Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «Նման փաստաթուղթ կարող է ցանկացած մեկն էլ կազմել՝ կապ չունենալով ո՛չ իշխանության, ո՛չ տնտեսության հետ». «Փաստ»

Օգոստոս 28,2021 10:11

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կառավարության ծրագիրն անվանում է բարի ցանկությունների փաստաթուղթ:

«Նման փաստաթուղթ կարող է ցանկացած մեկն էլ կազմել՝ կապ չունենալով ո՛չ իշխանության, ո՛չ տնտեսության հետ: Ծրագիրը ծրագիր է այնքանով, որքանով այն վերլուծողը հասկանում է՝ դրանում ֆիքսված, ամրագրված կետերն իրականություն դառնալո՞ւ են, թե՞ ոչ: Եթե իրականություն են դառնալու՝ ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ քանակով ու որակով: Այլ խոսքով ասած՝ հասարակութան մեջ ընդունված է չափելիություն, գնահատելիություն ասվածը: Սրանք գոյություն չունեն, իսկ եթե գոյություն չունեն, նշանակում է՝ համապատասխան մարդկանց կողմից, որոնք, ըստ էության, ակնհայտորեն պրոֆեսիոնալներ չեն իրենց գործի մեջ, կազմվել է թուղթ, որտեղ առաջնորդվում են «ինչ տեղի կունենա, այն տեղի կունենա» սկզբունքով: Չարժի անգամ այս ծրագրի մասին երկար խոսել և վերլուծել այն: Ես դա պայմանավորում եմ նրանով, որ անցած երեք տարվա ընթացքում բազմաթիվ խոստումներ և տարբեր տեսակի մոտեցումներ են եղել, որոնցից ոչ մեկը չի կատարվել: Հիմա այս բոլորի արդյունքում ու հանրագումարում ակնկալել մի նոր մոտեցում, մի նոր տարբերակ, անշնորհակալ գործ կլինի»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Բոստանջյանը:

Ստացվում է, որ երկրի համար կարևորագույն այս փաստաթղթից որևէ ակնկալիք քաղաքացին չպետք է ունենա: «Ինչպես ասում են, Աստված տա՝ լիներ, բայց կյանքը ցույց է տալիս, որ դա բացառված է, ժողովրդական խոսքով ասած՝ «սրանից երեխա չի ծնվելու»,-հավելում է տնտեսագետը: Կարևոր է, իհարկե, նաև այն, թե ովքեր են ծրագիրն իրականացնողները: Մատնանշում ենք նաև, որ անցնող երեք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում կիրառության մեջ են դրվել լավ գաղափարներ ու ծրագրեր, բայց հընթացս դրանք աղավաղվել և վերջնարդյունքում կա՛մ ուղղակի կյանքի չեն կոչվել, կա՛մ էլ կյանքի են կոչվել, բայց ոչ նախնական տարբերակով:

«Ոչ թե կարևոր է, թե ովքեր են ծրագիր իրագործողները, այլ դա ամենակարևոր հարցն է: Առաջին գնահատականը ձևավորվում է այն արդյունքներով, ինչը մենք տեսնում ենք, շոշափում ենք: Այսօրվա՝ մինչև անգամ ոչ հաջող ուսանողը կարող է այդպիսի ծրագիր գրել: Սակայն այն ողորմելի կներկայանա, քանի որ իրագործողը չունի որևէ լծակ այն իրագործելու համար: Մենք գործ ունենք հենց նման դեպքի հետ»,- նշում է մեր զրուցակիցը:

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031