Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը ներկայացրեց ընդդեմ Քոչարյանի գործի կարճման բողոքը․«ՍԴ որոշմամբ՝ նորմը դադարեց գոյություն ունենալ, արարքը՝ ոչ․ գործն ուղարկել նոր քննության»

Օգոստոս 30,2021 15:46

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էր դատախազության բողոքն՝ ընդդեմ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի կարճման։

Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը (լուսանկարում) ներկայացրեց դատախազության բողոքը եւ Վերաքննիչ դատարանին միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատարանի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովին եւ 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանին արդարացնելու որոշումը եւ քրեական գործն ուղարկել դատարան` նոր քննության:

Բաղդասարյանի ներկայացմամբ՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ի հայտ է եկել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները վերաորակելու խնդիր, որովհետեւ նրանց արարքները համապատասխանում են Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությանը․«Այդ խնդիրն առաջացել է բացառապես Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որովհետեւ որքան էլ շահարկված լինի դատավարական եւ արտադատավարական մակարդակներում, արարքի որակումը կանխատեսումներով չէ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի  որոշմամբ պայմանավորված, արարքի որակումներն ունեն կանոններ՝ եթե առկա է հատուկ նորմ, արարքը պետք է որակվի հատուկ նորմով։ Ընդհանուր նորմով վերաորակելու անհրաժեշտություն եւ պարտադիր պահանջ առաջանում է այն դեպքում, երբ հատուկ նորմ այլեւս չկա»։

Դատախազի խոսքով՝ անհրաժեշտություն կա հակափաստարկելու նրանց, ովքեր կարծում են, որ այդ վերաորակումն ավելի շուտ կարող էր լինել, եւ պարտականություն՝ հատուկ հակափաստարկներ նրանց, ովքեր կարծում են, որ առկա որակման պայմաններում ՍԴ որոշումից հետո արարքի վերաորակում տեղի ունենալ չէր կարող։

ՍԴ որոշմամբ նորմը, որով նախատեսված հանցագործությունը մեղսագրվում էր ամբաստանյալներին, դադարեց գոյություն ունենալ, բայց չդադարեց գոյություն ունենալ այդ արարքը, որը կատարվել է, որը նկարագրված է իրենց մեղադրանքներում: Այդ արարքները այդ նկարագրությամբ կարող են որակվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով։

Դատախազության բողոքի ներկայացման ժամանակ տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը լքեց դատարանի նիստերի դահլիճը՝ զբաղվածության պատճառաբանությամբ։

Բողոք ներկայացրեց նաեւ պաշտպանական կողմը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031