Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինծառայողների կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակմանը, ասաց. «Մենք մեր տարածքները չենք զիջելու, ՀՀ 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքից ոչ մի սանտիմետր չի հանձնվելու, գնալու ենք սահմանազատման»:
Նա նշեց, որ այսօրվա դրությամբ ամենակարևոր խնդիրը, որն իրենց առջեւ դրված է, թվայնացման, կիբերանվտանգության խնդիրների լուծումն է, որտեղ նախարարությունը հիմնականում մեթոդաբանական աշխատանքներ է կատարում. «Առանձնահատուկ խնդիրներ ունենք ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված: Վարչապետի կողմից հստակ առաջադրանք կա, որ մենք պետք է զարկ տանք տեղական արտադրությանը, հատկապես ռազմական բնագավառում: Բավականին սերտ համագործակցում ենք մասնավոր արտադրողների հետ, ինքս եղել եմ մի քանի արտադրողների մոտ, նաեւ ՊՆ ներկայացուցիչներն են եղել բոլոր այն արտադրողների մոտ, որոնք ԱԹՍ-ների արտադրությամբ են զբաղված»:
Պարոն Խաչատրյանի խոսքով ԱԹՍ-ների արտադրության գործնական փուլ մտած մի քանի ընկերություններ արդեն արդյունքներ են գրանցել. «Ութ ընկերություններ իրենց միջոցներով են նախաձեռնել նախապատրաստական փուլը, նույնիսկ արտադրական, փորձարկման: Մեր կողմից միանշանակ աջակցություն կա: Իմ տեղեկություններով՝ ՊՆ-ն պատրաստ է այսօր իր սպառազինության մեջ ներգրավել մեր տեղական արտադրանքը, եթե դրանք կարող են մատակարարվել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ