Երեկ Ստեփանակերտում կայացել է երիտասարդ ստեղծագործող Անգելինա Առստամյանի «Անավարտ պատմություն» գրքի շնորհանդեսը։ Վիպակն ինքնատիպ հուշարձան է, որը 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Բեգլարյանի և Անգելինա Առստամյանի սիրո ու նվիրումի մասին է։
Aravot.am-ի հետ զրույցում Անգելինա Առստամյանն ասել է, որ կան պատմություններ, որոնք պետք է մնան միայն իրենն ու Կարենինը, և ինչպես ինքն է ընդգծել՝ հավատում է, որ մահը մարդու վերջը չէ: «Ես հավատում եմ, որ ինչ-որ տեղ նա կա, և ես վստահ եմ, որ իմ կյանքի ավարտից հետո մենք հանդիպելու ենք: Եթե այսօր ես ապրում եմ, ուրեմն առաքելություն ունեմ. ապրում եմ այդ առաքելությունը գտնելու նպատակով»,-ասել է գրքի հեղինակը:
Անգելինան օրագիր է պահում, որն ամեն օր լրացնում է: Իր ելույթում նա ընդգծել է, որ Կարենին կորցնելուց մասին վիպակում ոչ մի նախադասություն չի գրել: Այն մի հատված է Կարենի հետ հանդիպումից մինչև անմահություն, որը թվում է կարճ, բայց կարևոր ճանապարհ էր երիտասարդ արցախուհու համար:
Ելույթներով հանդես եկան «Գրանիշ» հրատարակչության տնօրեն և խմբագիր Հասմիկ Հակոբյանը, բանաստեղծ Սոնա Համբարձումը, բանասիրական գիտությունների թեկնածուներ Զարինե Սառաջյանը, Անի Շիրինյանը, Տաթև Սողոմոնյանը:
Կարդացեք նաև
«Անգելինայի այս կյանքի պատմությունն իրապատում է, որի բոլոր կերպարները, դեպքերը հետաքրքիր ու յուրօրինակ են ներկայացված: Պետք պատկերացնել՝ որքան ծանր է ցավի միջից այսպիսի տողերի ծնունդը, հետևաբար հեղինակին հաջողվել է պատմել, որը, ըստ իս, կհասնի և կձևավոևի ընթերցողների լայն շրջանակ»,-գրքի առաջաբանում գրել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս, բանաստեղծ Սոնա Համբարձումը:
Լռությունն էլ մեծ խորհուրդ ունի ցավոտ պահի մեջ: Այդ լռությունը նաև ձևավորում է մեծ ուժ, որով կարող ես ամուր կառչել հավատից ու սպասել, սպասել միշտ: Անգելինան սպասում է, ամեն օր, բայց վիշտը չի կիսում ուրիշների հետ: «Մարդկանց հետ չեմ կիսում վիշտս ու տխրությունս, կիսում եմ միայն ուրախությունս, երջանիկ ու հետաքրքիր պահերս»,-հավելել է Անգելինա Առստամյանը:
Ընկերների խոսքով՝ Կարենը բացառիկ հայրենասեր էր: Իր անվախ կերպարով օրինակ էր ծառայում զինակից ընկերներին։ Հիմա նրա մասին միայն հպարտությամբ և լավ հուշերով են խոսում։ Կարենիմ սիրով են հիշում ինչպես Անգելինան և ընկերները, այնպես էլ հարազատները:
Մայրը չի կարողանում արցունքները զսպել: Իր Կարեն որդու վերադարձին է սպասում՝ զինվորական հագուստով, փայլող աչքերով, գեղեցիկ նայվածքով:
«Ասում էր՝ մա՜մ, ես կոչումով զինվորական եմ և պարտավոր եմ հավատարիմ լինել ընտրածս մասնագիտությանը: Կարենը չափազանց ուշադիր ու նրբանկատ էր,-պատմում է հերոսի մայրը՝ տիկին Ալինան,-Կարենը տարբեր նախասիրություններ ուներ. նկարում էր, կիթառ նվագում, սպորտով զբաղվում»:
Գրքում ներկայացված է Կարենի ու Անգելինայի կյանքի լուսավոր ու երջանիկ պահերից փոքրիկ հատվածներ: Անգելինայի կարծիքով՝ հայրենի հողը լացով ջրելու հող չէ, և տղաների պատիվը պետք է բարձր պահել:
«Իրականում ես մեր պատմությունը բոլորինը չեմ դարձրել,-ասում է մեր զրուցակիցը, շարունակելով,-ես պետք է շարունակեմ Կարենի գործը։ Իմ ճակատագրին արժանացած բոլոր կանայք պետք է շարունակեն ապրել և ապրեցնել Արցախը, այն Արցախը, որն այսօր կա իրենց ամուսինների արյան շնորհիվ»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Անգելինա Առստամյանը:
Գրքի վաճառքից ստացված հասույթն Անգելինան պատրաստվում է ուղղել որևէ բարեգործական ծրագրի:
Ամիսներ առաջ մի բանաստեղծություն էի գրել, որի մեջ շատ կարճ ժամանակահատվածում գտա Կարենին ու Անգելինային:
Նորից երբ են
բառերը սեր դառնալու նրա
ներկայությամբ,
երբ է ձեռքը սեղմելու իր հրեշտակի,
որի աչքերի կարոտը ծնվել է իրենից առաջ:
Իմ յոթգլխանի երկինք,
քո շուրթերն այնքան շատ են քսվում
ցավերին,
իսկ ամեն ոռնոցդ
խլացնում է սպասման պահի մեջ:
Ես հավաքում եմ նրանց աչքափայլը,
պահում եմ, որ չմրսեն մեր երկրում,
չմրսեն…
Խոսեն, խոսեն… ամեն բան
պատմեն ու աստղերը զգան, որ
ցավը շուտ է ծնվել իրենցից,
ցավը տարիք է առել,
իսկ ինքը՝ չէ:
Անջատեք լույսերը,
թող նա գա իր լույսով,
փարվի սիրելիի շնչառությանը,
որովհետև սերը կա,
ինքը չի հեռանում:
Սիրում է, սիրում է ամեն վայրկյան,
անգամ երազում,
անգամ առանց տեսնելու:
Էլ ձայնը չկա նրա ականջներում,
տաք գիրկը մի բուռ արցունք է դարձել,
և հողը ուզում է սեղմել կրծքին,
որ շշնջա սիրո ամպերի հետ,
որ աչքերն իրենը դարձնի:
Իսկ ով կիմանար,
որ սերն իրենցից առաջ էր ծնվել…
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ