Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գիրքս ծնվել է ցավից, սնվել է բարությամբ, օրհնվել` սիրով»

Օգոստոս 28,2021 12:00

«Երեւանյան էսքիզ» հրատարակչությունը լույս է ընծայել գերմանաբնակ հեղինակ Նաիրա Քոչարի անդրանիկ բանաստեղծությունների «Ցավից այն կողմ» ժողովածուն։ Մեր զրույցը գրքի հեղինակի հետ է։

– Նաիրա, մեր զրույցը սկսենք խոսելով քո մանկությունից…

– Ծնվել եմ սիրուց, Վանաձորում, մանկավարժների ընտանիքում։ Մանկությունս լի էր ծնողներիս հոգատարությամբ։ Նրանցից ստացած օրհնանքն այսօր ես փոխանցում եմ իմ երեխաներին։ Մանկությանս մասին խոսելիս հաճախ միսս կրծող, հոգիս ցավեցնող, սիրտս վշտացնող, ստամոքսս խառնող մի ցավ եմ զգում, որը մինչեւ ոսկորներս դող է զգացնել տալիս։ Դե… երկրաշարժ, տուն ու տեղ կորցնել, մահ, ճիչ, լաց, ցավ, պատերազմ, սովի ու ցրտի տարիներ։ Ես ընկճվեցի, ընկա, հետո կանգնեցի, զգացի այդ նորաստեղծ ուժը իմ մեջ, լցվեցի մի տեսակ թախծոտ հզորությամբ։ Ցանկությունս է այստեղ վերջակետ դնել ու խոսել դրականից։ Բայց եկավ պատանեկության շրջանս ու ինչ-որ տեղ ինչ-որ մեկը որոշեց, որ ես ուժեղանալու դեռ տեղեր ունեմ ու ես ստացա մի անբուժելի հիվանդություն, որը ոտքերիս տակից քաշեց գորգը, ես ընկա ու խրվեցի իմ՝ ցավից ստեղծված ճահիճի մեջ։ Ու ես սկսեցի գրել, ստեղծագործել։ Գրել սկսել եմ 16 տարեկանից։ «Ցավից այն կողմ» գրքում ներառված են այդ ժամանակահատվածում գրված 16 բանաստեղծություններ։

Ոչ թե մտադրված սկսել եմ գրել գիրք հրատարակելու նպատակով, այլ թղթին եմ հանձնել իմ հոգեվիճակը, իմ ապրումները։ Գրելը ինձ համար հաճախ եղել է հոգեբանի հետ զրուցելու պես մի բան։ Պետք է այստեղ նշեմ, որ գրելը իրականությունից փրկվելու միջոց չի եղել ինձ համար։

Իրականությունից երբեք չեմ փախչել: Իրականությունը որքան էլ դառը լինի կամ տհաճ, սիրում եմ զգալ, համտեսել, ինչպես համտեսում են գինին, պահել բերանիս մեջ մի պահ, զգալ նրա համի տարբեր նյուանսները ու այն կուլ տալ, մարսել ու օրգանիզմիցս, նաեւ միաժամանակ հոգուցս դուրս նետել այն, ինչ այնտեղ տեղ գրավելու իրավունք չունի։

– Իսկ ինչո՞ւ որոշեցիր գիրք տպագրել։

– Երիտասարդ տարիներին երազանք էր գիրք տպագրելը, որը համարյա թե չէի արտահայտում: Թեեւ համոզված եմ, որ այն ամենն, ինչը մաքուր սրտով ու տենչացող ձգտող հոգով ենք ցանկանում, ստանում ենք, իրականություն է դառնում։ Սա արդեն երրորդ դեպքն է իմ կյանքում…

– Քո գրքի մեջ ուժեղ կնոջ կերպար է։ Կա՞ ուրիշ Նաիրա քո մեջ։

– Այո, իմ մեջ կան ուրիշ Նաիրաներ: Հասուն ու ինքնավստահ Նաիրա Քոչարի այդ կերպարները ես իմ մեջ գտա տարիների ընթացքում։ 18 տարեկանում, առանց լեզվի իմացության, անբուժելի հիվանդությամբ, վիրահատության շեմին կանգնած Նաիրան հոր հետ, հայրենի հողից կտրված, ընտանիքից, ընկերներից զրկված իրեն գտավ Գերմանիայում։ Գտա՞, թե՞ կորցրի ինձ, կորցրի, բայց հետո գտա։ Գտա ինձ համալսարանում որպես ուսանող, որպես 2 երեխաների մայր, որպես կին, ընկեր, ուսուցանող, դաստիարակող, ուժ տվող, հավատացող…

Գտա ինձ որպես պարի ու սպորտի սիրահար, որպես բանաստեղծուհի, աշխատանք հաշմանդամություն ունեցող երեխաների հետ:

Իմ աշխատանքի մեջ գտա իմ առաքելությունը։ 2 ինստիտուտ ավարտելուց հետո, տատս կասեր՝ շան պնչից ջուր խմելով, հասա նպատակիս։ Դարձա մանկավարժ հատուկ մասնագիտացված կուրության եւ մտավոր հաշմանդամության մեջ, լրացուցիչ՝ կրոնի ուսուցչուհի։ Աշխատանքիս ցավալի կողմը՝ աշակերտներ ունեմ, որոնց դեպի մահ եմ ուղեկցում։ Եվ վերջապես գտա ինձ որպես հայ ազգի դուստր։

– Ապրելով Գերմանիայում, հայրենիքի հանդեպ կարոտն ինչպես ես հաղթահարում։

– Հայրենի հողից հեռու զգացի հայ լինելուս կարեւորությունը։

Ես հպարտ չեմ, որ հայ եմ, բայց սիրում եմ հայ լինելս: Պատիվ է ինձ համար լինել հայ ազգի դուստր։ Մի ազգ, որը երբեք ձեռքերը չի արյունոտել հանուն փառքի: Մի ազգ, որն առաջինն է ճանաչել քրիստոնեությունն աշխարհում: Մի ազգ, որը միլիոնավոր զավակներ զոհաբերեց, բայց հավատարիմ մնաց իր Աստծուն: Հայությունից, իմ արմատներից հեռու զգացի իմ հայության կարեւորությունը, զգացի ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ՝ Դսեղա Քոչնանց ցեղի համով-հոտով, բոյով-բուսաթով մի կին։

Սեփական ուղին հարթելու իմ միջոցը գոհանալն է ունեցածով, շնորհակալ լինելն է, խաղաղության ձգտումն ու հոգու հավասարակշռվածությունը պաշտպանելը, նպատակասլաց առաջանալը, լավին ու բարուն հավատալը, երբեք չհուսահատվելու ու ինքդ քեզ մոտիվացնելու մեթոդներ գտնելը, իսկ իմ պարագայում՝ նաեւ Աստծուն տրվելն ու վստահելը։ Ինչ վերաբերում է «Ցավից այն կողմ» բանաստեղծական ժողովածուին, այն ծնվել է ցավից, դառնությունից, սնվել է խաղաղությամբ, բարությամբ, ջերմությանս վերջին ճիգով։ Օրհնվել է, սիրվել անվերջանալի մեծ սիրով։ Ստացել է զգոն, ավտորիտար, կարգապահ, նպատակասլաց դաստիարակություն։ Ստեղծագործելու միջոցով ես ցավս հանձնել եմ թղթին, թուղթը դրել պահարանի մեջ, այն փակել։ Ու ամեն պահարանը բացելուց զգացել եմ ինչքան Սեր ու ինչքան ուժ կա այդ պահարանում։

Հույս ունեմ, որ կկարողանամ գրքիս միջոցով ընթերցողիս փոխանցել այդ ուժն ու սերը։

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031