Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություն է հրավիրել Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, որի ժամանակ, շնորհակալություն հայտնելով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության նախկին պետ Յուրի Բադալյանին՝ քննչական համակարգում երկարամյա աշխատանքի և հայրենիքին անձնվեր ծառայելու համար, ներկայացրել է վարչության նորանշանակ պետին՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանին, ով մինչ այս զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետի պաշտոնը:
Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է Զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության դերը՝ հատկապես ընդգծելով այն հանգամանքը, որ այս ստորաբաժանումում է քննվում 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների զգալի մասը:
Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ այս գործերը գտնվում են հասարակության և Քննչական կոմիտեի ղեկավարության ուշադրության կենտրոնում և պետք է քննվեն արագ, օբյեկտիվ և համակողմանի:
Կարդացեք նաև
Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը նույնպես շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Յուրի Բադալյանին, համատեղ և անբասիր աշխատանքի համար, իսկ Ռաֆայել Վարդանյանին՝ մաղթել բարի ծառայություն:
Արգիշտի Քյարամյանի մեկ այլ հրամանով Յուրի Բադալյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին