Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական կառավարման համակարգը մեզ մոտ մնում է թանկ եւ ոչ արդյունավետ». Աշոտ Թավադյան

Օգոստոս 30,2021 17:05

Ընթացիկ տարվա արտահանման աճի 23 տոկոս ցուցանիշը՝ Հայաստանի տնտեսության համար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը դրական միտում է համարում՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ, սակայն, նկատում է, որ դա հիմնականում արտաքին գործոնների արդյունք է: Ներքին գործոնները, մասնավորաբար՝ պետական կառավարման համակարգը, մեզ մոտ մնում է թանկ եւ ոչ արդյունավետ:

Հիշեցնենք, Եվրասիական փորձագիտական ակումբը 2015-ից ի վեր տարեկան երկու հետազոտություն է իրականացնում՝ «Հայաստանի տնտեսությունը 2021 թվականի առաջին կիսամյակում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում», թեմայով: Թվով յոթերորդ հետազոտության արդյունքները ներկայացվեցին այսօր, «Արմենպրես» մամուլի սրահում:

2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության իր վերլուծության մեջ փորձագետը գրանցել է առեւտրաշրջանառության աճ․ առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, Հայաստանից արտահանումն աճել է 23,34%-ով (ԵԱՏՄ երկրներ՝ 35,6%-ով)։

«Ռուսաստան արտահանումն աճել է, որովհետեւ այնտեղ պահանջարկը բարձր է: Հայաստանում գունավոր մետաղների հումքի արտահանումը աճել է 47 տոկոս: Մի կողմից դա լավ ցուցանիշ չէ, որովհետեւ ավելացված արժեքի ցուցանիշն այստեղ ցածր է: Բայց արտահանման ծավալն աճել է եւ դա պայմանավորված է նրանով, որ արտաքին շուկայում գունավոր մետաղի մեկ տոննայի, մասնավորաբար պղնձի գինը 6,6 հազարից աճել է 9,5 հազարի: Դրանով է պայմանավորված մեր գեղեցիկ տնտեսական ցուցանիշը: Ծխախոտի ալկոհոլային խմիչքների արտահանման մասով, 2019-ի հետ համեմատ, դեռ կրճատված վիճակ է: Արդեն երկրորդ տարին կրճատվում է թեթեւ արդյունաբերության արտահանումը՝ հասնելով 4,6 տոկոսի։ Այսինքն, կառուցվածքային առումով, մենք դեռ լուրջ խնդիր ունենք եւ եթե ապավինենք միայն արտաքին գործոնների վրա, ապա մեր փոքրիկ տնտեսական նավը կլողա մեծ ալիքների վրա եւ մենք արդյունքի չենք հասնի»,- ասաց Աշոտ Թավադյանը:

Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանում լուրջ խնդիր ունենք տնտեսական կառավարման վերափոխման առումով եւ եթե շարունակենք կառավարել վերջին 20 տարիների նման՝ անընդհատ ասելով, որ դա լավ է, արդյունքի չենք հասնելու: Մանավանդ ներդրումների առումով, «էստի համեցեքով», տնտեսագետը արդյունքներ չի ակնկալում: Գտնում է, որ հարկերի նվազեցման պետք է գնալ՝ առանց մտածելու՝ «բա ծախսերը»: Այս առումով, նա վկայակոչեց պատգամավորների ընթացիկ ծախսերի գումարի հինգ անգամ ավելացումը, որը արդարացված չէ, մինչդեռ այդ գումարները կարելի էր ներգրավել՝ հարկային քաղաքականությունը բարելավելու համար:

Աշոտ Թավադյանն, ի դեպ, նկատեց, որ կառավարության հնգամյա ծրագրում հստակ ցուցանիշներ, նպատակներ, մեխանիզմներ հստակ նշված չեն, ուստի դրա արդյունավետության մասին խոսելն անիմաստ է: Ըստ տնտեսագետի՝ կառավարության անդամների կամ պատգամավորների պարգեւատրումները այս հարցերը չեն լուծում, այլ հարցուպատասխանն ԱԺ-ում վերածում են ուրախների եւ հնարամիտների ակումբի. «Նախարարների աշխատավարձի բարձրացումը չի ազդում նրանց աշխատանքի արդյունավետության վրա։ Պետք է չափորոշիչներ սահմանել, թե ինչպես պետք է վճարվեն պետական ապարատում պարգեւավճարները։ Կառավարության ծրագրում պետք է նշված լինեն նպատակները, մեխանիզմները, մեթոդներն ու միջոցները, իսկ դա մենք չենք տեսնում»:

Ըստ տնտեսագետի` անթույլատրելի է նաեւ հաղորդակցությունների հարցերի քաղաքական լուծման փորձերը։ Նա գտնում է, որ մեզ համար առաջնային պետք է լինեն Հյուսիս-Հարավ միջանցքի եւ աբխազական երկաթուղու գործարկման ուղղությամբ տարվող քայլերը: Նա առաջարկում է, որ վերջին հարցը լուծվի ոչ թե ՌԴ-ի միջոցով, այլ ԵԱՏՄ-ի շրջանակներում՝ հստակ ցույց տալով նաեւ Վրաստանի շահը: Այս դեպքում, նրա կարծիքով, ակնհայտ կդառնա նաեւ ԵԱՏՄ-ի ոչ ֆորմալ կառույց լինելը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031