Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդանյութերը, որոնք հատկապես կարևոր են ներզատիչ գեղձերի կանոնավոր աշխատանքի համար

Օգոստոս 29,2021 23:00

Ներքին սեկրեցիայի (ներզատիչ) գեղձերի աշխատանքը հույժ կարևոր է օրգանիզմի նորմալ, առողջ կենսագործունեության համար։ Այդ գեղձերի արտադրած հորմոնները, ներզատվելով արյան և ավշի մեջ, մասնակցում են օրգանիզմում ընթացող բազմաթիվ գործընթացներին, կարգավորում նյութափոխանակությունը։

Մեր կենսունակությունը, աշխատունակությունն ու կյանքի տևոսությունը կախված են ներզատիչ գեղձերի աշխատանքից, և կարծում ենք, ավելորդ է հիշեցնել, թե որքան կարևոր է խնամքն ու ուշադրությունը այդ գեղձերի նկատմամբ։

«Առողջության կանոններ» գրքի հեղինակ Մայա Գոգուլանը առանձնացրել է այն վիտամինները, հանքանյութերն ու սննդանյութերը, որոնք հատկապես անհրաժեշտ են ներզատիչ գեղձերին՝ կարևորելով ճիշտ սննդակարգի օգնությամբ այդ գեղձերի կանոնավոր գործառույթները պահպանելու հնարավորությունը։

Վահանաձև գեղձը հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է, որն արտադրում և կուտակում է թիրեոիդ հորմոններ, որոնք գործուն մասնակցություն ունեն օրգանիզմի նյութափոխանակության գործըընթացին, կարգավորում են գրեթե բոլոր օրգանների աշխատանքը։

Վահանաձև գեղձի կանոնավոր գործունեության դեպքում մարդն առողջ և առույգ է իրեն զգում, իսկ այ հոգնածությունը, չոր ու թորշոմած մաշկը, քաշի փոփոխություններն ու նյութափոխանակության խանգարումները կարող են վկայել վահանաձև գեղձի գործառույթների խանգարումների մասին։

Ինչպիսի սննդանյութերի կարիք ունի վահանաձև գեղձը

Առաջին հերթին օրգանիզմում բավարար քանակությամբ յոդ պիտի լինի՝ արյան մեջ թիրոքսինի պաշարը պահպանելու համար։ Վահանաձև գեղձի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ են նաև մագնեզիում և С, B խմբի վիտամիններ, ինչպես նաև թիրոզին ամինաթթուն, որը սպիտակուցների մաս է կազմում։

Յոդի աղբյուր են սխտորը, ծնեբեկը, գազարը, կարտոֆիլը, սոխը, լոբին, վարսակը, մուգ գույնի խաղողը, ելակը, բազուկը, սմբուկը, ընկույզը, օվկիանոսի ձկնեղենը, ծովակաղամբը, սունկը, բողկը, լոլիկը, մուգ երանգ ունեցող հատապտուղներն առհասարակ՝ հապալասը, հաղարջը, թութը և այլն։

C վիտամինի աղբյուր են սև հաղարջը, ցիտրուսայինները, կարմիր բիբարը, քաղցր պղպեղը, մասուրը, լոռամրգին, ելակը, մրգերի ու բանջարեղենի շատ տեսակներ։

B խմբի վիտամինների աղբյուր են ծնեբեկը, հացահատիկի տեսակներն առհասարակ, ընդեղենը, լոբին, հնդկացորենը, չոր խմորիչները, տավարի միսը, սունկը, ձկնեղենը, կանաչ բանջարեղենը, լոլիկը, ձվի դեղնուցը և այլն։

Մագնեզիումի հիմնական աղբյուր են նուշը, ընկույզը, գետնանուշը, ձվի հում դեղնուցը, տավարի լյարդը, նանան, եղերդակը (ցիկորիա), ձիթապտուղը, մաղադանոսը, կեղևով եփված կարտոֆիլը, դդումն իր սերմերով, ամբողջական հատիկով հացահատիկեղենը, ցորենի թեփը, լոբին, հնդկացորենը, շոկոլադը և այլն։

Թիրոզինի աղբյուր են սպիտակուցով հարուստ գրեթե բոլոր մթերքները։

Սեռական գեղձեր (գոնադներ)-համարվում են խառը տիպի գեղձեր

Տղամարդու օրգանիզմի սեռական գեղձերը սերմնարաններն են, իսկ կնոջ օրգանիզմինը` ձվարանները։ Այս գեղձերը ոչ միայն օրգանիզմի նորմալ կենսագործունեությունն են ապահովում, այլև վերարտադրողական գործառույթը։

Սեռական գեղձերի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ են A, C, E, B խմբի վիտամիններ, երկաթ, պղինձ, ինչպես նաև արգինին ամինաթթու։

Վիտամին A-ն ապահովում է ձվարանների ու շագանակագեղձի կանոնավոր գործունեությունը։
Վիտամին A-ի (ռետինոլ, կարոտին) աղբյուր են գազարը, հազարը, կաղամբը, նարնջագույն և կանաչ բանջարեղենը, ծովային ձկնատեսակները, տավարի լյարդը, կարագը, սերուցքը, կաթնամթերքը։

C, B խմբի վիտամիններն անհրաժեշտ են սեռական առողջության, պոտենցիայի պահպանման համար։

E վիտամինն անհրաժեշտ է վերարտադրողական կանոնավոր գործառույթի համար։

E վիտամինի աղբյուր են հացահատիկեղենը, բուսական յուղերը, լյարդը, ձվի հում դեղնուցը և այլն։

Սեռական գեղձերի կանոնավոր աշխատանքին նպաստում է սպիտակուցային դիետան, հատկապես շատ կարևոր է արգինին ամինաթթուն, որի աղբյուր են ձուն, կաթը, վարսակը, գետնանուշը, ծլեցրած ցորենը, գարեջրի խմորիչները, սպիտակուցներով հարուստ այլ մթերքները։

Սեռական գեղձերին անհրաժեշտ են նաև երկաթ ու պղինձ հանքանյութերը։

Երկաթի աղբյուր են լոբին, ընդեղենը, ցորենը, վարսակը, չամիչը, ձուն, կանաչ բանջարեղենը։
Պղնձի աղբյուր են ծլեցրած ցորենը, ոսպը, լոբին, մաղադանոսը, սունկը, ծնեբեկը, տավարի լյարդը։

Մակերիկամներ

Մակերիկամները երիկամների վերևում տեղակայված զույգ գեղձեր են, որոնք կազմված են կառուցվածքով ու գործառույթով տարբեր երկու առանձին, ինքնուրույն հորմոն արտադրող կեղևային և միջուկային նյութերից:

Մակերիկամի կեղևը արտադրում է ստերոիդ հորմոնների երեք հիմնական տեսակներ, իսկ կեղևի ամենախորը՝ ցանցավոր շերտում արտադրվում են անդրոգեններ, որոնք սեռական գեղձերում վերափոխվում են վերջնական ֆունկցիոնալ հորմոնների։ Մակերիկամների արտադրած հորմոնները նպաստում են օրգանիզմի պաշտպանական ռեակցիաների ամրապնդմանը, բարելավում են մկանների աշխատունակությունը, օրգանիզմին էներգիա ու կենսական ուժ են հաղորդում։ Դրանք իզուր չեն անվանում «դիմակայության և գոյատևման գեղձեր»։

Մակերիկամների նորմալ աշխատանքի համար առաջին հերթին անհրաժեշտ են սպիտակուցով, A, C, B վիտամիններով հարուստ մթերքները։

Հարվահանագեղձեր

Հարվահանագեղձերը գտնվում են պարանոցի շրջանում՝ վահանագեղձի աջ և ձախ բլթերի հետին մակերեսին կպած, երբեմն նաև դրանց մեջ։

Հարվահանագեղձերը կարգավորում են կալցիումի և ֆոսֆորի նյութափոխանակությունը։ Հարվահանագեղձերի գործառույթի խանգարումների մասին կարող են վկայել անվերահսկելի նյարդայնությունը, գրգռվածությունը, քնի խանգարումները, ջղակծկումները, ալերգիան և այլն։

Հարվահանագեղձերին առաջին հերթին հարկավոր է վիտամին D-ն, որն անհրաժեշտ է օրգանիզմի կողմից կալցիումի, ֆոսֆորի յուրացման համար։ Հարվահանագեղձերը համապատասխանաբար կալցիումի և ֆոսֆորի, ինչպես նաև B խմբի վիտամինների կարիք ունեն։

Վիտամին D-ի աղբյուր են առաջին հերթին արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները, ձկան, տավարի լյարդը, կարագը, ձվի դեղնուցը, կաթնաշոռը, ձկնատեսակներից ծովատառեխը, սկումբրիան, թունան։

Մթերքներ, որոնք հարուստ են և՛ Ֆոսֆորով, և՛ կալցիումով՝ խնձորը, կանաչ ոլոռը, վարունգը, ամբողջական հատիկով հացահատիկեղենը, կաղամբի բոլոր տեսակները, նեխուրը, բողկը, պանիրը։

Ֆոսֆորով հատկապես հարուստ են միսը, սունկը, ծլեցրած ցորենը, ընդեղենը, գարին, վարսակը, ոսպը, տանձը։
Կալցիումով հարուստ մթերքներ են ծիրանը, ճակնդեղը, մոշը, գազարը, բալը, վարունգը, հաղարջը, խաղողը, սամիթը, մաղադանոսը, նեխուրը, սոխը, շաղգամը, կանաչ լոբին, նարինջը, դեղձը, արքայախնձորը, սպանախը, ընդեղենը, կաթնամթերքը, քունջութը:

Ենթաստամոքսային գեղձ

Որովայնի խոռոչում տեղակայված այս գեղձն արտադրում է ինսուլին հորմոնը, որը մասնակցում է լյարդի ճարպային փոխանակությանը։ Ենթաստամոքսային գեղձի գործառույթի խանգարումները կարող են շաքարային դիաբետի զարգացման պատճառ դառնալ։

Ենթաստամոքսային գեղձը հատկապես կարիք ունի В խմբի վիտամինների, ծծումբ, նիկել հանքանյութերի, գլուտամինաթթու և ցիստին ամինաթթուների։

Ծծումբով հարուստ են կաղամբի բոլոր տեսակները, ծովաբողկը, սխտորը, սոխը, բողկը, շաղգամը, ծնեբեկը, ծիրանը, դդումը, գազարը, կարտոֆիլը, լոբին, սալորը, թուզը և այլն։

Գլուտամինաթթու են պարունակում սպիտակուցով հարուստ մթերքները (միս, ձուկ), ընդեղենը, սերմերը, ընդեղենը, հացահատիկները։

Նիկելի աղբյուր են թարմ բանջարեղենը, անյուղ միսը, տնական թռչնամիսը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031