերպված փախչելու փորձ ունեք, 92-ին ձեր եղած-չեղածը լավ հանել էիք»: Հետո հրմշտոց է եղել, տղաներին անջատել են իրարից: Հետո, արդեն շատ ուշ, պատերազմի ողջ մաղձը ճաշակած երկու երիտասարդները զրույցը շարունակել են այլ տեղում, ծխել են ամբողջ գիշեր, կարողացել վանել այս է քանի տարի իրենց ներսից ջլատող անտես թշնամուն:
Հադրութցիներ կան` հիմնականում տարեցներ ու կանայք, ամիսը մեկ որոշում են մի կերպ հասնել Կարմիր շուկայի սահմաններն ու ոտքով շարժվել դեպի Հադրութ, ինչ էլ սպասելիս լինի այնտեղ, որովհետև Ֆեյսբուքի ու յութուբի միջոցով իրենց տներում էքսկուրսիաներ կազմակերպող թշնամին զզվեցրել է, հուսահատ սպասումն ու նախկին ու ներկա իշխանավորների փոխադարձ հրաձգությունները` առավել ևս:

Արցախի և Հայաստանի ղեկավարները ջանք չեն խնայում այս պատերազմում հաղթելու հնարավորությունը անընդհատ բացառելու, պարտությունը որպես անխուսափելի ավարտ, որպես այլընտրանք չընդունող ելք ներկայացնելու համար: Հայաստանյան` ուղեղում չտեղավորվող իրականությունն ու քաղաքական գզվռտոցները, իրարամերժ բոլոր արդարացումներն ու «ցավոտ» նախազգուշացումներն ի՞նչ վերջնական հանգրվան են պատրաստել սահմանի գյուղացու համար: «Իրատես դառնալու համար պետք է հավատալ հրաշքների»- ասել է Իսրայելի առաջին վարչապետը: Ասել ու գործել է ոչ այնքան վաղ` քսաներորդ դարի կեսին, արյունաքամ ժողովրդից ստեղծել պետություն, համախմբել ժողովրդի` հրաշքի նմանվող ձեռքբերումները, և, որն ամենակարևորն է` ստեղծել ազգային բանակ ու շահել արաբա-իսրայելական առաջին պատերազմը` հաստատելով նորաստեղծ պետության անկախությունը: Ե՞րբ մենք ունեցանք նման առաջնորդ:

Փոխարենը` փայլում ենք պատմությունից դաս չառնելու, ժամանակ առ ժամանակ մեզ պարտադրված փանջունիների ներկայությունը հանդուրժելու, մեր իմաստուն մեծերի մերկապարանոց զգուշացումներն ու դառնագին խոստովանություններն անտեսելու անքննելի ունակությամբ` մերժելով ուղերձներ, որոնք խոր միջնադարից մինչև նախորդ դար հնչեցնում էին պատմահայրը և կամ Անդրանիկ զորավարը: «Զի թագավորդ մերկ է»-ից մինչև` «Եթե մեռնեմ, իմացեք հայի ձեռքով ընկա»-ն… Հիմա կարող ես` բարոն Մյունհաուզենի օրինակով սեփական մազերից քաշելով հանիր քեզ համատարած ճահճից, քանզի քո խեղճ ու անհաղորդ վիճակը ձեռնտու է միայն թշնամուն ու քո իշխանությանը (հայրենադավ, թե մոլորյալ` կարևոր չէ):

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

լրագրող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031