Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն, տեսանելի հեռանկարում, շարունակելու է մնալ Հայաստանի քաղաքական, ռազմական եւ տնտեսական դաշնակիցը». Արամ Սաֆարյան

Օգոստոս 30,2021 15:26

2020 թվականին, Արցախում պատերազմով եւ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, Հայաստանի տնտեսությունն արձանագրել է 8 տոկոսից ավելի հետընթաց, ինչը էապես բարդացրել է հասարակության սոցիալ-տնտեսական վիճակը: Սակայն, 2021 թվականի առաջին կիսամյակում, Հայաստանի տնտեսությունը «վերականգնողական աճի էական տեմպեր» է արձանագրել, ինչը լավատեսություն է ներշնչում: Այս մասին, այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
Եվրասիական փորձագիտական ակումբը 2015-ից ի վեր տարեկան երկու հետազոտություն է իրականացնում՝ «Հայաստանի տնտեսությունը 2021 թվականի առաջին կիսամյակում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում», թեմայով: Թվով յոթերորդ հետազոտության արդյունքներն այսօր ներկայացվեցին «Արմենպրես» մամուլի սրահում:

Հետազոտության արդյունքներով՝ մայիսի համեմատ, հունիս ամսին, տնտեսությունում դրական տեղաշարժերը կրում են առաջանցիկ բնույթ եւ փաստում են տնտեսության վերականգնման դինամիկան. «Տնտեսության համարյա բոլոր ճյուղերում մենք արձանագրում ենք վերականգնողական աճ, զարգացումներ, որոնք ունեն շարունակական միտում եւ հույս ունենք, որ այդ աճը դրական ազդեցություն կունենա մեր տնտեսության ու հասարակության վրա»: Ըստ Արամ Սաֆարյանի, հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար բացառիկ հնարավորություններ են բացվել, քանի որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հիմնական գործընկերներ Ռուսաստանն ու Ղազախստանը արձանագրում են այնպիսի վերականգնողական աճ, որ 2021 թվականի երկրորդ կիսամյակում նրանց տնտեսությունը վերադարձել է նախապանդեմիկ շրջանի ցուցանիշներին: Այսինքն, ՌԴ-ն եւ Ղազախստանն, ըստ մասնագետների, դուրս են եկել կայուն զարգացման ուղի:

«ԵԱՏՄ շուկաների առանձնահատկությունն այն է, որ դրական ազդակները ավելի արագ ու ավելի մեծ չափով իրենց վրա զգում են փոքր տնտեսությունները, ինչպիսիք են Հայաստանի եւ Ղրղըզստանի տնտեսությունները, մի փոքր ավելի դանդաղ մեծ տնտեսությունները՝ ՌԴ-ն ու Ղազախստանը: Այնպես որ, այն 2-3 տոկոսանոց աճը, որը կունենա ՌԴ տնտեսությունը 2021 թվականին, եւ Ղազախստանի տնտեսության ակնկալվող աճը լիուլի բավական է նրա համար, որպեսզի մենք, կենտրոնացնելով մեր հնարավորությունները, գտնելով համագործակցության ու փոխգործակցության նոր հնարավորություններ, կարողանանք ավելի առաջանցիկ տեմպերով առաջ տանել մեր տնտեսական զարգացումը»,- վստահ է բանախոսը:

Արամ Սաֆարյանը նաեւ ավելացրեց, որ այս ամենում շատ բան է կախված լինելու կառավարության կարողությունից՝ համախմբել բիզնեսը եւ հասարակությունը զարգացման խնդիրների շուրջ. «Միջազգային խոշոր կազմակերպությունները Հայաստանի համար կանխատեսում են 4,5 տոկոս զարգացման ցուցանիշ տարվա կոտրվածքով: Այս իրավիճակում, հնարավոր են տնտեսական զարգացման տեմպեր, որոնք աննկատ կմնան հասարակության համար, իսկ մեզ հարկավոր են այնպիսի տեմպեր, որոնք հասարակության համար կլինեն զգալի եւ կնպաստեն սոցիալական զարգացման ընդհանուր խնդիրներին: Այդպիսի տեմպեր, միջազգային ասպարեզում գնահատում են 6 եւ ավելի տոկոսը: Եթե մենք ի վիճակի լինենք, ասենք, 2023 թվականի համար ապահովել 7 տոկոս եւ այդպիսի զարգացում կարողանանք ապահովել 7-8 տարի, ապա ընդամենը 8 տարի հետո ՀՀ ՀՆԱ-ն կկարողանանք կրկնապատկելու եւ դուրս կգանք միջին զարգացած երկրների շարքից՝ անցնելով զարգացող երկրների շարքը: Բայց դրա համար հարկ է գործադրել շատ մեծ ջանքեր: Պատրա՞ստ է արդյոք մեր հասարակությունը, պատրա՞ստ է մեր քաղաքական վերնախավը եւ կառավարությունը՝ այնպիսի ջանքեր գործադրել, որ մենք ոչ միայն կարողանանք վերականգնել 2019 թվականի տնտեսական զարգացման ցուցանիշները, այլեւ առաջ անցնել եւ ապահովել կայուն զարգացում՝ տեսանելի միջնաժամկետ հեռանկարում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է գտնի կառավարությունը եւ հասարակությունը, քանի որ միայն կառավարության հայտարարությունները քիչ են: Հասարակությունը պետք է կարողանա համախմբվել: Հիմա, այդպիսի հնարավորություն ընձեռված է»,- ասաց Արամ Սաֆարյանը:

Պաշտոնական ցուցանիշները, ըստ որոնց Հայաստանից արտահանման տեմպերը գերազանցում են ներկրման տեմպերին, ըստ Արամ Սաֆարյանի, հաստատում է Եվրասիական փորձագիտական ակումբի հետազոտությունների արդյունքում մշտապես առաջ մղված թեզը եւ կանխատեսումը, որ մեր երկրից պատրաստի արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ շուկա, նպատակահարմար է: Ակումբի փորձագետները համոզված են, որ այդ ծավալը հնարավոր է մեծացնել:

«ՌԴ-ն, տեսանելի հեռանկարում, շարունակելու է մնալ Հայաստանի քաղաքական, ռազմական եւ տնտեսական դաշնակիցը: Ռուսական ներդրումները Հայաստանում շարունակում են մնալ ամենամեծը, Հայաստանից ՌԴ գնացող պատրաստի արտադրանքը ամենամեծն է: ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանից դեպի ՌԴ արտահանման տոկոսը ամենամեծն է, եթե անցած տարի 25 տոկոս էր, այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ 27 տոկոս է»,- ասաց Արամ Սաֆարյանը՝ ի հավաստումն իր համոզմունքի, եւ հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները պետք է ակտիվացնեն ՌԴ-ի հետ տնտեսական կապերի ընդլայնումը, մասնավորաբար, ծանր եւ վերամշակող արդյունաբերության, քիմիական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում:

Ի դեպ, ըստ հետազոտության, այս տարվա կտրվածքով, ՌԴ-ից ՀՀ եկող տրանսֆերտները կկազմեն ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսը, ինչը մեր տնտեսության համար բավական մեծ թիվ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031