Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի Տեղ համայնքի բնակիչներից մեկի անասունները՝ 120 գլուխ ոչխար, ադրբեջանցիները գողացել են, սակայն այդ մարդը դեռ շարունակում է վճարել վարկերը

Օգոստոս 30,2021 16:50

Սկսած պատերազմի օրերից՝ մարդիկ չունեին տեղեկություններ իրենց հարազատներից՝ որ ուղղություններով են մասնակցում մարտական գործողություններին, հարազատների առողջական վիճակի վերաբերյալ եւ այլն: Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված առցանց քննարկման ժամանակ, այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Անդրանիկ Եղոյանը:

Այսօր անհայտ կորած անձանց միջազգային օրն է. 44-օրյա պատերազմում դեռեւս ունենք 243 անհայտ կորած:

Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով, անհետ կորած անձանց խնդիրներին առաջին անգամ մեր երկիրն առնչվել է ղարաբաղյան առաջին պատերազմի հետեւանքով, եւ այդքան տարի անց էլ մեր իշխանությունները, պետությունը ջանքեր չգործադրեցին, որպեսզի նոր պատերազմ չլինի. «Որովհետեւ պատերազմի հետեւանքով գերիներ, զոհվածներ, տեղահանվածներ են լինում: Հարց է առաջանում՝ արդյոք համարժեք հետեւություններ արե՞ց մեր պետությունը: Խնդիրը քանակի մեջ չպետք է դիտարկվի, մեկ հոգի էլ լինի՝ պետությունն ունի պարտավորություն, որը պետք է կատարվի: Անհայտ կորածների հարազատների թիվ մեկ խնդիրը տեղեկատվության հայթայթումն է: Մենք բազմիցս նշել ենք, որ անհայտ կորածների խնդիրներով պետք է զբաղվի մասնագիտացված մարմին: Չի կարող ՊՆ-ի ստորաբաժանումը զբաղվել անհայտ կորածների հարցերով, որովհետեւ ակնհայտորեն կա շահերի բախում»,-ասաց պարոն Սաքունցը:

Պաշտպանի օգնականի խոսքով, մարտական գործողություններից հետո այն մարմինները, որոնք պարտավոր են տեղեկություն տրամադրել հարազատներին, իրենց աշխատանքում թերացել են: Ըստ Անդրանիկ Եղոյանի, պաշտպանի գրասենյակը արձանագրել է, որ այդ մարմինները մարտական գործողությունների մասնակիցների հարազատներին ոչ բավարար տեղեկություններ են տրամադրել կամ ընդհանրապես չեն տրամադրել:

Նա անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին, ասաց, որ Ադրբեջանն այն խախտում է: Ըստ նրա, Ադրբեջանը պարտավոր է իր կողմից գերեվարած բոլոր քաղաքացիներին վերադարձնել. «Ադրբեջանը խախտում է բոլոր մարդասիրական նորմերը: Այս ամենի բուն պատասխանատուն հանդիսանում են Ադրբեջանի իշխանությունները, նրանք փաստացի արհեստական ձգձգում են գերիների ու անհետ կորածների ազատ արձակումը, դրանով հանդերձ մեր քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, որ իր անհետ կորած հարազատը գտնվում է գերության մեջ, քանի որ որեւէ հստակ ինֆորմացիա չկա այդ մասին: Ընտանիքի մոտ ողջամիտ կասկած է ձեւավորվում, որ իր հարազատը հնարավոր է գերի է ընկել, ինչը լրացուցիչ տառապանքներ է պատճառում: Սա ադրբեջանական իշխանությունների հատուկ քաղաքականությունն է, որպեսզի մեր հասարակությունում լրացուցիչ լարվածություն ստեղծի»:

Անդրանիկ Եղոյանն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանը կառավարական եւ ոչ կառավարական միջազգային  կազմակերպություններին այս հարցերով բազմիցս դիմել է: Պաշտպանի օգնականը նաեւ ասաց, որ սահմանամերձ համայնքներ այցերի ընթացքում պարզել են, որ խախտվում են մարդկանց իրավունքները. «Սյունիքի մարզի Տեղ համայնքում բնակիչներից մեկի անասունները՝ 120 գլուխ ոչխար, ադրբեջանցիները գողացել՝ տարել են, սակայն այդ մարդը դեռ շարունակում է վճարել վարկերը»:

Ըստ Անդրանիկ Եղոյանի, չնայած նրան, որ ՊՆ-ն հրապարակային հայտարարել է, որ անհայտ կորած աշխատակիցների աշխատավարձը պահպանվում է, պաշտպանի գրասենյակը բողոքներ է ստացել, որ  ՊՆ-ն վարձատրությունը չի տրամադրում, բայց անհետ կորած անձին թողել են կադրերի տրամադրության տակ. «Զինծառայողն անհայտ կորել է, եւ նրա ընտանիքը հայտնվել է սոցիալական խնդիրների առաջ: Մարտական գործողություններին մասնակիցներին, զոհվածների ընտանիքներին, անհետ կորածների հարազատների պետությունը մշտապես պիտի պահի իր ուշադրության կենտրոնում, հոգեբանական աջակցություն տրամադրի: Բայց այս մասով էլ խնդիրներ կան:

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ  շատ լուրջ իրավաբանական խնդիրներ են ծագում այն մարդկանց մոտ, որոնք ունեն անհայտ կորած հարազատներ. «Մարդիկ հրաժարվում են վերցնել մահվան վկայական եւ խնդիրների առաջ են կանգնում, ուստի օրենքի շրջանակներում հնարավոր է այդ հարցերը լուծել՝ միեւնույն ժամանակ մարդկանց օգնելով իրենց հարցերը հասցեագրել ճիշտ ուղղություններով: Սոցիալական խնդիրներ են ծագում. չպետք է մոռանալ, որ շատ մարդիկ կորցրել են իրենց հորը, որը եկամուտ էր ապահովում ընտանիքի համար եւ մարդիկ կտրվել են եկամտից, եւ իրենց երեխաներով հայտնվել են սոցիալական բավականին բարդ իրավիճակում»:

Արթուր Սաքունցի խոսքով՝ որպեսզի մենք պահանջ ներկայացնենք թե՛ միջազգային ատյաններին, թե՛ հակառակ կողմին, պետք է պատշաճ ուսումնասիրենք անհետանալու հանգամանքները, քանի որ դա շատ որոշիչ նշանակություն ունի հետագայում գերու ճակատագրի, փնտրելու համար եւ նոր միայն պահանջներ ներկայացնենք հակառակ կողմին. «Ղարաբաղյան առաջին պատերազմի փորձը ցույց է տալիս, որ այդ պահանջները պետք է ներկայացնել ոչ թե հակառակորդ կողմին, այլ մեր պաշտպանական գերատեսչությանը: ԴՆԹ հետազոտությունը անհրաժեշտ է, բայց դա նույնականացման նպատակ ունի, հանգամանքները բոլորովին այլ են: Կա՞ աշխատանք հակառակորդ կողմի հետ, սա նույնպես հայտնի չէ: Ընդհանրապես տեղեկություն չունենք ռազմագերիների վերադարձի ուղղությամբ ի՞նչ քայլեր են կատարվում, չգիտենք այդ ուղղությամբ կա՞ համագործակցություն, տեղեկատվության փոխանակում եւ այլն, որովհետեւ սա մարդասիրական շրջանակի հարց է, բայց մենք տեսնում ենք, որ սա քաղաքական նպատակներով է շահարկվում: Այս հարցն էլ պետության պարտավորության եւ պատասխանատվության շրջանակում է»:

Ըստ Արթուր Սաքունցի, օրենսդրորեն կարգավորված չէ նաեւ ամենատարրական հարցերից մեկը՝ անհայտ կորածի ֆինանսական խնդիրների հարցը. «Խոսքը վարկային պարտավորությունների մասին է, կամ, եթե երաշխավոր է, ինչպե՞ս է այդ հարցը լուծվում: Կամ անհայտ կորածը աշխատանքային պարտավորությունները չի կարող կատարել, բայց աշխատավարձի պահպանման հարց կա, որպեսզի սոցիալական խնդիրներ չառաջանան: Հոգեբանական աջակցության եւ այլն»:

Պարոն Սաքունցի խոսքով՝ օրենքի բացակայության պատճառով է, որ այս պատերազմի հետեւանքով տուժածների իրավունքների կամ նրանց ընտանիքների սոցիալական աջակցության վերաբերյալ ընդունվող օրենքները խտրականություն են առաջացնում եւ չեն տարածվում Արցախյան առաջին պատերազմում անհետ կորածների վրա. «Նրանք չեն կարող օգտվել այդ սոցիալական փաթեթներից: Սա անպատասխանատու վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031