Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշողության կորո՞ւստ , թե՞ հարմարվողականություն

Օգոստոս 30,2021 10:43

Կարդում, լսում ես Հայաստանի պետական գործիչներին՝ վարչապետ, նախարարներ, պատգամավորներ, վերլուծաբաններ ու ապշում, մի՞թե մենք լիովին զրկված ենք պատմական հիշողությունից և արժանապատվության զգացողությունից։ Նվաստացուցիչ պարտությունից հետո, դեռ վերքերը չսպիացած, վարչապետ կոչեցյալը աղերսում է թշնամի պետություններին խաղաղություն կնքել։ Ադրբեջանի նախագահը շարունակում է հոխորտալ մեզ վրա, Հայաստանն անվանել արևմտյան Ադրբեջան, տեղանունները կոչել ադրբեջանական անվանումներով, վարչապետ կոչեցյալը, նրան հաճոյանալու համար, վարվում է նույն կերպ՝ հայկական բնակավայրերն ադրբեջանական կոչելով։ Դեմքի «ինտելեկտուալ» արտահայտությամբ էկոնոմիկայի նախարարը կարոտախտով հիշում է, թե ինչպես էին ադրբեջանցիները շուկայում գյուղմթերքներ վաճառում։ Ցածր տեխնոլոգիաների նախարարը մեծ-մեծ փրթում է, թե Խորհրդային Հայաստանի տարածքից 1 սմ չեն հանձնի։ Իշխանական պատգամավորները, «դեմքի լուրջ» արտահայտություններով ճամարտակում են ադրբեջանական տարածքները շրջանցելու, միջազգային իրավունքի և իհարկե, ամենակարևորը՝ խաղաղության մասին։ Այս ամենից պարզ է դառնում, որ Հայաստանի իշխանությունը թշնամիների առջև չոքած աղերսում է խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն․․․ Այո՛, խաղաղություն՝ ամեն գնով, տարածքների կորստի, հայկական բնակավայրերը ադրբեջանական անվանումներով կոչելու, ադրբեջանցիներին Հայաստան «հրավիրելու», մի խոսքով՝ ամեն ինչ զիջելու պատրաստակամությամբ։

Հիշեցում․

Պատմականորեն շատ հեռու չգնանք, սկսենք սուլթան Համիդի շրջանից։ 1895-96թթ․ կոտորվեցին շուրջ 300 000 հայեր։ Հետագայում, 1907թ․ ՀՅԴ-ն հանուն թուրք-հայկական բարեկամության դաշինք կնքեց Երիտթուրքերի հետ, և 1908թ․ Թուրքիայում հեղաշրջման արդյունքում, իշխանության եկան «բարեկամ» երիտթուրքերը։ Սակայն «բարեկամությունը» երկար չտևեց։ Արդեն 1909թ․ Ադանայում, երիտթուրքերը կազմակերպեցին շուրջ 30 000 հայերի կոտորածը։

Դե արդեն, 1915թ․ շուրջ 1,5 մլն․ հայերի ցեղասպանության մասին բոլորին է հայտնի։

Հետագայում,1920թ․ ինչպես այսօրվա «խաղաղասերները», հայ բոլշևիկները նույնպես բարեկամության ձեռք մեկնեցին թուրքերին և ստացանք հերթական կոտորածները։

Այժմ էլ, մի փոքր հիշողության թարմացում մեր և կովկասյան թաթարների, այն է՝ այսօրվա ադրբեջանցիների «ջերմ» հարաբերությունների մասին։

Սկսենք 1905-1907թթ․ հայ-թաթարական բախումների շրջանից։ Ընդհարումների հիմնական պատճառը՝ Անդրկովկասի թաթար-մահմեդականների շրջանում պանիսլամիզմի և պանթուրքիզմի գաղափարների տարածումն էր, որի ազդակները գալիս էր Ստամբուլից։
Չնայած Բաքվի ջարդերին, մնացած բնակավայրերում հայերը լուրջ դիմադրություն ցույց տվեցին։

Այնուհետև 1918թ․ Բաքվում, 1920թ․ Շուշիում, նույնպես Թուրքիայի դրդմամբ տեղի ունեցան հայկական ջարդեր։

Եվ, չնայած այս ամենին, որոշակի «խաղաղություն» հաստատվելուց հետո, հայկական «որտեղ հաց, էնտեղ կաց» բնավորության համաձայն, նորից հայերը ԽՍՀՄ տարիներին հազարներով հաստատվեցին Բաքվում, Սումգայիթում և այլ ադրբեջանական քաղաքներում։ Եվ ահա գալիս է 1990թ․ և նորից ջարդեր, կոտորածներ։ Այդ նույն ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանն իրականացնում էր հեռահար, նպատակային քաղաքականություն, Խորհրդային Հայաստան «գործուղելով» ադրբեջանցի հովիվների, գյուղացիների, որոնք էլ գյուղմթերքներ էին վաճառում։ Եվ տարեցտարի Խորհրդային Հայաստանում փոխվում էր ժողովրդագրությունը, ամրանում , բազմանում էին ադրբեջանական գյուղերը, առաջանում էին նոր գյուղեր։

Զարմանալիորեն, մենք կարծես մոռացել ենք այս ամենը և հերթական անգամ, արդեն անկախ Հայաստանի պետական գործիչների մակարդակով տրվում, հանձնվում ենք թշնամու հեռահար ծրագրերի իրականացմանը։Համոզված եմ, այս «խաղաղասիրական» պետական ծրագիրը կյանքի կոչվելուց հետո, հայերի որոշակի զանգված նորից կարտագաղթի Բաքու՝ «լավ ապրելու» հեռանկարով, մինչև հերթական կոտորածը։ Իսկ ադրբեջանա-թուրքական տանդեմը Հայաստանը կուլ կտա ե՛ւ ֆինանսա-տնտեսական, ե՛ւ ժողովրդագրական էքսպանսիայով։

Այսպես կոչված «կոմունիկացիաների բացումը», ոչինչ չի տա հայկական կողմին, ցանկացած ժամանակ հայկական շարժակազմերը հարձակման, թալանի կենթարկվեն։ Իսկ ադրբեջանա-թուրքական որևէ շարժակազմ , նույնպես պատահականորեն հայկական միջանցքում կպայթեցվի, որին կհետևի թուրք-ադրբեջանական զորքերի ներխուժումը։ Իհարկե, ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԱՄՆ-ը իրենց մտահոգությունները կհայտնեն, Ֆրանսիան խստորեն կդատապարտի տեղի ունեցածը, բայց թշնամու զորքերն այլևս Հայաստանից չեն հեռանա, ինչպես Կիպրոսից։

Ահա թե ինչ է սպասվում շատ մոտ ապագայում։Բայց արդյո՞ք այս ամենը հետաքրքրում է վարչապետ կոչեցյալին, էկոնոմիկայի, ցածր տեխնոլոգիաների նախարարներին, իշխանական պատգամավորներին, պատգամավոր-գործարարին, որոնց համար հայրենիք, պատմական, ցեղասպանության հիշողություն հասկացողություններ գոյություն չունեն, այլ միայն սպասվելիք շահույթ՝ փող,փող, փող։
Հ․Գ․ Հարգելի իրական խաղաղասերներ, ինքս երկու ձեռքով կողմ եմ խաղաղության, և ոչ միայն խաղաղության։ Այո՛, կողմ եմ նաև ապագայում Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրեր կնքելուն և դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն։ Բայց ինչպես նշեցի՝ ապագայում։ Այն մոտ, թե առավել հեռավոր ապագա է, կախված է միայն ու միայն մեզնից, եւ ոչ Թուրքիայից կամ Ադրբեջանից։ Եթե մենք կարողանանք ոտքի կանգնել, մեջքներս ուղղել, ստեղծել իրական, ոչ ձևական ազգ-բանակ, երբ ունենանք իրական պետություն, իր կայացած պետական կառույցներով և պետական գաղափարախոսությամբ, այդ էլ կլինի նշված ապագան։ Այդպիսի ապագա ունենալու պարագայում միայն կարելի է զսպել մեր թշնամիների ախորժակը և այլևս չարտագաղթել և չցեղասպանվել։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Չափազանց իրատեսական վերլուծություն է: Մտահոգիչն այն է, որ իշխանության և խորհրդարանական «ընդդիմության» հետ հույսեր կապելն անիմաստ է, իսկ արտախորհրդարանական ընդդիմությունն էլ էշի ականջում քնած է: Նման պայմաններում կզարգանա հուսահատությունը, որն էլ ավելի կակտիվացնի հայի մեջ բուն դրած «որտեղ հաց, այնտեղ կաց» ազգակործանիչ վիրուսը: Այս հարցի շուրջ անհրաժեշտ է հասարակական կազմակերպությունների և հանրաճանաչ անհատների ակտիվացում ու համախմբում, այլապես, այս պահի լռությունը՝ ազգակործան առաջիկա զարգացումներին համաձայնվելու նշան է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031