Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀԿ-ն Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է ոչ թե Արթուր Վանեցյանի հետ կազմած «Պատիվ ունեմ» դաշինքով, այլ միայնակ։ ՀՀԿ-ն արդեն ունի քաղաքապետի իր թեկնածուն, ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ղուկասյանն է։
Նշենք, որ Արտյոմ Ղուկասյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել 2007թ. մայիսի 12-ին՝ համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։
Արտյոմ Ղուկասյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ Գյումրու քաղաքապետարանում, եղել է նաև ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման տնօրենի տեղակալը։
Կարդացեք նաև
Արտյոմ Ղուկասյանի հետ աշխատանքային հարաբերություններ ունեցած անձինք նրան բնութագրում են որպես հավասարակշիռ, աշխատակիցների նկատմամբ հարգալից, քաղաքակիրթ վերաբերմունք ունեցող անձնավորության։ Ի դեպ, նրա կինը բժշկուհի է, Ղուկասյանը զերծ է քրեական աշխարհի հետ կապերից։
ՀՀԿ Գյումրիի շրջանային կազմակերպության կազմակերպիչ-համակարգող Նարեկ Միրզոյանը հաստատեց Aravot.am-ի տեղեկությունը՝ հավելելով, որ օրերս ՀՀԿ Գյումրի շրջանային կազմակերպության խորհրդի ղեկավար է ընտրվել Արտյոմ Ղուկասյանը՝ Սուքիաս Ավետիսյանի փոխարեն:
«ՀՀԿ Գյումրու շրջանային կազմակերպությունը որոշել է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել սեփական դեմքով ու ցուցակով, այսինքն՝ մասնակցելու ենք առանձին, դաշինքով չենք մասնակցելու։ Ցուցակը գլխավորելու է ՀՀԿ Գյումրի շրջանային կազմակերպության խորհրդի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ղուկասյանը։ Ցուցակում տեղ զբաղեցնող անձանց անունները կհրապարկենք առաջիկայում, այս պահին դեռ քննարկման փուլում է, ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ ենք»,-տեղեկացրեց Նարեկ Միրզոյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ