Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատերազմում զոհված գյումրեցի զինծառայողի անվան տակ՝ խաբեությամբ տուն են ստացել․ ահազանգում են հարազատները

Օգոստոս 27,2021 20:35

Aravot.am-ը երեք օր առաջ լուսաբանել էր, որ ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, «Armenian Fund» ու «Ժոզեֆ և Ալիս Դորյանների» ընտանեկան հիմնադրամների միջոցներով Գյումրու Մուշ թաղամասում երկու բնակարաններ են հատկացվել 44 օրյա պատերազմում զոհված երկու զինծառայողների ընտանիքներին։

Զոհված Արա Մկրտչյանի հարազատները, պատահաբար տեսնելով լրատվամիջոցների պատրաստած տեսանյութերը, պարզել են, որ հերոսի անունը շահարկվել է, և որ հատկացված բնակարաններից մեկը, որը իբրև թե տրվել է զոհված Արա Մկրտչյանի ընտանիքին, խաբեություն է։ Պառշկովա Ռեմը, որը հանդես է գալիս որպես հերոսի այրի, նրա կինը չէ, Արա Մկրտչյանը օրինական կին ունի, մեկ զավակ։

«Որդուս անունը շահարկելով՝ տեղի է ունեցել խաբեություն և խարդախություն», -այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հերոսի մայրը՝ Մանիկ Թադևոսյանը։ Նա ասաց, որ իր որդին օրինակելի ընտանիք ուներ, զագսավորված էին, ունեն մեկ որդի՝ Էրիկ Արայի Մկրտչյան անուն-ազգանունով։ Նա ասուլիսի էի եկել հարսի՝ Աիդա Թորոսյանի հետ։

Նա ասաց, որ թեև իրենք ամենակարիքավոր ընտանիքներից են, սակայն երբեք թույլ չեն տվել որդու անունը բարձրաձայնելով՝ հարցեր լուծել ու հիմա տեսնում են, որ բոլորովին անծանոթ մեկն է նման բան անում։

« Արա Մկրտչյան անունը շահարկվում է՝ որպես մեկ ուրիշ ընտանիքի հայր, շատ վրդովված եմ․ ամսի 24-ի երեկոյան տեսել եմ այդ տեսանյութը բոլոր հեռուստաալիքներով։ Տեսնում ենք, որ Արա Մկրտչյան անվան տակ բարեգործություն է կատարվում, որ Արա Մկրտչյանի ընտանիքին տուն է հատկացվում։ Սկզբում մտածեցի, որ Արա Մկրտչյան անունով կարող է էլի հերոս լինի, հետո մտածեցի ես Գյումրիից եմ, պանթեոնում է տղաս հուղարկավորվորած, Արա Մկրտչյան անունով մի հոգի կա, իմ որդին է։

Մենք մինչև հիմա որդուս կորուստն ենք սգում, խելքներս գլխներս չի գալիս, արդեն տարին է լրանում․ հոկտեմբերի 11-ն է գալիս, չենք հասկանում՝ մեզ հետ ինչ է կատարվում ու տեսնում ենք օգոստոսի 24-ի տեսանյութը։ էս ո՞ւմ անունն են շահարկում, որդուս անվան տակ Պառշկովա Ռեմ անուն-ազգանունով մի աղջիկ է հանդես գալիս, որ ինքը որդուս կինն է, էդ երեխեքը որդուս երեխեքն են ու նրանց բարեգործություն են կատարում՝ բնակարան տալով։

Չեմ հասկանում՝ էս ո՞ւմ հերոսի անունով են տուն տալիս, հիմա էդպե՞ս է , հերոսներին էդպես են հերոսացնում։ Ես հարս ունիմ օրինական, թոռ ունիմ օրինական, իմ էրեխուս անվան տակ էս ի՞նչ է կատարվում, ես պահանջում եմ Արա Մկրտչյան անունը չշահարկել»,-զայրացել էր հերոսի մայրը։

Նա Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված նկարների տակ մեկնաբանություն է թողել խաբեության մասին, այնուհետ համացանցով գտել ու կապ է հաստատել որդու անունը շահարկած Ռեմի հետ։ Մոր հարցին, թե ինչպես է իր որդու նկարը հայտնվել նրանց հատկացված բնակարանի պահարանին, Ռեմը սկզբում պատասխանել է, որ իր մայրն է հերոսների նկարները հավաքում, այնուհետ նշել է, որ ինքը կապ է ունեցել Արայի հետ, իսկ հետո հերքել է։

Հերոսի մորը հրավիրել են քաղաքապետարան, որտեղ և նա հանդիպել է բարեգործների հետ։ Նա բարեգործներին հարցրել է՝ բնակարան տրամադրելիս՝ որևէ փաստաթուղթ չե՞ն պահանջում՝ ո՛չ ամուսնության վկայական, ո՛չ մահվան փաստաթուղթ։ Նրան պարզաբանել են, որ խղճով են տուն հատկացրել, այդ կինն էլ անօթևանն էր, երեք երեխաների մայր։

«էս դարում առանց փաստաթղթի խղճով են առաջանորդվու՞մ, առանց հիմքերի, էս ո՞ր դարում ենք ապրում, ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվելո՞ւ»,-հարցնում էր հերոսի մայրը։

Հերոսի մայրն ահազանգել է Պաշտպանության նախարարություն, դիմել դատախազություն, ոստիկանություն։

Ռեմ Պառշկովին ոստիկանություն բերման են ենթարկել։

Ասուլիսին ներկա էր նաև Պառշկովա Ռեմը, որը եկել էր Արա Մկրտչյանի մոր հրավերով։ Նա պնդում էր, որ շփոթվել է՝ լրատվամիջոցներին տեղեկացնելով, թե իր երեխայի հայրը Արա Մկրտչյանն է։ Ըստ նրա, իր երեխայի հոր անունը ևս Արա է, բայց զոհված չէ, իր օրինական ամուսինը չէ, դրա համար չի բարձրաձայնում ազգանունը։

Իսկ թե ինչպես է բարերարը իրեն ընտրել, կնոջ պարզաբանմամբ՝ բարերարները քաղաքապետարանից են իր տվյալները վերցրել։

Նա ոստիկանությանը տված ցուցմունքում հայտնել է, որ որևէ կապ չունի Արա Մկրտչյանի հետ, նույնը կրկնեց լրատվամիջոցների առաջ՝ այսօրվա ասուլիսին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031