Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ ենք խաբում. Ադրբեջանի՞ն ու Թուրքիայի՞ն, մե՞զ, թե՞ աշխարհին

Օգոստոս 28,2021 13:30

Վերլուծելով Հայաստանի եւ Արցախի այսօրվա իրավիճակը, կարող ենք հստակ եզրակացնել, որ համարյա չկա մի բնագավառ, որտեղ վիճակը շատ թե քիչ բարվոք լինի, քանզի մենք դաժան պարտություն կրած հետպատերազմյան իրավիճակում ենք, որի ծանր հետեւանքները հարվածել են երկրի բոլոր բնագավառների գործունեությանը: Այժմ փորձենք տեսնել, թե ինչ ճանապարհներ կան ստեղծված ծանր վիճակից դուրս գալու համար, քանզի այլեւս այլընտրանք չունենք: Առաջին հերթին վերլուծենք երկրի անվտանգային իրավիճակը, նրան սպառնացող բազմաթիվ մարտահրավերները եւ դրանցից՝ ի հնարավորին փոքր կորուստներով դուրս գալու ուղիները:

Այն, ինչ արդեն երեք ամիս է՝ տեղի են ունենում Հայաստանի մի շարք գրավյալ տարածքներում, դրա մասին շատ է գրվել եւ խոսվել, սակայն դրանց արդյունքում սայլը տեղից չի շարժվել, ավելին՝ ստեղծված իրավիճակը գնալով ավելի վատթարանում է, քանզի օր օրի այդ գրավյալ տարածքների տարբեր ուղղություններով նրանք ավելացնում են իրենց զինվորների թիվը, ավելի են խորանում մեր տարածքներից ներս, ամրապնդում իրենց դիրքերը եւ որ ամենակարեւորն է՝ վստահություն են ձեռք բերում, որ իրենց մուտքը Հայաստանի տարածքի տարբեր հատվածներ՝ վերջնական է եւ փոփոխության ենթակա է մի առումով միայն, որ դրանք կարող են միայն ընդլայնվել ու ոչ մի դեպքում հակառակը: Նման համոզմունք ունենալու գրավականը նրանց տվել է հայկական կողմի պահելաձեւը, այսինքն լռությունը՝ չգործողությունները: Լավ, արդեն երեք ամիս է, ինչ նրանք գրավել են մեր տարածքների մի մասը եւ հեռանալու մտադրություն ընդհանրապես չունեն: Հարց  է առաջանում. ի վերջո, նման իրավիճակում ո՞րն է մեր մարտավարությունը. վախենո՞ւմ ենք պատասխան գործողությունների դիմել, թե՞ հերթական անգամ ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ անգամ այս դեպքում, մենք խաղաղության կողմնակից ենք, դրա համար լռում ենք ու չենք գնում ադեկվատ քայլերի: Ո՞ւմ ենք ինչ ուզում ապացուցել:

Նման մարտավարության մեջ մեկ բան հատկապես զարմանալի է. մեր լռությամբ եւ կատեգորիկ անգործությամբ այնպես հանգիստ ենք մեզ պահում, կարծես այդ ողջ գործողությունները տեղի են ունենում ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի տարածքում, այնպես որ, մենք իբր այլ քայլերի դիմելու կարիք ընդհանրապես չունենք, դրա մասին թող իրենք մտածեն: Ո՞ւմ ենք խաբում. Ադրբեջանի՞ն ու Թուրքիայի՞ն, մե՞զ, թե՞ աշխարհին: Թշնամին արդեն հիմնվելով իր կողմից Հայաստանից գրաված տարածքների, բնակչության բացահայտ ահաբեկումների եւ անպատասխան մնալու կոնկրետ փաստերի վրա, արդեն աջ ու ձախ լպիրշորեն բարձրաձայնում է, որ շուտով իրենք կունենան Հայաստանի տարածքով անցնող երբեմնի երազանքի, իսկ այժմ համարյա իրատեսական միջանցքը, որով ազատ երթեւեկելով հերթով կվերցնեն Սեւանը, Երեւանը, այսինքն՝ ողջ Հայաստանը, իսկ մենք նույն կերպ լռում ենք, ինչպես ժամանակին, երբ բազմիցս ասվում էր, որ շուտով Թուրքիան՝ Ադրբեջանի հետ միասին կհարձակվի Արցախի, իսկ հետագայում նաեւ Հայաստանի վրա, մենք մի տեսակ քամահրանքով էինք նայում դրան, շարունակաբար կրկնելով. բա աշխարհը մեռե՞լ է, աշխարհը նման բան ո՞նց թույլ կտա: Թույլ տվե՞ց, թե՞ ոչ: Կարո՞ղ ենք ասել, որ հիմա էլ չգիտենք մեր հանդեպ աշխարհի իրական վերաբերմունքի մասին:  Անհասկանալի է, որ ինչ-որ պահից սկսած, շարունակաբար ինքներս մեզ խաբում ենք, դրանով ո՞ւմ եւ ի՞նչ ենք փորձում ասել ու անել: Մոռացե՞լ ենք 2020թ. նոյեմբերի 9-ը, թե՞ չենք խրատվել, ուզում ենք նաեւ Հայաստանի մասով ճիշտ նույն կերպ առնչվել դրան …

Եթե այսօր մի բան մեզ ամենաշատն է պակասում, դա ժամանակն է, որից երեք ամիս արդեն աներեւակայելիորեն մսխել ենք, որի համար ազգովի պատասխան ենք տալու,  ուստի վայրկյան առաջ փրկության քայլեր ձեռնարկենք, քանզի մեր վիճակն իրոք օրհասական է, քան երբեւէ եւ անգամ վաղը կատարած քայլերը չափազանց ուշացած են լինելու: Հայոց Մեծ եղեռնի ժամանակ գոնե հույսի տեղ կար՝ Հայաստանը, որ հայի գենը չի վերանա, այսօր արդեն կշեռքի նժարին է դրված Հայաստանի լինել-չլինելու հարցը եւ այդ դեպքում ինչի՞ն ենք ապավինելու, ինչի՞ վրա ենք մեր հույսը դնելու:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031