Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական փորձագիտական ակումբը կանխատեսում է Հայաստանի տնտեսության 6,5-7 % աճ. Թաթուլ Մանասերյան

Օգոստոս 30,2021 16:31

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի նոր կառավարությունն ավելի լուրջ ուշադրություն կդարձնի գիտության զարգացման ֆինանսավորմանը: Սա ուղղակի վճռական նշանակություն կունենա Հայաստանի տնտեսության համար»,- այսօր «Արմենպրես» մամուլի սրահում կայացած մամուլի ասուլիսում ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Հիշեցնենք, Եվրասիական փորձագիտական ակումբը 2015-ից ի վեր տարեկան երկու հետազոտություն է իրականացնում՝ «Հայաստանի տնտեսությունը 2021 թվականի առաջին կիսամյակում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում», թեմայով: Թվով յոթերորդ հետազոտության արդյունքները ներկայացվեցին այսօր:

Թաթուլ Մանասերյանը կարեւոր է համարում նաեւ Հայաստանի ենթակառուցվածքների մեջ ներդրումները եւ այն կարծիքին է, որ առանց կապիտալ ծախսերի աճի՝ զարգացման ակնկալիքներ չենք կարող ունենալ: Հայաստանի տնտեսությունում, 2012 թվականի դրական դինամիկան հորդորում է չվերածել էյֆորիայի եւ նայել նաեւ «մեդալի հակառակ կողմը» եւ չմոռանալ, որ 2021-ի առաջին կիսամյակում ՀՆԱ-ի անկում է տեղի ունեցել՝ 3,3 տոկոսով, իսկ անցյալ տարվա համեմատ ՀՆԱ-ն կրճատվել է 34,8 տոկոսով, ինչը անհանգստացնող ցուցանիշ է:

Տնտեսական ակտիվությունն առանձին ոլորտներում, մասնավորաբար, գյուղատնտեսությունում, բանախոսը պայմանավորում է բնակլիմայական դրական վիճակով, ինչը հնարավորություն է տվել լավ արտադրանք ապահովել եւ արտահանման տեմպերն ավելացնել: «Զգույշ պետք է վերաբերվել աշխատատեղերի ավելացմանը. շատ լավ բան է, բայց մենք պետք է հիշենք, որ անցյալ տարի տասնյակ հազարներով՝ հարյուր հազարից ավել, աշխատատեղեր են կրճատվել: Դրական տենդենցները նշելիս՝ պետք է հաշվի առնենք, որ երբ խոսում ենք տնտեսական աճի մասին եւ եթե անգամ մենք 10 %-ից ավելի տնտեսական աճ ունենանք, մենք պետք է հանենք անցյալ տարվա անկումային գործակիցը, որպեսզի իրատես լինենք: Չենք կարող ասել, որ արձանագրված թվերն ամբողջովին տնտեսական աճ են»: Նրա խոսքով՝ Հայաստանում պետք է օգտագործել «վերականգնողական աճ» հասկացությունը եւ կարեւորեց, որ այն ուղղորդված բնույթ ունենա, ոչ թե տարերային:

Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ վերականգնվող էներգետիկայի զարգացմանը պետք է լուրջ ուշադրություն դարձնել, քանի որ այն Հայաստանի, հատկապես Արցախի Հանրապետության ապագան է. «Արցախը պետք է ունենա ավտոնոմ ռեժիմով սնուցվող էներգետիկ համակարգեր, որոնցից մեկը արեգակնայինն է: Չմոռանանք, որ թշնամու թիրախի տակ հենց Արցախի էներգետիկ համակարգերն են»:

Խոսելով ակնկալիքների մասին էլ, բանախոսը նկատեց, որ Հայաստանի տնտեսության համար Եվրասիական փորձագիտական ակումբի դրական կանխատեսումները համընկնում են միջազգային կանխատեսումներին: ՀԲ-ի կողմից ԵԱՏՄ բոլոր երկրների համար կանխատեսված է 3,8-4% ՀՆԱ-ի աճ, մինչդեռ անցյալ տարի 2,9 % անկում էր: «Միայն Բելառուսի տնտեսությունը կզարգանա 3 %, քանի որ Բելառուսի տնտեսությունն իր առանձնահատկություններն ունի: Մենք կանխատեսում ենք Հայաստանի տնտեսության 6.5-7 % աճ, որը, ցավոք սրտի, չի կոմպենսացնի 8 % անկումը, որը անցյալ տարի է գրանցվել»,- ասաց Թաթուլ Մանասերյանը՝ չբացառելով, որ հանրապետությունում ավելի բարձր տեմպեր էլ գրանցվի, որը բոլորն են ցանկանում: Ըստ բանախոսի, տնտեսական աճը զսպող սպառնալիքներ էլ կան, որից մեկը գնաճն է, որի դեմ համակարգված գործողություններ են անհրաժեշտ. «ԿԲ-ն գնաճի համար պատասխանատու չէ, այլ գների կայունացումն է ապահովում, իսկ գնաճը զսպելու համար անհրաժեշտ է համակարգված գործողություններ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՊԵԿ-ի և ԿԲ-ի միջեւ՝ գերշահույթները հարկելով»:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի պետական բյուջեում տնտեսական աճը 2021թ. սահմանված է 3,2%, իսկ արժեզրկումը` 4%: Հայաստանի Կենտրոնական բանկը հունիսի կեսին բարելավեց երկրի տնտեսական աճի իր կանխատեսումը մինչեւ 4,6%: Համաշխարհային բանկը կարծում է, որ 2021թ. մեր տնտեսությունը կաճի 3,4%, իսկ 2022թ.-ին` 4,3%: Արժույթի միջազգային հիմնադրամը ակնկալում է, որ 2021թ. Հայաստանի տնտեսությունը կաճի 1%: Առաջատար միջազգային տարբեր կառույցների կանխատեսումները 2,5%-ից 4,5%ի շրջանակներում են: Այս ցուցանիշները բանախոսը կարեւորում է՝ դրական միտումների տեսանելիության առումով, մանավանդ, որ ներդրողները դրանք հաշվի են առնում:

Միջազգային կառույցները դրական կանխատեսումներ ունեն նաեւ Ռուսաստանի Դաշնության տնտեսության մասով, ինչը կրկնապատկում է Հայաստանի զարգացման հնարավորությունները՝ նկատի ունենալով ԵԱՏՄ շրջանակներում ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները: Հիշեցնենք, Արժույթի միջազգային հիմնադրամը կարծում է, որ 2021թ. Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 4,4%:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031