«Խիստ անորոշ մեղադրանք է, որի պայմաններում մենք մեր կոնվենցիոն և սահմանադրական իրավունքներն իրացնել չենք կարող»,- Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման և 62 ՀՀ անձանց գերեվարման համար մեղադրվող փոխգնդապետ Արսեն Ղազարյանին առաջադրված մեղադրանքի ներկայացմանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Փաստաբանը մանրամասնեց՝ մեղադրանքում այսպես ասած հանցանքների փունջ է ներկայացված. օրինակ՝ հրաման չկատարել, մարտական դիրքերը թողնել, զենքի գործադրումից հրաժարվել և այլն: Փաստաբանը վստահեցրեց. «Արսեն Ղազարյանը երկարատև փորձ ունեցող սպա է՝ անցած սխրանքների միջով: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում այն եզակի անձանցից է, որոնք 14 օր շարունակ պայքարել են Ջրականում: Այնտեղ անգամ մեկ ժամ չէին կարողանում դիմանալ, իսկ իր ենթակա ստորաբաժանումների հետ 14 օր դիմակայել է: Իսկ հիմա մեղադրում են այս անձին, որ հրաժարվել է զենք գործադրել»:
Վահան Հովհաննիսյանը նշեց՝ Արսեն Ղազարյանի մեղադրանքի դեպքում վարույթն իրականացնող մարմինը հեռացել է մեղադրանքի որոշման առաջադրման գործող կարգից: Այս առիթով մանրամասնեց. «Նկարագրված է մեղադրանքի որոշմամբ մի ամբողջ իրադարձություն՝ սկսած այն պահից, երբ իր ստորաբաժանման հետ գտնվել է Հին թաղերի և Խծաբերդի հատվածում մինչև նրանց տակտիկական նահանջի պահը: Վերջում տրված է արարքների քրեաիրավական որակումը, որից պարզ չէ, թե մենք ինչի դեմ պիտի պայքարենք: Մեղադրանք է առաջադրվում հրամանը չկատարվելու դրվագով, չգիտենք՝ կոնկրետ որ հատվածին է մեղադրանքը վերաբերում»:
Մանրամասնելով մեղադրանքը՝ Վահան Հովհաննիսյանը մեջբերումներ կատարեց. «Մեղադրանքում նշված է՝ Արսեն Ղազարյանը չի կատարել իր անմիջական պետից՝ զորամասի հրամանատարից ստացած հրամանը՝ չլքել մարտական գործողությունների վայրը և կազմակերպել շրջանաձև պաշտպանություն: Թվում է՝ ամեն ինչ նորմալ է, և պետք է իրականացներ շրջանաձև պաշտպանություն և մնար մարտական դիրքերում: Բայց հետո նույն մեղադրանքում նշված է՝ Արսեն Ղազարյանը չի կազմակերպել իր ենթակա անձնակազմի 62 զինծառայողների նահանջը, որի հետևանքով նրանք գերեվարվել են: Հիմա հասկանալի չէ՝ Արսեն Ղազարյանն ի՞նչ աներ. պետք է նահանջե՞ր, թե՞ պաշտպանվեր մարտական դիրքերում, փոխգնդապետն, ի վերջո, ի՞նչ պիտի աներ, ինչի՞ համար է մեղադրանք առաջադրվում նրան՝ նահանջելո՞ւ, թե՞ ոչ: Չունենք այս հարցի պատասխանը»:
Կարդացեք նաև
Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ պատերազմից հետո՝ դեկտեմբերին, Արսեն Ղազարյանն իր ենթակա շուրջ 100 անձից կազմված զորամիավորմամբ մեկնել է Հին թաղերի ու Խծաբերդի հատված, ու տեղաբաշխվել են՝ ըստ վերադասի հրամանի։ Տեղաբաշխումից հետո ենթակա ստորաբաժանման հետ կապը կտրվել է: Արսեն Ղազարյանը մի խմբի հետ գտնվել է այդ գյուղերի հատվածներում, իսկ այդ 62 անձն ավելի բարձր դիրքերում, սակայն նրանց միջև կապը կտրվել է, քանի որ Արսեն Ղազարյանին տրվել են կապի միջոցներ, որոնք կարճալիք են եղել։ Փաստաբանը շարունակեց. «Բուն մարտական գործողությունները՝ Խծաբերդի ու Հին թաղերի վրա հարձակումը եղել են դեկտեմբերի 13-ին։ Ու այստեղ ունենք շատ կարևոր հանգամանք, որի վրա վարույթն իրականացնող մարմինն ուշադրություն չի դարձնում. պատահականորեն դեկտեմբերի 13-ին հայկական կապի օպերատորները բջջային կապն անջատում են տվյալ տարածքում, և եթե մինչ այդ գոնե բջջայինով հնարավոր է եղել կապ հաստատել ենթակա ստորաբաժանման հետ, ապա հարձակման օրը բջջային կապ առկա չի եղել: Հիմա հարց՝ Արսեն Ղազարյանն ունի՞ այն հնարավորությունները, որ կարողանա հանձնարարել անջատել կապի օպերատորներին: Այստեղ է, որ թաքնված է շան գլուխը և վարույթն իրականացնող մարմինը պարզի՝ ինչպե՞ս ադրբեջանական զորքի հարձակման օրը կապն անջատվեց, և հնարավոր չեղավ իրականացնել պատշաճ պաշտպանություն: Արսեն Ղազարյանն ու իր անձնակազմը միայն ինքնաձիգներով է եղել և ադրբեջանական «Յաշմա» ստորաբաժանումը՝ մինչև ատամները զինված 300-500 հոգի, հարձակվել էին իրենց վրա: Արսեն Ղազարյանը տևական ժամանակ պաշտպանություն է իրականացրել մինչև վերջին փամփուշտը, որից հետո նահանջել են ավելի բարենպաստ դիրքեր, որի համար էլ նրան մեղադրանք է առաջադրված»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ