Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարությունն, ըստ որի, ԽՍՀՄ -ի ժամանակ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ եղել են ադրբեջանական տարածքում:
Նախարարի խոսքով․«Անձնական տեսակետս այն է, որ այլընտրանքային ճանապարհը պետք է օր առաջ գործարկվի: Ես երբ 5 տարեկան էի ու գնում էի շուկա, այնտեղ շատ ադրբեջանցիներ միրգ-բանջարեղեն էին վաճառում»։
Հարցին՝ երեկ Որոտանի բնակիչներին ռուս խաղաղապահներն են սնունդ հասցրել, ինչպե՞ս է կարգավորվելու պարենային անվտանգության խնդիրը, Քերոբյանը պատասխանեց՝ այո, ռուս խաղաղապահներն են հասցնում, այսօր դա էլ է տարբերակ, բայց կան տարբերակներ՝ շրջանցող ճանապարհների միջոցով հարցը լուծելու։ Նա նաեւ ասաց, որ էկոնոմիկայի նախարության պարենային անվտանգության վարչությունն աշխատում է այդ ուղղությամբ, խորհրդակցություն են ունեցել, որ ապահովեն այդ շրջանների բնակիչների պարենային անվտանգությունը:
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ