Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ Սյունիքի ճանապարհների՝ադրբեջանական զինված ուժերի կողմից շրջափակման առիթով
«ՀՀ կառավարության ծրագրում առանձին նշումով կա խոշտանգումների դեմ պայքարի հարցը: Սա խոշտանգված քաղաքացիների նկատմամբ ուղղակի ծաղր է»,-«Առավոտի» հետ զրույցում ՀՀ կառավարության ծրագրի հետ կապված որոշ դիտարկումներ ներկայացրեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հ/կ-ի նախագահ Նինա Կարապետյանցը:
Նա հիշեցրեց՝ վերջին երեք տարվա ընթացքում՝ հեղափոխությունից հետո, խոսել են գործող իշխանության հետ, առանձին պատգամավորների՝ նաեւ վերընտրվածների, ներկայացրել խոշտանգման գործերի մասին փաստեր, ապացույցներ առ այն, որ խոշտանգման գործերը, ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո կոծկվում են, եւ գործող իշխանությունը որեւէ համարժեք ռեակցիա չի տվել: Նինա Կարապետյանցը հավաստիացրեց՝ փորձել են բացատրել, թե ինչ խնդիրներ ունի համակարգը եւ ինչպես պիտի բարեփոխումներ իրականացնել, բայց իրենց ձայնը այդպես էլ մնացել է չլսված:
Այս տեսանկյունից դիտարկելով հարցը՝ նա նշեց. «Հետեւաբար, այդ կետը նորից ավելացնելն ուղղակի ծաղրի է նման, որովհետեւ եթե ունեցել ես տեւական ժամանակ, հեղափոխական գործիքակազմ այդ հարցերը լուծելու եւ ոչինչ չես արել, ապա հիմա այդ կետը ներառելը զուտ ձեւական ցույց տալու ինչ-որ մեկին, միջազգային կառույցներին, զուտ նրա համար, որ դուք այնքան լավն եք, որ այսպիսի հարցերը ձեր կառավարության ծրագրում են, սա ՀՀ քաղաքացիների նկատմամբ ուղղակի ծաղր է»:
Կարդացեք նաև
Փաստեցինք՝ զուգահեռ իրականությունում տեսնում ենք, որ ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը եւ հարցրինք՝ այս հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումները, թե, օրինակ, գործում է այլընտրանքային ճանապարհ, բավարարո՞ւմ են, պետությունն արդյոք իր պարտականությունները ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովման հարցում բավարար կերպով կատարո՞ւմ է, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Ուժ հավաքեցի ու լսեցի Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը: Նա մեջբերում էր իր՝ դեկտեմբերի, այլ ելույթներից ինչ-որ հատվածներ, որտեղ ինքն իբր խոսել է, որ այդ ճանապարհներն այսպես, թե այնպես պիտի տրվեն: Կարծում եմ՝ գործող վարչապետի գործելակերպը նույնն է, որով գործել են նախորդները՝ բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, որն ուղիղ ու բաց տեքստով ասել է, թե մեզ ինչ է սպասվում: Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիոն հայտարարություններ է արել, որպեսզի իրեն ապահովագրի, եւ ինքն էլ տեղյակ չի պահել ՀՀ ժողովրդին, քաղաքացիներին, ում իրավունքների ու ազատությունների երաշխավորը հենց ինքն է ի պաշտոնե: Մարդիկ ուղղակի փաստի առաջ են կանգնել: Ինձ, բնականաբար, բոլորովին չի բավարարում այսպիսի մոտեցումը, քանի որ սա այն մոտեցումն է, որը որդեգրել էին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, հետո նաեւ Նիկոլ Փաշինյանը: Չի կարող մեկ օրվա մեջ պարզվել, որ կան պայմանավորվածություններ, եւ դրանք բեմադրված ադրբեջանական զորքի մուտք, ռուսական զորքերի փրկություն, շրջափակման մեջ մնացած ժողովուրդ: Դա իշխանության՝ ժողովրդի հետ հաղորդակցման ամենաանընդունելի ձեւն է եղել, որը որդեգրել է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ցավում եմ, բայց մարդկանց հետ ուղիղ տեքստով խոսելու ուժ այդպես էլ չգտան իրենց մեջ, այդ թվում նաեւ այս իշխանությունը»:
Մեր հստակեցմանը՝ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումից հասկացա՞ք՝ նա ակնկարկում էր, որ կոնկրետ Գորիս-Կապան ճանապարհի հարցով եղել են պայմանավորվածություննե՞ր, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Ես այդպես եմ հասկանում, որ նման պայմանավործվություն եղել է, եւ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին տեղյակ է պահել դեռեւս դեկտեմբերին եւ ինքը մեջբերում արեց իր ելույթներից: Իմ հասկանալով՝ ակնարկն այն էր, որ ես դրա մասին դեռ ասել եմ դեկտեմբերին: Բայց սա արդարացում չի կարող լինել: Եթե ուներ նման պայմանավորվածություն, դրա մասին նորմալ, մարդավարի տեքստով պետք է տեղյակ պահվեր, ինչպես ինքը սովորություն ունի պարբերաբար ուղիղ եթերներ մտնել, ելույթներ ունենալ ուղիղ տեքստով: Կարելի էր փորձել ուղիղ տեքստով բացատրել, թե որն է խնդիրը, քանի որ, իհարկե, չէինք հասկանա, քանի որ ինքը փատաթղթերին ծանոթացել է, մենք՝ ոչ, եւ իր ակնարկները մենք հասկանալ չէինք կարող»:
Նինա Կարապետյանցը փոխանցեց՝ Սյունիքում ճանապարհների՝ ադրբեջանցիների կողմից շրջափակման հետ կապված տեղի հ/կ-ները լուրջ մտահոգություններ ունեն: Իր կարծիքով՝ դեռ իրավիճակի վատթարացումը սրանով չի ավարտվել:
Զրույցի ավարտին հիշեցրեց. «Սրա մասին ասել եմ դեռ մի քանի ամիս առաջ, երբ սկսեցին, այսպես ասած, քաղաքացիների վարքագծի վրա ազդեցություն ունեցող օրենքների ընդունումը: Ասացի՝ մեզ սպասվում են տհաճ անակնկալներ, ուստի իրենց ապահովագրելու համար սկսել են տարատեսակ գործողությունների իրականացումը, այդ թվում՝ ինչ-որ բաներ քրեականացնելը, ազատ խոսքի սահմանափակումները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.08.2021