Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից այս օրերին մի քանի գյուղերի փակ պահվող ճանապարհներին, ասաց, որ պատասխանատու պաշտոնյաները Իրանից եկող բեռնատարների՝ Երեւան հասնելու համար, ընդգրկված են հարցի կարգավորման մեջ։
«Անտրաբանական է, որ բոլորս նետվենք ինչ-որ հարցի լուծման համար, դրա համար կան պրոֆեսիոնալ պատասխանատուներ։ Թիմը զբաղվում է, կարծում եմ՝ շուտով այդ հարցը լուծում կստանա։ Իհարկե Հայաստանի Հանրապետության սահմանը սկսում է Մեղրիից եւ իրանական մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված խնդիրներ չունեն, ունեն խնդիր Երեւան հասնելու հետ։ Այդ խնդիրն այս պահին լուծվում է շրջանցող ճանապարհի միջոցով, սակայն դա հարմարեցված չէ խոշոր բեռնատարների համար»,– ասաց Վահան Քերոբյանը։
Նա ասաց, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ ժամ առաջ այդ ճանապարհները բացվեն. «Ինչքանով որ ես տեղյակ եմ՝ հենց հիմա եռակողմ ձեւաչափով ինտենսիվ բանակցություններ են գնում, որ այդ ճանապարհը շուտափույթ բացվի»։
Նրանից էլ լրագրողները հետաքրքրվեցին՝ ադրբեջանիցների կողմից փակված ճանապարհահատվածները Հայաստանի սուվերե՞ն տարածք են թե ոչ: Ինչին ի պատասխան նախարարն ասաց՝ ես էդ տիպի հարցերի գիտակ չեմ, դա պետք է նայել, թե ինչ տիպի պայմանավորվածություններ են եղել. «Դուք էլ շատ լավ գիտեք, որ այդ ճանապարհի որոշ հատվածներ եղել են Խորհրդային Ադրբեջանի տարածքում, ինչու եք նման հարցեր տալիս»։
Կարդացեք նաև
Վահան Քերոբյանը նաեւ ասաց, որ շրջափակման մեջ հայտնված գյուղերի բնակիչներին պարենով ապահովել են ռուս սահմանապահները, որոնք Որոտանի բնակիչներին սնունդ են հասցրել։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ