Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը մերժեց ճանաչված արտիստի բողոքը

Օգոստոս 28,2021 14:00

Այդ 3 դատավորների մոտ գոնե մեկ հարց չառաջացավ ուղիղ 6 տարի քննված գործից

Ճանաչված հումորային արտիստ Վահագն Սիմոնյանը՝ «Պոնչո» -ն, այս տարվա մարտի 15-ի դատավճռով ճանաչվել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի դատավճռով «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018թ. ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Վահագն Սիմոնյանն ազատվել է պատժից: Վ. Սիմոնյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել էր:

Սակայն Վահագն Սիմոնյանը դիմել է վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (Կենտրոնի նստավայր) դատավճիռը եւ ճանաչել ու հռչակել իր՝ Վահագն Սիմոնյանի անմեղությունը  կամ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Դատավորներ Տիգրան Սահակյան, Ռուբիկ Մխիթարյան, Արմեն Բեկթաշյան կազմով օգոստոսի 24-ին, ժամը 15:00-ին նշանակված բողոքի քննությունն ավարտվել է:

Դեպքի 6-ամյակն էր եւ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավճիռը, մերժելով Վ. Սիմոնյանի բողոքը:

«Վահագնն առանց պաշտպանի էր ներկայացել ու հրաժարվել էր պաշտպան ունենալուց: Դատախազն էլ չէր եկել: Մի քանի բառ խոսեց Վահագնը ու այդ 3 դատավորների մոտ գոնե մեկ հարց չառաջացավ ուղիղ 6 տարի քննված գործից: Ու շատ արագ հեռացան խորհրդակցական սենյակ ու մի քանի րոպեից հրապարակեցին որոշումը»,-«Առավոտին» ասաց քաղգործով նրա ներկայացուցիչ, փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը:

Հիշեցնեմ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Մանուկյանը 07.09.2015թ. որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է թիվ 12144215 քրեական գործն ու այն ընդունել իր վարույթ:

Քննիչի 04.12.2015թ. որոշմամբ Վ. Սիմոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ Վ. Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել  ստորագրություն չհեռանալու մասին:

Քննիչի 07.12.2015թ. որոշմամբ Վ. Սիմոնյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Է.Հարությունյանը 15.03.2016թ. որոշմամբ թիվ 12144215 քրեական գործը վերադարձրել է քննիչին` Վ.Սիմոնյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու համար: ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Մանուկյանը 17.03.2016թ. որոշմամբ թիվ 12144215 քրեական գործն ընդունել է իր վարույթ եւ վերսկսել թիվ 12144215 քրեական գործի վարույթը:

Քննիչի 31.03.2016թ. որոշմամբ Վ. Սիմոնյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Գրիգորյանը 04.04.2016թ. որոշմամբ քրեական գործն ընդունել է իր վարույթ, իսկ 08.04.2016թ. որոշմամբ այն ըստ ընդդատության ուղարկել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Գ.Պողոսյան) 2016թ. ապրիլի 15-ի որոշմամբ Վահագն Գուրգենի Սիմոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական գործն ընդունվել էր վարույթ, իսկ 2016թ. մայիսի 2-ի որոշմամբ նշանակվել էր դատական քննություն:

Վահագնը մեղադրվել էր այն բանի համար, որ 2015թ. օգոստոսի 24-ին` ժամը 20:20-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տիգրան Մեծի 36բ շենքի դիմաց վիճաբանել է Ռուբեն Գալստյանի հետ,  «որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն գործադրել նրա նկատմամբ, այն է՝ էլեկտրահարող սարքով էլեկտրահարել է Ռ.Գալստյանին, գետնից քար վերցնելով հարվածել է գլխին՝ վերջինիս կրծքավանդակի շրջանի քերծվածքների ձեւով պատճառել առողջության թեթեւ հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031