Բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող, հասարակական գործիչ Սարո Գյումրեցին (Գյոդակյան) կդառնար 70 տարեկան
Հազար ափսոս. բեղմնավոր տարիք ստեղծագործողի համար։ Սարոն սրամիտ գյումրեցի էր. Շիրազի նման գյումրվա հյութեղ բարբառով կխոսեր։ Ստեղծագործում էր գրական բոլոր ժանրերով։ Աշխույժ, կենսուրախ մարդ էր, հախուռն բնավորության տեր։ Գործնական էր, նպատակասլաց, բայց եւ զգայուն։ Չէր թաքցնում գյումրեցուն հատուկ հպարտությունը։ Մի խոսքով, ինչպես ընդունված է ասել՝ «ղայդին» մարդ էր:
Ճանաչում էի 80-ականներից, երբ «Ոզնին» (1982թ.) տեղափոխվեց Մամուլի տուն։ «Պիոներ կանչ» մանկապատանեկան թերթի մշակույթի բաժնի վարիչն էր։ Խմբագրական հարեւանական հրաբերությունները ջերմ էին, անմիջական։ Երգիծական հանդեսի էջերում ներկայացնում էր գյումրվա նորօրյա ու հնօրյա զվարճախոսներին, հումորային հարցազրույցներ վարում, երգիծական գրչով խարազանում մեր կյանքում տեղ գտած ստվերոտ կողմերը։ Մտերմացանք, լավ ընկերներ դարձանք։
«Պիոներ կանչ»-ում ղեկավարում էր նաեւ «Բողբոջ» եւ «Շավիղ» գրական խմբակները, որոնք անուրանալի դեր խաղացին սերունդների հոգեւոր դաստիարակության գործում։ Շատերն այսօր հայտնի լրագրողներ են, մշակույթի գործիչներ։ Այդ ընթացքում (1990) կազմեց «Ձնծաղիկներ»՝ Արցախի երեխաների բանաստեղծությունների եւ հեքիաթների ժողովածուն։
Մեծն գյումրեցու՝ Հովհաննես Շիրազի աչքից չվրիպեց Սարոյի ստեղծարար ոգի լինելը, նրան մկրտեց Սարո Գյումրեցի գրական անվամբ՝ «Վերջապես գտա գրական կնքանունդ՝ գալիքդ. Սարո Գյումրեցի» (1967), որը պարտավորեցնող էր եւ նա սիրով էր այն կրում։
1994-98թթ. Սարոյին տեսնում ենք նորաբաց «Առավոտ» օրաթերթում, որը թարմ շունչ էր մեր հասարակական կյանքում։ «Առավոտյան հանդիպումներ» խորագրի ներքո իր նախասիրած գործն էր կատարում՝ հարցազրույցներ վարում անվանի գրողների, արվեստագետների, մշակույթի գործիչների հետ, ներկայացնում, արժեւորում նրանց գործունեությունը։ Սարոն այդպես էր իմաստավորում իր կյանքը. մեծերից վերցնում՝ տալիս էր ժողովրդին։
Եվ եղավ մի պահ, որ անբարենպաստ պայմանները նրան տարան օտար ափեր. ԱՄՆ-ի հայաշատ Գլենդել քաղաք։ Ինձ համոզեց՝ հենց էնպես չեմ էրթա. գրիչս կծառայեցնեմ հայապահպանությանը…, այ կտեսնիս… Եվ կատարեց իր խոստումը։ Շուտով ականջ շոյող լուրեր հասան՝ Սարոն հիմնադրեց (1999) «Համայնապատկեր» գրական-մշակութային հանդեսը։
Մեջբերենք լոսանջելեսաբնակ գրականագետ Վահան Գեւորգյանի՝ Սարո Գյումրեցու՝ «Գյումրի՛, քո՛ կենացը…» գրքի առաջաբանից մի հատված. «…Հիմա նրա բնավորության շաղախն ու համը միայն Գյումրվանը չէ, Անիինն ու Ղարսինն է, Մուշինն ու Տիգրանակերտինն է։ Երեւանից զատ, երեւանցուց առաջ մեր ունեցած ու մեր օրերին չհասած հայկական բոլոր քաղաքներում ապրող, արարող, աշխարհը ինչ-որ բանով հարստացնող հայերից է Սարոն ժառանգել ծլարձակող լավատեսության սերմը։ Ժառանգածը ավանդապաշտ ու բերքառատ Շիրակի գավառում՝ ուստաների աչալուրջ հայացքի տակ, ի տարբերություն մեզնից շատերի, կարողացել են ձեւավորել այսօրվա «ղայդին» Գյումրեցուն։ Ուրիշ կերպ ու ձեւ չկա Սարոյի հմայքն ու շնորհքը մեկնելու, որովհետեւ հայրենիքից այսքան հեռու՝ Գլենդելի անգամ տաք, անձյուն, անցուրտ սրտի մեջ, միայն ու միայն Սարոն կարողացավ իր քաղցրալուր սրինգով ի մի բերել «Համայնապատկեր»-ն հայի։ Մեր մի հատիկ Սարոն 17 տարի սիրով ու լավատեսությամբ իր «Համայնապատկեր»-ով (վերջերս լույս տեսավ թիվ 71-ը…) հայ մշակույթի մեծերին է ներկայացնում ու այդ մեծերի շուքի տակ, հայացքի ներքո տեղավորում է օրվա ունեցած, մեր օրվա Հոգուհացը…»։
Կարդացեք նաև
Իրոք, Սարոն «Համայնապատկեր»-ը հոգեւոր կամուրջ դարձրեց Սփյուռքի եւ հայրենիքի միջեւ։ «…Ու դարձրեց արծիվների բույն ու առյուծասիրտ հայորդիների պատկերներն ու գործերը ծրարած հասցեագրեց աշխարհասփյուռ հայությանը…»։
Սարոն ավանդապաշտ ընտանիքից էր. ինքն էլ ավանդույթները հարգող, ծնողներին պաշտող, նրանց խորհուրդ-խրատներով առաջնորդվող անհատականություն էր («Պատարագ հորս», «Պատարագ մորս»…)։ Նշենք հոր՝ Մկրտիչ -Մկոյի խրատներից մեկը. «Նեղության մեջ էլ լավությո՛ւն արա //Եվ երջանկության ափը կհասնես, //Թեկուզ ցավիդ մեջ անզոր հեծեծես՝ //Նեղության մեջ էլ լավությո՛ւն արա։ //Եվ քեզ կժպտա աշխարհը արար, //Իր սրտի խորքում կգուրգուրի քեզ, //Նեղության մեջ էլ լավությո՛ւն արա //Եվ քո երազի ափը կհասնես…»։
Ուշադրության են արժանի նաեւ «Անանիա Շիրակացի» (նվիրել է Շիրակ աշխարհի հանճարի 1400-ամյակին) եւ «Տիրան» պոեմները։ Վերջինիս մասին արձակագիր Հմայակ Սիրասն իր «Երկու խոսք»-ում (1981) այսպես է գնահատել. «Այս պոեմ-ասքը մի սրտառուչ դրվագ է՝ մեր անցյալի պատմության դառն էջերից վերցրած, եւ ընթերցողի ատելությունն է սրում բոլոր դավադիրների նկատմամբ…»։ Մեր այսօրվա պատմության դառն օրերի հետ համահունչ է։
Համերաշխություն է իշխում Սարոյի ծով հոգում։ Որպես սրախոս՝ ուրախ էր, որպես բանաստեղծ՝ թախծախառը։ Եթե անցյալում բոլոր ճանապարհները տանում էին Հռոմ, ապա նրան էլ կարոտի, հուշերի ճամփաները տանում էին Գյումրի։ Այդ են վկայում նրա «Հեռավոր հուշերի մի քաղաք» (2001) բանաստեղծությունների եւ «Գյումրեցիներ» հարցազրույցների ժողովածուները…, որոնք վերհուշների մեղեդիներ են, կյանքի վերապրում։
Սարոյին գնահատանքի են արժանացրել Շիրազը, Սեւակը, Հր. Մաթեւոսյանը, Գ. Էմինը, Վ. Դավթյանը, Սուրեն Մուրադյանը, Վ. Բալայանը, Ղ. Հայրապետյանը…, աշխարհին հայտնի Շառլ Ազնավուրը, Քըրք Քրքորյանը, պետական հայտնի գործիչներ…
2017թ. Գլենդելի «Երեւան» տպարանը լույսընծայեց «Սարո Գյումրեցի» լուսանկարների հուշալբոմը՝ 65-ամյակի առթիվ, որի առաջաբանում հեղինակը խոստովանում է, որ մեծերի հետ հանդիպումները իմաստավորել, հարստացրել են իր կյանքը՝ «Ինձ պարգեւելով իրենց հետ շփվելու գերագույն հաճույքը…»։
Պատրաստվում էր նշել «Համայնապատկեր»-ի 20-ամյակը, բայց, ավաղ, չհասցրեց։ Որբ մնաց նրա հոգեզավակը։ Ոչ ոք կարողություն չունեցավ այն հրատարակելու, թեկուզեւ մի հատիկ համարով հիշելու եւ նշելու նրա մեղվի նման ժրաջան աշխատանքի արդյունքը։
Սարոն կարող ուժ էր, արգասաբեր ստեղծագործող, հմուտ խմբագիր. ափսոս շուտ հրաժեշտ տվեց կյանքին։ Շա՜տ ծրագրեր մնացին անավարտ, սակայն նա իր ապրած կյանքով, կատարած գործերով թողեց բարի, ջերմացնող անուն, լուսավոր հետքեր՝ լուսավորելու ապրողների հոգիները։
70-ամյա կենա՛ցդ, Սարո Գյումրեցի, «Գյումրի, քո՛ կենացը…»։
Խոնարհումով՝ Գուրգեն ԼՈՌԵՑԻ
«Առավոտ» օրաթերթ
28.08.2021