Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիմա, երբ հեղուկ գազի դեֆիցիտ կա Հայաստանում, այդ ճանապարհի փակվելը կարող էր իրավիճակը վատթարացնել Հայաստանում. Սուրեն Պարսյան

Օգոստոս 28,2021 18:11

«Անկախությունից ի վեր Հայաստանի համար երկու ճանապարհ կա՝ հյուսիս եւ հարավ: Հյուսիսով անցնում է մեր բեռների 70-80 տոկոսը, Հարավով՝ մոտ 20-30 տոկոսը: Այսինքն՝ մեզ համար հարավային ուղղությունը կարեւոր, ռազմավարական ճանապարհ է Հայաստանի բեռները ստանալու համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Ըստ նրա, ոչ միայն մեր բեռներն են տեղափոխվում հարավով, այլ Վրաստանի, Իրանի բեռները:
Սուրեն Պարսյանից հետաքրքրվել էինք՝ օրեր շարունակ Հայաստանի տարածքով անցնող միջպետական ճանապարհի որոշ հատվածներ ադրբեջանական զինված ուժերի կողմից փակ պահելու փաստն ինչպիսի տնտեսական հետեւանքներ կունենա մեր երկրի եւ նաեւ հարեւան երկրների համար:

Ըստ մեր զրուցակցի, օրինակ՝ Իրանի համար Վրաստան-Փոթի ամենակարճ, ավտոմոբիլային ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով եւ տարիներ շարունակ իրանական, վրացական բեռնափոխադրող ընկերությունները օգտվել են հենց այդ ճանապարհից: «Հաշվի առնելով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը եւ դրան հաջորդող իրադարձությունները, մենք Հայաստան-Իրան ճանապարհի մի հատվածի վերաբերյալ վերահսկողությունը կորցրել ենք, եւ ադրբեջանական կողմը կարող է օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով, ցանկացած ժամանակ այդ ճանապարհը փակել: Այսինքն՝ դա վտանգ է ստեղծում տարածաշրջանի բեռնափոխադրումների համար՝ իրանական, վրացական, հայկական բեռնափոխադրողների համար»:

Սուրեն Պարսյանի խոսքով, պատահական չէ, որ վերջին ամիսների ընթացքում Եվրամիությունը հայտարարեց՝ Սիսիան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու պատրաստակամության մասին, որը կդառնա այլընտրանքային ճանապարհ ներկայիս ճանապարհին. «Այդ ճանապարհը կանցնի հենց Սյունիքի մեջտեղով եւ հեռու կլինի, այսպես ասած, վիճելի եւ վտանգավոր ճանապարհից: Այդ ճանապարհի կառուցմամբ շահագրգռված են տարածաշրջանի բոլոր երկրները՝ այդ թվում ԵՄ-ն եւ պատահական չէ, որ վերջին ամիսներին 600 միլիոն եվրոյի խոստում տվեց՝ այդ Սիսիան-Ագարակ ճանապարհը կառուցելու համար»:

Ըստ Սուրեն Պարսյանի, այդ ճանապարհը մեզ համար նաեւ կարեւոր էներգետիկ նշանակություն ունի. դիզել, բենզին, հեղուկ գազ ստանում ենք այդ ճանապարհով. «Հատկապես հիմա, երբ հեղուկ գազի դեֆիցիտ կա Հայաստանում, այդ ճանապարհի փակվելը կարող էր իրավիճակը վատթարացնել Հայաստանում: Մենք հեղուկ գազի մի մասը ստանում ենք Իրանից, Իրաքից եւ դրանից էլ կզրկվենք: Մենք պետք է օր առաջ մեր վերահսկողությունը հաստատենք այդ ճանապարհի նկատմամբ եւ զուգահեռ մշակենք այլընտրանքային ճանապարհը՝ Հյուսիս-հարավի մասով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031