Ազգային ժողովի պատգամավոր կապանցի Դավիթ Դանիելյանը համաձայնում է մեր այն դիտարկմանը, որ երեկվանից ճանապարհաշինարար է դարձել։ Ազգային ժողովի ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարության, Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները ուրբաթ անցնում էին Կապան-Աղվանի-Տաթեւ այլընտրանքային ճանապարհով՝պարբերաբար կանգնելով ճանապարհին, քննարկում՝ թե ինչ պիտի անեն, որպեսզի բեռնատարները կարողանան անցնել այդ ճանապարհով։ Առավոտյան Դավիթ Դանիելյանն ու պաշտոնատար այլ անձինք հանդիպեցին վարորդների հետ։ «Ճանապարհը հողով է լցված ու նեղ է։ Կցորդիչով գալիս ենք, բուքսավատ ենք անում։ Տրակտորները, որ էդտեղ աշխատում են, գոնե լայնացնեն ճանապարհը»,–ասացին վարորդները։
Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ սյունեցի պատգամավորները Սյունիքում չեն։ Երեկվանից բոլորն այստեղ են։ Դավիթ Դանիելյանն այս խմբի հետ է, իսկ մյուսը խումբը զբաղվում է Նոր Առաջաձոր, Որոտան, Բարձրավան, Շուռնուխ գյուղերի սննդամթերքի, հացի մատակարարման հարցերով։
Կարդացեք նաև
«Մենք չենք հրաժարվում միջպետական ճանապարհներից, եւ ոչ մի պաշտոնյա նման բան չի հայտարարել։ Պարզապես այս վիճակում, որպեսզի բեռնատարները կանգնած չմնան, մենք փորձում ենք այլընտրանքային ճանապարհները կարգավորել։ Տաթեւ-Աղվանի ճանապարհը հիմնանորոգման մեջ է, ուղղակի մինչեւ ավարտին հասցնելը, միջպետական ճանապարհի բացելուց հետո էլ, պիտի այնպես անենք, որ բեռնատարները այստեղով էլ կարողանան գնան»,–ասաց Դավիթ Դանիելյանը։
Հ․ Գ․ Նյութը պատրաստ էր թողարկման, երբ հայտնի դարձավ, որ Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհը բացվել է։ Սակայն, ըստ պատգամավոր Դավիթ Դանիելյանի, միջպետական Մ2 ճանապարհի ծանրաբեռնվածությունից ելնելով, բեռնատարները կարող են երթեւեկել նաեւ այլընտրանքային Աղավանի-Տաթեւ ճանապարհով։
Մանրամասները տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ