«Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը հաղորդում էր հանցագործության մասին։ Նա իր պատասխանում շրջանցեց կոնկրետ անուններ հնչեցնելու առաջարկը՝ համարելով, որ դա կարեւոր չէ։ Սակայն այդ հայտարարությունը հիմնավորելը խիստ կարեւոր է։ Քանի որ ողջ հարցազրույցում ուղղակի իշխանություններին ու Փաշինյանին եւ նրա տիկնոջն արդարացնելու թեզով հանդես եկած Արծրուն Հովհաննիսյանը իր պատասխաններով սևացնում է Փաշինյանին ընդդիմադիր ուժերին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Պարոն Մանուկյանին հարցրել էինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի Արծրուն Հովհաննիսյանի, կարելի է ասել, սենսացիոն հայտարարությունը՝ չնայած որ պարոն Հովհաննիսյանը որեւէ հասցեատեր, անուն չէր նշել:
Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Արծրուն Հովհաննիսյանը Պետրոս Ղազարյանի հաղորդման ժամանակ հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո որոշ շրջանակներ նրան առաջարկել են դուրս գա՝ իշխանություններին մեղադրի ու կստանա համապատասխան ֆինանսական հնարավորություններ: Պարոն Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ իրեն առաջարկել են ասել, որ իշխանությունները հողերը ծախել են ու պատերազմն ի սկզբանե տանուլ տված է եղել եւ նրա կյանքն ապահովված կլինի ամեն ինչով:
Մեզ հետ զրույցում Գեղամ Մանուկյանն ասաց. «Փաշինյանն էլ է պատերազմի օրերին եւ դրանից հետո տարատեսակ մերկապարանոց հայտարարարույթուններ արել, իբր դավաճանության, սաբոտաժի մասին՝ ստեղծելով հանրային տրամադրություններ։ Սակայն դրանք հետագայում իրավապահների կողմից որեւէ հաստատման չեն արժանացել։ Հիմա էլ իրավապահները շատ արագ պետք է արձագանքեն Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությանը եւ հաստատեն նման դեպքերը կամ հերքեն, բնականաբար այս անգամ քննելով Հովհաննիսյանի արարքում սուտ մատնության տարրը»։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ