Մինչ հակառակորդը կբացեր Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի շրջափակված հատվածները, Կապանի անտառտնտեսության աշխատակիցների հետ այլընտրանքային շրջանցիկ լեռնային, քարքարոտ, նեղլիկ արահետներով ճանապարհներով հասանք Նոր Առաջաձոր գյուղ։
Նոր Առաջաձորի բնակիչ Բենիկ Գրիգորյանի ընտանիքն առօրյա հոգսերով էր զբաղված։ Տղան այգում էր, կինը՝ տնային գործերով, իսկ ինքը դեռ հեռվից էր նկատել իրենց տանը մոտեցող ավտոմեքենան։ Հարցրի՝ վախեցա՞ք։ «Ինչի՞ց վախենանք, ուղղակի զարմացա, ասի էս խառը ժամանակներս ո՞վ պիտի գա մեզ հյուր»,–ասում է 82-ամյա Բենիկ պապը՝ տանտիրոջ իրավունքով հորդորելով տնեցիներին արագ սեղան պատրաստել։ Հրաժարվեցինք հյուրասիրվելուց՝ պատճառաբանելով, որ գյուղը շրջափակման մեջ է, գուցե հետո սննդի կարիք ունենան։ «Բա որ ճանապարհները փակ են, ո՞նց հասաք, հանկարծ որ մի բան լինի, ես էլ եմ ավտոյով, ծմակներով գնալու Կապան»,–ասում է մեր զրուցակիցը՝ բոլորիս հույս տալով, որ ոչինչ էլ չի լինի։
Կարդացեք նաև
Պատմում է՝ նույնիսկ 1992-ին չփախան, «երբ թուրքերը գյուղ էին հասել»։ Իր ու կնոջ թոշակով են ապրում, բանջարանոց, այգի ունեն։ Հավ են պահում։ Կովեր էլ ունեին։ «Անասուններին ռադ եմ արել, որ չգնան էն կողմերը, թուրքերը տանեն»,–ասում է Բենիկ պապը։
Կինը՝ Լարիսա Մարտիրոսյանը 79 տարեկան է, ասում է՝ «ոչ մեկը ինձ 55 տարեկանից բարձր չի տալիս»։ «Ի՞նչ վախենալ, մենք մեր տանը մեզ համար ապրում ենք, ո՞վ կարա մեզ հանի, ասի ձեր հողը չի»,–ասում է տիկին Լարիսան։ Երգել շատ է սիրում ու իր խոսքով՝ ամեն օր բարձր երգում է, որ հակառակորդն էլ լսի ու համոզվի, որ «հայերին չեն կարա կոտրեն»։
«Բենիկի օջախ մտնողը մինչեւ 100 գրամ տնական արաղ չխմի, չի գնում»,–ասում է Բենիկ պապը՝ բոլորին հրավիրելով սեղանի մոտ։ Կենաց խաղաղության ու զոհված մեր տղերքի համար, կենաց՝ մեր հող ու ջրի համար, որ ինչն էլ լինի, այլեւս թշնամուն չեն զիջի։
Մանրամասները՝ տեսանյութում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ