Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերենն այսօր պետական լուրջ հոգածության կարիք ունի

Օգոստոս 30,2021 12:30

Հարցազրույց  բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «ԿԶՆԱԿ» հիմնադրամի վերապատրաստման ծրագրերի մշակման եւ վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի մասնագետ Նաիրա Ղումաշյանի հետ:

– Տիկին Ղումաշյան, մեր զրույցը  սկսենք հասարակության ու հայոց լեզվի միջեւ ծառացած խնդիրներից։ Այսօր տեսնում ենք, որ հետին պլան է մղվում հայոց լեզուն։ Ի՞նչն է պատճառը, այսպես ո՞ւր ենք գնում։

– Հայոց լեզվի եւ գրականության շուրջ բուռն քննարկումները վերջին տարվա ընթացքում առավել պայմանավորված են եղել կոնկրետ հանգամանքների՝ առարկայական նոր չափորոշիչների բովանդակության, հայոց լեզվի միասնական քննությունը կամընտրական դարձնելու, բուհերում հայերենի ժամաքանակի կրճատման, հանրակրթության մեջ եւ միասնական քննությունների ժամանակ արձանագրված ցածր արդյունքների հետ։

Հայերենի շուրջ ցավոտ քննարկումներ միշտ էլ եղել են, քանի որ հանրակրթության առանցքային առարկաներից մեկը լինելով՝ այն արժեւորվել  է նաեւ որպես մեր ազգային ինքնության կարեւորագույն ցուցիչ։ Հայոց լեզուն հայ մարդու  լեզվամտածողության հիմքն է, ազգային արժեհամակարգի հենքը։ Անշուշտ, հայերենին տիրապետելու, սովորողների՝ մայրենիով կարդալու եւ գրելու հմտություններով է պայմանավորված նաեւ հանրակրթական մյուս առարկաների յուրացման գործընթացի արդյունավետությունը։ Օրինակ՝ եթե երեխան դժվարանում է կարդալիս, ընթերցանության խնդիր ունի, ապա դժվարանալու է նաեւ մյուս բոլոր առարկաները սովորելիս։  Թերեւս  ճշմարտություն ունի իր մեջ այն պնդումը, որ մենք օտարասեր ազգ ենք. այսօր հայերենը արժեւորման առումով  անտեսված է մեր հասարակության գրեթե բոլոր օղակներում։ Հայ երեխաները նախընտրում են սովորել օտար լեզուներ՝ անհաղորդ մնալով իրենց գեղեցիկ լեզվի հարստությանը, իրենց ազգային գրականությանը, մշակութային ժառանգությանը։ Պատճառներն այստեղ շատ են ու ավելի խորքային, քան առաջին հայացքից նկատվում են՝ կապվելով հանրակրթական առարկայական ծրագրերի բովանդակության, դասավանդման մեթոդիկայի կամ ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության հետ։

Շուկայական հարաբերությունների պահանջարկ-առաջարկի օրինաչափությունն ու  հոգեբանությունն այսօր գործում են նաեւ կրթության մեջ։ Կրթության շուկայականացումը իր անմիջական ազդեցությունն է թողնում  նաեւ հայերենի հասարակական-հաղորդակցական դերի վրա։ Լեզվական գիտելիքը եւս ապրանք է, եւ դրա պահանջարկը նույնպես կախված է հասարակության զարգացման աստիճանից ու այդ հասարակության զարգացման հեռանկարից։ Այսօր հայոց լեզվի հաղորդակցական պահանջարկը ցածր է անգամ ՀՀ-ում, որի պետական լեզուն է հայերենը։ Չենք խոսում այն մասին, որ, լինելով փոքր ազգի լեզու, հայերենը չունի նաեւ միջազգային նշանակություն եւ հաղորդակցական պահանջարկ։ Համաշխարհային հաղորդակցման մեջ  գերակայություն եւ պահանջարկ ունեն տնտեսական-քաղաքական ոլորտներում գերիշխող դիրք ունեցող  երկրների լեզուները՝ ԱՄՆ, Անգլիա, Չինաստան  եւ այլն։ Միջազգային լեզուները համաշխարհային տնտեսական-քաղաքական ինտեգրման, գլոբալիզացման գաղափարների ճնշման պայմաններում թուլացնում են հատկապես փոքր ժողովուրդների ազգային լեզուների հաղորդակցական գործառույթները։

– Օտարամոլության մասին ի՞նչ կասեք… մենք գիտենք, թե ինչպես, օրինակ, Կոմիտասը հայ երգը մաքրեց օտար տարրերից եւ պահպանեց հայկականը:

– Եթե ՀՀ-ում գործատուն պարտադիր պայման է դնում ոչ թե մայրենի լեզվի գերազանց իմացությունը, այլ՝ օտար լեզվի, բնական է, որ արդեն ուղղորդումը թեքվում է դեպի այդ լեզուների իմացության անհրաժեշտ գերակայության կողմը։ Չասենք, որ մեր երկրում ՏՀՏ ոլորտի աշխատաշուկան գրեթե ամբողջությամբ անգլերենի գերակա գործածության տիրույթում է՝ սկսած ինքնակենսագրականների ներկայացումից մինչեւ գործավարություն։ Ահավասիկ, ժամանակակից աշխարհը եւ հասարակական կյանքի ցանկացած ոլորտ հնարավոր չէ այլեւս պատկերացնել  առանց ՏՀՏ-ների, իսկ դրանց կիրառման համար օտար լեզվի իմացությունը օգտագործողի համար դառնում է կարեւոր առավելություն։ Սա եւս լուրջ մարտահրավեր է հայերենի համար։ Հայաստանի աշխատաշուկան սահմանափակ հնարավորություններ է տալիս տարբեր մասնագիտությունների տեր մասնագետներին՝ աշխատանք գտնելու համար, ուստի շատերը մտածում են երկրից դուրս աշխատանք փնտրելու մասին. այս պարագայում օտար լեզուների իմացությունը էլի գերակա գործոն է դառնում։

Պատճառներից մյուսը կապված է տեղեկույթի ահռելի ծավալների հասանելիության եւ դրանց մշակման հետ. ողջ համաշխարհային սարդոստայնի ինֆորմացիան հասանելի է դառնում նրանց, ովքեր տիրապետում են տարբեր լեզուների։ Այդ տեղեկույթի մշակումն ու օգտագործումը կարեւորվում է տնտեսության եւ հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում։

Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում հայերենն այսօր պետական լուրջ հոգածության կարիք ունի։ Հավելենք, որ Սփյուռքում էլ, ցավոք, արդեն կորցնում ենք մեր մյուս գրական լեզվի՝ արեւմտահայերենի հաղորդակցական գործառույթը. արեւմտահայերենը մեռնող լեզու է, իսկ արեւելահայ գրական լեզվի դերը օրըստօրե  թուլանում է հենց ՀՀ-ում: Անհրաժեշտ է հայերենի դիրքերն ամրապնդել առաջին հերթին կրթական համակարգի փոփոխություններով։ Հարկ է հայոց լեզուն դարձնել պարտադիր միասնական քննություն՝  ՀՀ բոլոր բուհերի բոլոր մասնագիտությունների համար. ցանկացած մասնագետ պարտավոր է ամենից առաջ գրագետ լինել ու տիրապետել իր մայրենի լեզվին։

Հանրակրթության մեջ հայոց լեզվի դասավանդման ընթացքում անհրաժեշտ է խրախուսել ստեղծագործական, գործնական բնույթի առաջադրանքները, շարադրությունները, փոխադրությունները, թելադրությունները. հնարավորինս պիտի խուսափել թեստային առաջադրանքներից, որոնք սահմանափակում են սովորողի գրելու, մտածելու, լեզվական գրագիտության կարողունակությունները։ Իմիջիայլոց, առաջատար կրթական համակարգերում արդեն իսկ հրաժարվել են թեստերից. հուրախություն մեզ՝ հայոց լեզվի առարկայական նոր  չափորոշիչը հենց այս շեշտադրումով էլ կազմված է։

Կարեւոր է նաեւ վերահսկել մամուլի եւ հեռուստատեսության լեզուն, որն անմիջական ազդեցություն է ունենում մատաղ սերնդի լեզվական մշակույթի ձեւավորման ու արժեւորման վրա։ Լեզվական ցածր մշակույթը մերժելի պիտի լինի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում եւ առավել եւս՝ կրթական համակարգում։ Գոնե դպրոցում, բուհում, հեռուստատեսությամբ միայն գրագետ խոսք պիտի հնչի։

Պակաս կարեւոր չեն հանրակրթական առարկայական ծրագրերի ծանրաբեռնվածության եւ դասավանդման մեջ ակադեմիական գիտելիքների, ոչ թե կարողությունների շեշտադրման հանգամանքները։ Մեր ուսուցիչները պիտի սովորողներին ավելի շատ խոսելու, արտահայտվելու, գրելու, կարծիք հայտնելու, վերլուծելու, դատելու հնարավորություն տան, քանի որ գրագետ խոսելու կամ գրելու համար անհրաժեշտ է հնարավորինս շատ խոսել եւ գրել՝ շարունակաբար շտկելով թերությունները։

Զրուցեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
28.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031