Լույս է տեսել մանկավարժական գիտությունների թեկնածու Աշոտ Մանուկյանի «Ընտանեկան դաստիարակությունը հայ էթնոմանկավարժական մշակույթում» խորագրով ուսումնական ձեռնարկը: Այն տպագրության է երաշխավորվել Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի մանկավարժության ամբիոնի եւ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի գիտական խորհրդի կողմից: Ուսումնական ձեռնարկը ներառում է ընտանիքի ծագման ու զարգացման, համաշխարհային բանահյուսության, հայ եւ արտերկրի մշակույթի ներկայացուցիչների գործունեության մեջ եւ հայացքներում ընտանեկան դաստիարակության գաղափարների արտացոլման, ներընտանեկան փոխհարաբերությունների իրավական, կենսաբանական ու բարոյական կարգավորումների, հայ էթնոմանկավարժական մշակույթում ընտանեկան դաստիարակության միջոցների վերաբերյալ տեսագործնական հարցեր:
Ձեռնարկում ներկայացված է «Ընտանեկան դաստիարակություն եւ արժեբանություն» փորձնական դասընթացի ծրագիրը` նախատեսված հանրակրթական ավագ դպրոցում ուսումնասիրման համար: «Ընտանեկան դաստիարակությունը հայ էթնոմանկավարժական մշակույթում» ձեռնարկը հասցեագրված է մանկավարժական բուհերի ուսանողներին, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, ծնողներին, մասնագիտական գործունեության տվյալ ոլորտով զբաղվող անձանց:
Նախաբանում հեղինակը գրում է, որ ուսումնական ձեռնարկը իր խորությամբ, տեսական եւ կիրառական տեսանկյունների համադրմամբ, գիտական սկզբնաղբյուրների ընդգրկմամբ կարող է օգտակար լինել նաեւ ոլորտում հետագա ռազմավարական բնույթի ուսումնասիրությունների համար:
Սեփ. լր.