Այսօր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հիշեցրեց, որ նախկին տարիներին, երբ ինքը խորհրդարանում ԿԸՀ հաղորդումներ էր ներկայացնում, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շատ բուռն էր արձագանքում դրանց:
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անգամ անեկդոտ պատմեց՝ Տիգրան Մուկուչյանի ներկայացրած 2013 թվականի հաղորդումից հետո: Խոսքը հայտնի անեկդոտի մասին է, երբ իբր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սերժ Սարգսյանից աջակցություն է խնդրում ԱՄՆ նախագահական ընտրություններում, իսկ ընտրություններից հետո, զանգահարում եւ ասում է՝ «քո արածն արա՞ծ էր, ԱՄն նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանն է հաղթել»:
Ագնեսա Խամոյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մուկուչյանին մշտապես մեղադրել է ընտրակեղծարարության, թվանկարչության եւ ընտրությունների ցանկալի պատկեր ստանալու մեջ եւ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը միշտ հասնում էր ցանկալի պաշտոնանկությունների՝ մոբիլիզացնելով հանրային շրջանակները, Տիգրան Մուկուչյանին պաշտոնանկ չարեց:
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ 2012-ից ինքը ԿԸՀ-ում է, տարբեր ընտրություններ է կազմակերպել, հատկապես համապետական ընտրություններից հետո միշտ էլ տարբեր գնահատականներ են հնչել եւ ինքը դրանց վերաբերվել է իբրեւ քաղաքական գնահատականների. «Կարող են լինել ամենատարբեր քաղաքական գնահատականներ՝ քաղաքական ուժերի կողմից, քաղաքական մոտեցումներով պայմանավորված գնահատականներ, համենայնդեպս, հանձնաժողովում, իմ աշխատած ամբողջ ժամանակահատվածում, խնդիրը եղել է մեկը՝ ԸՕ-ի դրույթներին համապատասխան ընտրական գործընթաց կազմակերպել»: Իր գնահատմամբ, մեր ընտրական համակարգը բացառիկ թափանցիկություն ունի եւ հնարավոր է վերահսկողություն իրականացնել ցանկացած գործառույթի նկատմամբ եւ ստանալ լիակատար տեղեկատվություն:
Կարդացեք նաև
Ագնեսա Խամոյանն արձագանքեց. «Ստացվում է՝ կամ նա զրպարտել է, կամ Դուք իսկապես կեղծել եք ընտրությունները, այլ տարբերակ չկա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ