Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատրաստվել կառավարման ճգնաժամի խորացմանը

Օգոստոս 28,2021 14:30

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանի կարծիքով, շատերը կերազեին Աննա Մկրտչյանի դաստիարակության ու փայլուն կրթության մասին

– Կառավարության ծրագրի քննարկումները խորհրդարանում վերածվեցին ռինգի: Ինչպե՞ս կբնութագրեք այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, ո՞ւր կտանի դա: Ի դեպ, ամեն ինչ սկսվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայտարարություններից, որոնք իշխանությունում ցավագին են ընկալում: Անդրանիկ Քոչարյանը երեկ անգամ Հ1-ի եթերում հայտարարեց, որ նրան իր ծնողները չեն կարողացել դաստիարակել, պետք է այդ հարցով դիմել Սերժ Սարգսյանին:

– Նմանատիպ իշխանություն ունեցող ընդդիմության համար բնականաբար ցավոտ այս աշխատաոճը մեզ համար դառնալու է կենսական։ Ես վստահ եմ, որ առաջիկայում էլ լուրջ հարցեր են քննարկվելու խորհրդարանում, որոնք վերածվելու են թեժ բանավեճերի եւ բախումների։ Սրա պատճառներից մեկն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը ձեւավորվել է երկու խմբակցություններից, որոնք ազգային պահպանողական ուժեր են եւ ուղիղ առնչություն ունեն պետության ու պետականության խնդիրների հետ։ Միշտ անհաշտ պայքար է լինելու այս հանձնվողական, պարտվողական եւ ապազգային մեծամասնության հետ։ Հետեւաբար, եթե հակիրճ բնութագրենք ԱԺ-ի իրադարձությունները, ապա կասենք, որ սա երկփեղկվող հասարակության երկու անհաշտ գաղափարների պայքար է։ Մեկն ասում է՝ եկեք պարտվենք, թուլանանք ու սողեսող խաղաղության գնանք, իսկ մյուսն ասում է՝ խաղաղությունը շատ թանկ արժեք է, այն անխուսափելի է, բայց դրա համար պետք է լինել ավելի արժանապատիվ, խրոխտ, ուժեղ, ամուր, հետեւողական եւ հաստատակամ, այլ ոչ թե հանձնվողական՝ պետության շահերը մատաղ անելու պատրաստ կառավարության տեսքով։

Ինչ վերաբերվում է Աննա Մկրտչյանի գործողությանը, ապա հստակ ընդգծված է ընդդիմության գործելաոճը. զարմանալի չէ եւ առաջին անգամը չէ, որ կապիտուլյացիա ստորագրածներին կապիտուլյանտ են անվանում։ Խնդիրը նույնիսկ դա չէ. նրանք ուղղակի փորձելու են ցանկացած հնարավոր եղանակով լռեցնել ընդդիմությանը։ Իսկ շատերը կերազեին Աննա Մկրտչյանի դաստիարակության ու փայլուն կրթության մասին։

– Իշխանական շրջանակներից հնչող քննադատություններից, ելույթներից եւ հարցերից տպավորություն է, որ մտավախություններ ունեն՝ խորհրդարանական ճգնաժամի առաջ հայտնվելու: Ինչո՞ւ կամ ինչի՞ց են զգուշանում իշխանությունում:

– Իշխանություն կոչվողները հասկանում են նաեւ ապագայում խորացող խնդիրները՝ թե՛ ներսում, թե՛ դրսում։ Փորձում են դա շղարշել լավ սպասումներով, խոսում են ինչ-որ երազանքներից, որոնց իրականացման համար ոչինչ ի զորու չեն անելու։ Հնչող քննադատություններն իրատեսական են, վերցված են մեր խնդիրներից, որոնց լուծումներն իշխանությունը չունի եւ անկարող է։ Դրա համար էլ հնարավոր է, որ առաջիկայում մեր երկրում ոչ միայն խորհրդարանական, այլեւ կառավարման ճգնաժամը խորանա։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքական համակարգը պիտի սրան պատրաստ լինի։

– Շատ են քննադատությունները, որ ընդդիմությունը սխալ մարտավարություն է ընտրել, Հայաստանի համար այս կարեւոր շրջանում պետք է բովանդակային քննարկումների մեջ մտնել եւ հաղթահարել առկա խնդիրները: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

-Ընդդիմությունն իր գործողությունները պլանավորում է ըստ օրակարգային խնդիրների, ունի հստակ մարտավարություն, որը ձեւավորվել է դեռեւս մինչեւ ընտրությունները՝ նույնիսկ հետպատերազմյան ընթացքում։ Ընդդիմությունը ոչ թե մի խումբ մարդկանց գործողություններ են, այլ հասարակության մի ստվար զանգվածի տեսակետներ։ Այսօր էլ մեր քաղաքացիներն իշխանությունից խոսելիս անցնում են շատ կոշտ որակումների։ Ընդդիմությունն էլ գործում է իր լիազորությունների շրջանակներում  եւ փորձում է ամբողղջությամբ ներգրավվել հասարակության եւ պետության շահերը պաշտպանելուն։ Ճանաչելով շատ ընդդիմադիր գործիչների՝ կարող եմ ասել, որ, եթե նրանք տեսնեն, որ կառավարությունն իրոք ուզում է հայանպաստ գործողություն անել, կօգնեն։ Հարցն այն է, որ այս կառավարությունը մեր երկրի խնդիրների հետ կապ չունի։

– Կառավարության ծրագրի նախաբանում նշված է, որ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման հեռանկար բացելու գործին է լծվել իշխանությունը, գիտակցելով, իհարկե, որ սա միայն Հայաստանից կախված չէ: Նաեւ Արցախի կարգավիճակի հարցի ամրագրում կա կառավարության օրակարգում եւ հարցի վերջնական լուծումը դիտարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթում: Ի՞նչ Ձեզ դուր չի գալիս այս առաքելությունում եւ այս ամրագրման մեջ:

– Արդեն ասացի, որ այս կառավարությունը մեր երկրի խնդիրների հետ կապ չունի: Ինչ վերաբերվում է Արցախի կարգավիճակին, ապա Նիկոլը հստակ հայտարարեց, որ խնդիրը թողնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, այսինքն, Հայաստանը, որպես այդպիսին, դիրքորոշում եւ տեսակետ չունի Արցախի խնդրի վերաբերյալ։ Տվել են իրավական ձեւակերպումներ, բայց բանակցային գործընթացում ՀՀ կառավարության դիրքորոշումը կառավարության ծրագրում պարզապես չի երեւում։

– Կառավարության ծրագրում նաեւ ԶՈՒ բարեփոխումների մասին է խոսվում՝ աստիճանաբար անցում պայմանագրային ծառայության, պարտադիր ժամկետային ծառայության կրճատման եւ այլն: Անվտանգային առկա մարտահրավերների պարագայում, կառավարության ծրագրից հասկանալի՞ է՝ ի՞նչ խնդիր է դրված ՀՀ ԶՈՒ-ի առջեւ, համարժե՞ք են այդ խնդիրները առկա մարտահրավերներին:

– Զինված ուժերի բարեփոխումներն այսօր առավել քան արդիական են դարձել։ Այս խայտառակ պատերազմի պարտության դառը պտուղները նաեւ մեր զինված ուժերն են քաղում։ Տգետ ռազմաքաղաքական ղեկավարության պատճառով այսօր կարիք կա վերակազմավորվելու, խնդիրները վերանայելու, զարգացման ծրագրերը թարմացնելու, բանակի պաշտպանական գործողություններին անհրաժեշտ ամեն ինչն ապահովելու, եւ, իհարկե, սահմանապահ ծառայության առանձնացման։ Ինչ վերաբերվում է զինվորական ծառայության ժամկետների կրճատմանը, ապա այստեղ շատ վիճելի հարցեր կան։ Կարծում եմ, սա հերթական պոպուլիստական կեղծիքն է, որ այս կապիտուլյանտ իշխանությունն իրականացնում է։ Զինված ուժերն այն ոլորտն է, որ իրոք պետք է քաղաքական քննարկումները վերանան եւ հարցը դրվի միայն մասնագիտական հարթության վրա։

– Նախօրեին, գիշերը՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 16-18 կիլոմետրը փակ է եղել, մոտ 40 ավտոմեքենա էլ՝ իրենց ուղեւորներով, երկու ժամից ավելի գտնվել են այդ հատվածում՝ գերության մեջ: Երեկ արդեն նաեւ Գորիսից Որոտան տանող ճանապարհը փակվեց. պաշտոնական տեղեկատվություն չկա կատարվածի մասին, Ձեր կարծիքով, ի՞նչ եւ ինչո՞ւ է կատարվում:

– Ցավոք, մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանն այս վիճակում խոցելի է։ Եթե ադրբեջանցին դիրքավորվել է Գորիս-Կապան ճանապարհի վրա, բնականաբար նրա համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում այդ ճանապարհն արգելափակելը։ Այսօր, փաստացի, հարավային Սյունիքը մի կարեւոր երակով մեկուսացված է։ Գուցե գտնվեն այլընտրանքային ճանապարհներ, բայց այս խնդիրն ահազանգում է այն մասին, որ մենք շարունակ ունենալու ենք ծայրահեղ կախվածություն եւ նույնիսկ վերջնականապես կապիտուլյացվելուց հետո էլ մենք ունենալու ենք խաղաղ գոյատեւելու խնդիր։ Ադրբեջանցիները հայ ժողովրդի համար միշտ խնդիրներ են ստեղծել, նույնիսկ սովետական միության կեղծ բարեկամության քողի ներքո։

– Իշխանությունը պնդում է, որ պողպատե մանդատ է ստացել, ժողովուրդը քաղաքական կամք է արտահայտել, ուստի ընդդիմությունը պիտի լուռ համակերպվի իր քայլերի հետ. ինչո՞ւ չեք համակերպվում:

– Հետագա քննարկման հարց է, թե ինչպե՞ս է հասարակությունը մանդատ տվել սրանց: Դա կբացահայտվի սրանց՝ իշխանությունից հեռանալուց հետո, բայց որեւէ նշանակություն չունի, թե այդ մանդատը պողպատի՞ց է, թե՞ ինչից։ Ոչ մեկ չի պատրաստվում համակերպվել այն ամենի հետ, ինչը Հայաստանին տանելու է թուլացման։ Ընդդիմությունը հենց նրա համար է, որ չհամակերպվի։ Այնպես, որ այդ մանդատը միայն իրենց համար է պողպատե։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031