«Այս կարճ ժամանակահատվածում նման ակնկալիք չունեմ, հակառակը, լարված են փոխհարաբերությունները քաղաքական պատճառներով»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ տվյալներ ունեն, հնարավո՞ր է առաջիկայում հայ ռազմագերիների վերադարձ, այսպես պատասխանեց իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը, որը զբաղվում է հայ ռազմագերիների խնդիրներով ՄԻԵԴ ներկայացրած հայցերով:
Նա նշեց, որ չի հետևել ՀՀ ԱԺ քառօրյային, քանի որ նրա ձևակերպմամբ՝ բանական մարդիկ չեն կարող երկար հետևել ԱԺ նիստերին՝ դա առողջությանը վնաս է: Հետաքրքրվեցինք՝ իսկ առանձին պատգամավորների հետ համագործակցություն գերիների վերադարձի հարցով չկա՞, նա պատասխանեց. «Առանձնապես քննարկումներ մեզ հետ չեն էլ ունեցել, գիտեմ՝ որոշակի քննարկումներ նախաձեռնել են մարդու իրավունքների առնչությամբ, բայց մեզ չեն հրավիրել, մեզնից տեսակետ չեն հարցրել: Մենք մեր տեսակետները, մոտեցումները իրացնում ենք այլ հարթություններում՝ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում և այլ հայտնի իրավաբանների հետ երկրի սահմաններից դուրս»:
Սիրանույշ Սահակյանը տեղեկացրեց՝ նոր փաստական տվյալների, ապացուցողական բազայի աճ է գրանցվել, որոնք կապված են քաղաքացիական բնակչության սպանությունների հետ, ինչն արդյունք է եղել ոչ թե հրետակոծության, այլ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների: Նա հայտնեց՝ կազմվել է արժեքավոր զեկույց, որը կարճ ժամանակ անց կներկայացվի հանրությանը, ու այդտեղ տեղ գտած փաստերն արդեն իսկ մի շարք միջազգային կառույցների և դեսպանների ուշադրության են ներկայացվել:
Գերեվարված անձանց խնդրով ՄԻԵԴ ներկայացված վարույթների առումով տեղաշարժ չկա, քանի որ արձակուրդային շրջան է: Աշնանն այս հարցերը կքննարկվեն ԵԽ Նախարարների կոմիտեում, ԵԽԽՎ-ում ԼՂ-ում մարդասիրական խնդրի առնչությամբ զեկույց է նախապատրաստվում:
Կարդացեք նաև
Սիրանույշ Սահակյանը հայտնեց՝ հայ ռազմագերիների հարազատներն ակնկալում են պետության կողմից ակտիվ գործողություններ, որոնք արդյունք կապահովեն տղաների համար: Նա եւս մեկ անգամ նշեց՝ հայ ռազմագերիներին Ադրբեջանը որպես պատանդ է պահում ու շեշտեց. «Քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում գործընթացներ են տեղի ունենում, որոնք մեծացնում են ճնշումը, որի ներքո հայկական իշխանությունները պետք է զիջումների գնան: Քանի դեռ դրանք տեղի չեն ունեցել, իսկ նման սպասումներ ձևավորված են, և այստեղ միջազգային գործընկերներն էլ շատ լավ հասկանում են՝ այդ զիջումների կատարումն անհրաժեշտ է, ես չեմ կարծում, որ տեղաշարժեր կլինեն: Քանի դեռ տրված խնդիրներն իրենց հանգուցալուծումը չեն ստացել, ադրբեջանական կողմը դրական քայլ չի իրականացնի: Ռազմագերիները նաև պատանդներ են. քանի դեռ քաղաքական որոշ պահանջներ այս ժամանակահատվածում չեն բավարարվել, նրանք պատանդներին ազատ չեն արձակելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ