Մեղրի-Երեւան միջպետական Մ2 ճանապարհով, ադրբեջանցիների կողմից բացելուց հետո առաջինը երթեւեկեցին ՀՀ վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանն ու Ազգային ժողովի պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանը։
«Ռոբերտ Ղուկասյանը եկավ Կապանի կողմից, ես եկա Գորիսից, հանդիպեցինք Շուռնուխում։ Ճանապարհը բաց է»,–Aravot.am-ի հետ ասաց Արմեն Խաչատրյանը։
Մեր այն հարցին, թե ճիշտ է, որ ճանապարհին ադրբեջանցիները լիովին չեն բացել ճանապարհը, քարե պանելներ են դրել, Արմեն Խաչատրյանն ասաց․ «Ճանապարհի եզրային հատվածներում արգելապատնեշներ կային, որոնք չի խոչընդոտում երթեւեկությունը, անգամ բեռնատարիներինը։ Ուղեկալներում նման բաներ լինում է, որպեսզի մեքենաները իրենց արագությունը իջեցնեն»,–ասաց Արմեն Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ երթեւեկությունը ակտիվ չէ, համարյա մեքենա չկա։ «Երեւի ժողովուրդը դեռ տեղյակ չի, կարծում եմ մի ժամ հետո երթեւեկությունը կշատանա»,–ասաց նա։
Ճանապարհի անվտանգությունը նախկինի նման ապահովում են ՀՀ սահմանապահ զորքերը՝ ռուս սահմանապահների հետ։
Տեսանյութը տրամադրել է Արմեն Խաչատրյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ