Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը միջնորդեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնել կամ նվազեցնել դրա չափը

Օգոստոս 30,2021 16:40

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էր դատախազության բողոքն` ընդդեմ  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի կարճման։

Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը ներկայացրեց դատախազության  բողոքը եւ Վերաքննիչ դատարանին միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատարանի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովին եւ 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանին արդարացնելու որոշումը եւ քրեական գործն ուղարկել դատարան` նոր քննության:

Դատախազի՝ բողոքը ներկայացնելուց հետո, բողոք ներկայացրեց նաեւ պաշտպանական կողմը։ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց վերացնել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կամ նվազեցնել դրա չափը։

2020 թվականի հունիսին դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Խուդոյանը նշեց, որ  300.1 հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցվել է,  եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշված խափանման միջոցը որոշելու պատճառների մեծ մասը վերացել է: Խուդոյանը նշեց՝ վարույթին խոչընդոտելու ռիսկն, ըստ դատարանի որոշման, չի նվազել եւ շարունակում է առկա լինել։

Մինչ այս, պաշտպաններից Հայկ Ալումյանը (լուսանկարում) հետաքրքրվեց՝ եթե դատախազությունը միջնորդում է գործն ուղարկել նոր քննության՝ առաջին ատյանի դատարան, ենթադրվում է, որ գործը պետք է գտնվի Վերաքննիչ դատարանում, բայց նախորդ դատական նիստում առաջին ատյանում պարզեցինք, որ գործը դեռ գտնվում է առաջին ատյանի դատարանում․«Որտե՞ղ է գտնվում է գործը, արդյոք այն Վերաքննիչ դատարանում է։  Մի գործը չի կարող միաժամանակ երկու դատարաններում գտնվել։

Նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը հայտնեց՝ գործը գտնվում է առաջին ատյանի դատարանում, Վերաքննիչ դատարանին են ուղարկել բողոքների հետ հավելված, գործի այն նյութերը, որոնք վերաբերելի են այս բողոքին։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն էլ պարզաբանեց՝ գործով բողոքը քննվում է Վերաքննիչ դատարանում։

Իսկ դատախազ Պետրոս Պետրոսյանը հավելեց՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել մեղադրանքի մի մասով, գրել է, թե որ մասով է քրեական գործը կարճել եւ այդ մասով գործը  գտնվում Վերաքննիչ դատարանում։  Ըստ Պետրոսյանի՝ այս տեխնիկական հարցերը Վերաքննիչ դատարանում քննելու հարց չէ։

Կողմերի բողոքները լսելուց դատարանը որոշեց բողոքների քննությունը շարունակել  սեպտեմբերի 15-ին, ժամը 10։30-ին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031