Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկության միակ ուղու մասին

Օգոստոս 28,2021 23:20

Հարգելի «հպարտ, արժանապատիվ», բայց հեշտությամբ խաբվող քաղաքացիներ. այսօր մեր ազգակիցների քանակը աշխարհում արդեն 3 անգամ ավելին է Հայաստանի բնակչությունից: Եվ, եթե մի կողմ թողնենք ահաբեկման, ընտրողներին մոլորեցնելու, վարչական ռեսուրսների օգտագործման այն բոլոր գործառույթները, որոնց մենք ականատես ենք եղել, այնուհանդերձ, ակնհայտ է մի պարզ բան՝ նիկոլականները հանրապետության ընտրողների ընդամենը մի մասի ձայներով են ընտրվել, և բնական է, որ առանց աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների կարծիքը հաշվի առնելու, առանց նրանց ներկայացուցիչների հետ քննելու, առանց նրանց հավանությունը ստանալու, նրանք լիազորված չեն, ոչ մի իրավունք չունեն մեր ողջ ժողովրդին առնչվող հարցերը միայնակ լուծելու, մեր բոլորիս ապագայի վրա էապես ազդող, որոշումներ ընդունելու:

Իսկ ջանքերի համատեղման, փոխհամաձայնեցված որոշումերի ընդունման անհրաժեշտությունն այժմ շատ ավելի է կարևորվում է նաև այլ պատճառով:

Այս պատերազմի հետևանքով մենք ամենահամեստ հաշվարկներով առնվազն 10-15 միլիարդ դոլարի զենք, զինամթերքից ենք զրկվել, տնտեսվարման լուրջ նշանակություն ունեցող շատ տարածքներ ենք կորցրել, ավերվել են շատ ձեռնարկություններ, շենքեր, շինություններ: Եւ ակնհայտ է, որ այդ Կորուստների վերականգնման, նույնիսկ միայն մեր պաշտպանական համակարգը քիչ թե շատ արդիականացնելու, կարգի բերելու համար մեզ շատ ու շատ միջոցներ են պետք:

Բայց ցավալի է, որ այսօր մեր երկիրը այլևս դրա հնարավորությունը չունի:

Մենք մինչ այդ էլ հետևից քարշ եկողների շարքում էինք: Եվ ոչ միայն զենքի, զինատեսակների խնդիրների հետ կապված հարցերով էինք շատ ետ մնացել: Մնացած բազմաթիվ ոլորտներում էլ, ցավոք, մենք դեռ անցյալ դարի 80-ականների մակարդակում էինք: Այսպես` օրինակ` մեր տնտեսության առկա վիճակը էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը այսպես էր բնութագրում՝ «15 անգամ զիջում ենք աշխարհի 1-ին տեղերը զբաղեցնող երկրներին մեկ շնչի հաշվով ստեղծված եկամուտի տեսանկյունից, ունենք՝ 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն Եվրոպայի միջին երկրների հետ համեմատած: Եվ գրեթե բոլոր ոլորտներում էլ տնտեսության վիճակը նույնն է»:

Զարմանալի է, որ Նիկոլն էլ իր ելույթներից մեկում նշում է, որ եթե մենք 1 ժամում տալիս ենք 6 դոլարի արտադրանք, ԵԱՏՄ-ում այն 11 դոլար է, զարգացած երկրներում`43…«կան երկրներ էլ, որտեղ այդ ցուցանիշը հասնում է 100 դոլարի»:

Այս վիճակում էինք մենք արդեն մինչև պատերազմը: Եվ, հաշվի առնելով այն, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով մենք ինչքան ենք հետ ենք մնացել զարգացած երկրներից, և այն, որ նրանք էլ առաջիկայում ստիպված են լինելու տարեկան առնվազն 2-3 տոկոսի աճ ապահովել (առանձնապես այս համաճարակից հետո), ապա պարզ է, որ եթե մեր սուղ միջոցներով կկարողանանք թեկուզ 7-8 տոկոսի աճ էլ ապահովել, ապա շարունակաբար ավելի ու ավելի ենք հետ մնալու նրանցից:

Պարզից էլ պարզ է նաև, որ այլ երկրները մեզ առաջիկայում լրջորեն չեն օգնելու: Սահմանափակումներով ուղեկցվող այս փորձությունից հետո, նրանք առաջին հերթին իրենց կորցրածն են հետ բերելու, իրենց տնտեսություններն են վերականգնելու: Եվ, ակնհայտ է, որ ընդամենը 2,5 միլիոն բնակչությամբ, այսպիսի ցածր արտադրողականություն ունեցող տնտեսությամբ մեր երկիրը միայն իր ուժերով առաջիկա տասնամյակում էլ չի կարողանալու վերը նշված չափով միջոցները գտնել, դուրս գալ այս փոսից: Եվ, եթե ինչ որ հրաշքով դրսից խոշոր ներդրումներ էլ լինեն, ապա բնական է, որ հավելյալ արժեքը առաջին հերթին կգնա փոխհատուցման և ոչ թե մեր բանակի վերազինման վրա:

Իսկ առաջիկայում, աշխարհով մեկ շատ ավելի է խորանալու շերտավորումը: Գործունեության ամենատարբեր ոլորտներում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ ոչ բարդ մտավոր՝ աշխատանքները հիմնականում կկատարվել համակարգիչների, ռոբոտների, հոսքագծերի, համացանցին միացած սարքավորումների միջոցով: Աշխատանքի համաշխարհային շուկայում, ժամանակակից այդ միջոցները չունեցող, արդի պահանջներին բավարարող գիտելիքներ տալու, հմտությունների խորացմանը, վերապատրաստմանը նպաստելու կարողություն չունեցող այլ երկրներում ապրողները ուղղակի զրկվելու են նորմալ վարձատրվող աշխատանք գտնելու հնարավորությունից և ստիպված բավարարվելու են այնպիսի վարձով, որը ավելի քիչ կլինի ռոբոտների օգտագործման համար պահանջվող ծախսերից:

Եվ, եթե այլ ելք չգնենք, շարունակենք գնալ նիկոլականների կառավարության կողմից գծված այս ճանապարհով, դեռ երկար ժամանակ, ուզած թե չուզած մնալու ենք կիսագաղութային, հետամնաց երկրի այս խղճուկ վիճակում:

Եվ, բնական է այդ դեպքում ավելի է ահագնանալու արտագաղթը, զանգվածային հայրենադարձության մասին խոսք էլ անգամ չի լինի: Իսկ հավատի կորուստը, ազգապահպանման, ուծացման դեմ պայքարի դժվարությունները շատ արագ կբերեն նրան, որ դարերի մեջ ապրող մեր ժողովրդի գոյատևման բուն հարցն էլ առաջիկայում ամբողջությամբ կվտանգվի:

Դժվարին այս իրավիճակից դուրս գալու համար լրիվ նոր տիպի լուծումներ են մեզ պետք: Հայ ժողովուրդը միայն հայաստանաբնակները չեն: Աշխարհով մեկ մենք 10 միլիոն ենք: Եվ, այժմ գոնե պետք է հասկանանք, որ իրոք մեր փրկությունը միայն մեր միասնության մեջ է:
Ցավալի է, բայց սուտը, կեղծիքը, ինքնախաբեությամբ սփոփվելու մոլուցքը այն աստիճանի լայն տարածում է գտել մեզանում, որ ոչ միայն նիկոլականները այլ մեր քաղաքական գործիչներից շատերն էլ դեռ չհասկանալու են տալիս դա: Իրենց էլ, մարդկանց էլ փորձում են համոզել՝ ինչ է եղել որ, քիչ թե շատ կարգի բերելով այս կիսակործանված երկիրը, կարելի է ոչ միայն մեր պաշտպանական համակարգը ամրապնդել, այլ նաև պահանջվող առաջընթացն էլ ապահովել: Իսկ թե ոնց, ինչ միջոցներով պետք է դա անել՝ վախենում են նույնիսկ մտածել այդ մասին:

Իրականությունից փախչել, չհասկանալ, չհասկանալու տալ, որ ոչ միայն այս երկիրը, այլ նաև մեր ողջ ժողովուրդը առանց աշխարհով մեկ մարդկային իր ողջ կապիտալի համախմբման, ամբողջացման, առանց Սփյուքահայության ներուժի արդյունավետ ներգրավման դատապարտված է չի էլ կարող այլևս ոտքի կանգնել, դավաճանության կարգի հանցագործություն է:

Հայ ժողովուրդը միայն հայաստանաբնակները չեն: Աշխարհով մեկ մենք 10 միլիոն ենք: Այսօր, երբ կշեռքի նժարին մեր լինել, չլինելու հարցն է դրված, բոլորի ձայնը պետք է լսելի լինի: Առավել ևս, երբ փրկության ուղին ամբողջությամբ կախված է միայն մեր հավաքական ուժից:

Իսկ այդ հավաքական ուժն այդքան էլ փոքր չէ: Մենք ունենք իրոք կարող, հզոր մեծ Սփյուռք: Եվ, միավորելով ջանքերը, մենք դեռ հնարավորություն ունենք դուրս գալու այս փոսից, մեզ արժանի, մեր ուրույն տեղն ու դերը գրավելու աշխարհում:
Եւ այդ ուղղությամբ արդեն կան հստակ մշակված ծրագրեր, որոնք կյանքի կոչելու համար պետք էր միայն պահանջվող քայլերը անել: Դեռ 2016-ին՝ Սփյուռքի 6-րդ համաժողովում, համակողմանի քննարկումներից հետո, հավանություն էր տրվել այդ գործին և առաջարկվել էր ՀՀ իշխանություններին իրենց վրա վերցնել ուղղորդող, կարգավորող կենտրոնի գործառույթները: Սակայն, ցավոք, ոչ նախորդները, և ոչ էլ այսօրվանները այդ ուղղությամբ գործնականում ոչինչ չարեցին, ինչը նաև պատճառ դարձավ, որ այս պատերազմի ժամանակ, սփյուռքահայության օգնելու, աջակցելու այն գերպատրաստակամությունը, որ կար շատ քիչ արդյունք տվեց:

Թեկուզ ուշացումով՝ համազգային այս բարդ խնդրի լուծմանը հասնելու համար մենք բոլորս էլ պետք է գիտակցենք պատասխանատվության մեր բաժինը և մի կողմ դնելով ընթացիկ տարաձայնությունները, համակրանքին, հակակրանքին առնչվող հարցերը համաձայնության գանք: Եվ, ձեռք մեկնելով դրսում բնակվող մեր հայրենակիցներին, ձևավորենք մի այնպիսի հզոր միավորում, որի հետ ստիպված, ուզած, թե չուզած հաշվի կնստեն նաև այսօրվա իշխանությունները:

Այնուհետև, գործընթացում ներգրավելով համազգային գործուն կառույցների ներկայացուցիչներին, Սփյուռքահայ հեղինակավոր անձանց, համատեղելով ջանքերը կարողանանք պայմաններ ստեղծել, պարտադրել, որ տարեվերջին կամ ամենաուշը եկող տարվա սկզբին հրավիրվի Սփյուռքի 7-րդ համաժողովը:

Իր ապագայով մտահոգ, կարող ուժեր ունեցող համազգային այդ մարմինը՝ հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական արդի զարգացումների մեզ համար խիստ բարենպաստ ուղղվածությունը, ինչպես նաև հեռահաղորդակցման, աշխատանքների հեռավար կազմակերպման առկա լայն հնարավորությունները, նախ որոշում կընդունի պահանջել, պարտադրել, որ.

ա/Հայաստանը, որպես բոլոր Հայերի հայրենիք իր վրա, վերջապես, վերցնի կենտրոնի, մայրաքաղաք- պետության բոլոր գործառույթները

բ/ Հնարավորինս նպաստի, որ առաջիկայում սկսվի ձևավորվել՝

Նպատակային գործունեության ունակ, համազգային կառույցների մեր միաձույլ, հզոր, գործուն համակարգը, մեր 10 միլիոն հայության Հայ Ազգ կազմակերպությունը` իր կենտրոն, մայրաքաղաք Հայաստան պետությամբ:

Կազմավորման համար լուրջ ներդրումներ, նյութական լուրջ ծախսեր չպահանջող, ծառայությունների մատուցման լայն ցանց, համագործակցության, փոխօգնության խմբեր ունեցող, փոխշահավետության սկզբունքով գործող այդ համակարգը աշխատանքների բարվոք կազմակերպման դեպքում, իրոք շատ արագ կկարողանա և պայմաններ ստեղծել, որ և մեր երկիրը, վերջապես, ոտքի կանգնի, ամրապնդի իր պաշտպանական կարողությունները, և կնպաստի նաև, որ մեր հայրենակիցներն էլ ամենուր կարողանան ապրել ավելի ապահով, ավելի բարեկեցիկ կյանքով:   Հարգելի ընթերցողներ իմ հետագա հոդվածներում ես կփորձեմ ավելի հանգամանորեն անդրադառնալ թե ինչ սկզբունքով, ինչ կառուցվածքով, ինչպես է ձևավորվելու այդ համակարգը:

Ինչպե՞ս է իր վրա դրված խնդիրները լուծելու:

Այստեղ ուզում եմ միայն ավելացնել, որ դրա համար, նախ և առաջ, պետք է վերականգնել մեր հայրենակիցների հավատը մեր երկրի, ապագայի նկատմամբ:

Նրանց ներգրավվածությունը, մասնակցային ակտիվությանն ապահովելու համար, որպես առաջին քայլ, պետք է մեր իշխանական կառույցներում էլ նրանց անհրաժեշտ տեղեր հատկացվեն: Պետք է ձևափոխվի, կարգի բերվի պետության կառուցվածքը: Ազգային ժողովը պետք է ունենա համազգային խնդիրներով զբաղվող հիմնականում սփյուռքահայերից կազմված կառույց: Ինչպես նաև սահմանվի կարգ, պայմաններ ստեղծվեն, որ առանց խոչընդոտների մեր բոլոր ժամանակավոր արտագաղթածները, բոլոր երկքաղաքացիները ամենուր, առանց դժվարության կարողանան մասնակցել ընտրություններին, կարողանան ընտրել և ընտրվել: Եւ սահմանադրական պահանջվող քայլերը անելուց հետո պետք է նշանակվեն նոր արտահերթ ընտրություններ, ձևավորվի բոլորի վստահությունը վայելող նոր իշխանություններ:

Արշակ Սադոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031