ՀՀ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում
համերաշխության վերականգնման մասին» օրենքը, փաստորեն, կրում է դեկլարատիվ բնույթ կամ հայեցողական կերպով է կիրառվում:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, քրեական գործերով հայտնի Գայանե Գրիգորյանն ընտանեկան բռնության մի գործով իր առարկությունները ներկայացնելիս խնդրի մի կողմին էլ է անդրադարձել, ինչը հաճախ դուրս է մնում նման գործերով նախաքննություն իրականացնող մարմնի ուշադրությունից. իրենց մասնագիտական պարտականությունները կատարող հոգեբանների, ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ կատարվածը:
Տուժող Ռուֆինա Մավրինայի գործով, ըստ փաստաբանի. «Նախաքննության ընթացքում չի հարցաքննվել Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի աշխատակից Ա. Սարգսյանը, որը այդ միջադեպի ամբողջ ընթացքում գտնվել է Ռուֆինա Մավրինայի կողքին եւ կարող է էական նշանակություն ունեցող հանգամանքներ հայտնել: Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվում է նաեւ, որ միջադեպին ներկա գտնվող «Ժեստ» հոգեբանական կենտրոնի աշխատակիցներ Ա. Մեհրաբյանը եւ Լ.Գրիգորյանը իրենց ցուցմունքներում հաստատել են, որ պարտապանի մայրը եւ հայրը քաշքշել եւ մարմնական վնասվածքներ են պատճառել ինչպես երեխային, այնպես էլ Ռուֆինա Մավրինային, այնուհետեւ բանալիով ներսից կողպել են դուռը՝ իրենց ապօրինի կերպով զրկելով ազատությունից: Իսկ պարտապանը քաշքշել է երեխային եւ Ռ. Մավրինային: Նախաքննական մարմինը չի հարցաքննել միջադեպին մասնակից՝ դատարանի որոշման կատարումն ապահովելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակցին, որը նշել է, որ պարտապանը եւ նրա ծնողները քաշքշել են նաեւ հոգեբան Ա. Մեհրաբյանին, ով ընդամենը իրականացրել է իր աշխատանքը, ինչպես նաեւ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին, միջադեպին ներկա գտնվող եւ արձանագրությունը ստորագրած՝ Ս. Ավետիսյանին եւ Ս. Ավացյանին»:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.06.2019թ. տրված կատարողական թերթի համաձայն՝ անչափահաս երեխայի բնակության վայր է սահմանվել մոր` Ռուֆինա Մավրինայի բնակության վայրը: 24.06.2019թ. ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ալիմենտի բռնագանձման բաժնում հարուցվել է կատարողական վարույթը, նույն օրը կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշում:
Կարդացեք նաև
27.06.2019թ. հարկադիր կատարողը կայացրել է որոշում «Փորձագետ նշանակելու մասին», որով ներգրավվել է փորձագետ (հոգեբան)` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատարողական թերթի պահանջի կատարումը կարող է առիթ հանդիսանալ երեխայի հուզահոգեբանական այնպիսի երեւույթների դրսեւորմանը, որոնք կարող են չբխել «երեխայի լավագույն շահերից»: 27.06.2019թ. կատարողական թերթի պահանջը կատարելու նպատակով ձեռնարկվել են կատարողական գործողություններ պարտապանի հասցեում, որի ընթացքում վերջինիս ծնողները վիճաբանել են, մարմնական վնասվածքներ են պատճառել Ռուֆինա Մավրինային, երեխային եւ հոգեբանական տառապանք են պատճառել վերը նշված անձանց, տեւական ժամանակ ապօրինի զրկել են դատական ակտը կատարելու նպատակով տուն այցելած անձանց, այդ թվում՝ Ռուֆինա Մավրինային եւ երեխային ազատությունից, այդ լարված իրավիճակի արդյունքում կատարողական գործողությունները դադարեցվել են եւ կազմվել է համապատասխան արձանագրություն, որում շարադրվել են նույն օրը տեղի ունեցած միջադեպի մանրամասները:
Ռուֆինա Մավրինան ՀՀ ոստիկանության Ավան եւ Նոր Նորք բաժնի Ավանի բաժանմունքում ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին այն փաստի առթիվ, որ նախկին ամուսինը, նրա հայրը, մայրը իրեն եւ ներկա գտնվողներին մի քանի ժամ ապօրինի կերպով ազատությունից զրկել են, հասցրել են մարմնական վնասվածքներ, վիրավորել եւ սպառնացել են: 2019թ. հուլիսի 11-ին հարուցվել է թիվ 17862319 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում Մավրինան ճանաչվել է տուժող եւ իր ցուցմունքով հայտնել, որ պարտապանին պատկանող բնակարան մուտք գործելուց հետո վերջինիս ծնողները ձեռքերով քաշքշել են իր եւ երեխայի ձեռքերից եւ մարմնի տարբեր մասերից` պատճառելով մարմնական վնասվածքներ, ֆիզիկական եւ հոգեբանական տառապանք, ցավ:
Բռնության օրը, օրվա երկրորդ կեսին, երբ երեխան իր գրկում է եղել, խոհանոց է մտել պարտապանը, ցանկացել է իր ձեռքից վերցնել երեխային, ինչին ինքը դիմադրել է, սակայն նա քաշքշել է Ռ. Մավրինայի ձեռքերից, կոնքային հատվածներից, մարմնական վնասվածքներ է պատճառել նրան եւ երեխային, նաեւ ձեռքի արմունկով հարվածել է Ռ. Մավրինայի գլխի ճակատային հատվածին, որից նույնպես վերջինս զգացել է ֆիզիկական ցավ եւ ստացել է մարմնական վնասվածքներ: Այդ ամբողջ ժամանակահատվածում երեխան վախից եւ ցավից գոռացել եւ լացել է: Ըստ փաստաբանի. «Միջադեպին ներկա գտնվող ոստիկանության աշխատակիցները, որոնց ներկայությունը ապահովվել է դատական ակտի անխոչընդոտ կատարումը ապահովելու նպատակով, մատնվելով անգործության՝ որեւէ միջոց չեն ձեռնարկել միջադեպը կանխելու եւ դատական ակտի կատարումը ապահովելու նպատակով: Ստեղծված իրավիճակից Ռ. Մավրինան ուշագնաց է եղել, ինչը արձանագրվել է շտապ բժշկական օգնության բրիգադայի կողմից, քրեական գործում առկա են այդ փաստերը ապացուցող նյութեր»:
Կատարվածի վերաբերյալ նախաքննության ընթացքում ոստիկանների հետ առերես հարցաքննություն է տեղի ունեցել:
Ոստիկանները, ովքեր այդ օրը ամբողջ բաժնով գտնվել են պարտապանի բնակարանում, հայտարարել են, թե տուժողին որեւէ մեկը այդ օրը բռնության չի ենթարկել: Հարց է ծագում. այդ դեպքում ողջ բաժինն ինչ «արարողակարգի» է մասնակցել: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ հաստատվել է տուժողի մարմնի վրա բազմաթիվ մարմնական վնասվածքների առկայությունը:
02.10.2019թ.-ին Ռուֆինա Մավրինան ստացել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռ.Ղարիբյանի 30.09.2019թ. կայացված որոշումը, որով քրեական գործով վարույթը կարճվել է եւ քրեական հետապնդումը դադարեցվել է «ապացույցների բավարար համակցություն» ձեռք չբերվելու հիմքով` արարքում հանցակազմի բացակայության պատճառով: Քննիչի կողմից կայացված ապօրինի որոշումը Ռուֆինա Մավրինան բողոքարկել է վերադաս դատախազին` գործի նյութերում առկա փաստերը բավարար չափով չուսումնասիրելու եւ գնահատման չարժանացնելու հիմքով` խնդրելով վերացնել որոշումը:
14.10.2019թ. Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազի կողմից Ռ. Մավրինայի բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Ռ. Մավրինան Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել բողոք, խնդրելով՝ բողոքը ճանաչել հիմնավորված, որոշում կայացնել իր իրավունքների եւ ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին, այն է` վերացնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Ղարիբյանի 30.09.2019 թ. թիվ 17862319 քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին անհիմն որոշումը: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 27.12.2019թ.-ին կայացրել է որոշում, համաձայն որի՝ Ռուֆինա Մավրինայի 2019թ. նոյեմբերի 1-ի բողոքը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Ղարիբյանի 2019թ. սեպտեմբերի 30-ի քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ բավարարվել է՝ պարտավորեցվել է վարույթն իրականացնող մարմնին վերացնել բողոքաբերի իրավունքների խախտումները: Տուժողի ներկայացուցիչը՝ Գայանե Գրիգորյանն «Առավոտին» տեղեկացրեց. «Ծանոթանալով գործի նյութերին՝ պարզ դարձավ, որ նախաքննական մարմինը, անտեսելով այն փաստը, որ դատարանի որոշման դեմ բողոք չեն ներկայացրել ինչպես դատախազը, այնպես էլ շահագրգիռ կողմը, նախաքննական մարմինը որեւէ լրացուցիչ գործողություն չի իրականացրել նախաքննությունը լրացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ չի կայացրել նոր դատավարական որոշումներ՝ բացառությամբ՝ քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, երրորդ դասի խորհրդական Ն. Գ. Պավլովի կողմից վարույթ ընդունվելու մասին, 29.02.2020թ.-ին ես եւ վստահորդս՝ Ռ. Մավրինան հրավիրվեցինք նախաքննական մարմին, որտեղ մեզ հայտարարվեց քրեական գործով նախաքննության ավարտ եւ ծանոթացման նպատակով տրամադրվեց նշված քրեական գործի նյութերը պարունակող էլեկտրոնային կրիչը»:
Չեն նշանակվել համապատասխան փորձաքննություններ, որոնց արդյունքում պետք է պարզվեր երեխային, մորը պատճառված ֆիզիկական եւ հոգեբանական տառապանքի փաստը, որպես մեղադրյալ չեն ներգրավվել անձինք, որոնք անմիջական առնչություն են ունեցել կատարված բռնարարքին, նրանց արարքներին չեն տրվել համապատասխան քրեաիրավական գնահատականներ, չեն հարցաքննվել անձինք, երեխան եւ մայրը չեն ճանաչվել որպես տուժողներ:
Փաստաբանի կողմից անցյալ տարվա մարտի 3-ին ներկայացվել է միջնորդություն՝ քրեական գործի վարույթը վերսկսելու եւ անհրաժեշտ քննչական եւ դատավարական որոշումներ կայացնելու, սույն գործի վերաբերյալ կարեւոր տեղեկությունների տիրապետող անձանց հարցաքննելու, անհրաժեշտ առերես հարցաքննությունները իրականացնելու նպատակով: Սակայն նա դեռեւս չի ստացել միջնորդությունների արդյունքում կայացված որոշում: «Հասկանալով հանդերձ համավարակով պայմանավորված իրավիճակը, սպասել ենք՝ ակնկալելով, որ գոնե այս ժամանակահատվածում իրականացվում են քննչական գործողություններ, որոնց համար Մավրինայի ներկայությունն անհրաժեշտ չէ: Սակայն, քանի որ խնդիրը առավելապես առնչվում է երեխային մոր մոտ բնակվելը խոչընդոտելուն եւ այդ մասով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտապանի կողմից չարամտորեն չկատարելուն, իսկ մայրը տեղեկություն չի կարողանում ստանալ, թե այս պայմաններում ինչպես է իրեն զգում իր երեխան, վերջինիս անվտանգությունը, հիգիենան պահպանվում են, թե ոչ եւ ինչու պետք է դատական ակտի առկայության պայմաններում հնարավորություն չունենա ապրել իր երեխայի հետ, իսկ այդ ամենի պատճառ հանդիսացող նրա նախկին ամուսնու ընտանիքի անդամների արարքներին չտրվեն պատշաճ քրեաիրավական գնահատականներ, մի քանի անգամ քննիչին զանգահարելուց հետո պարզեցի, որ քրեական գործը հանձնվել է նախկին քննիչ Ռազմիկ Ղարիբյանին»,-տեղեկացնում է փաստաբան-ներկայացուցիչը: Հենց այդ քննիչի կողմից մի շարք հանգամանքներ անտեսելու համար էլ բողոք էր ներկայացվել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.08.2021