Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից. Փաշինյան

Օգոստոս 27,2021 15:18

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագրի հետ կապված անելիքներին և կորոնավիրուսային իրավիճակի կառավարելիության հարցին:

Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կառավարության հարգելի անդամներ, կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ, երեկ Ազգային ժողովը հավանություն տվեց Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին: Հիմա մենք պետք է կենտրոնանանք կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագիրը կազմելու և հաստատելու վրա: Օրենսդրությունը սրա համար սահմանում է եռամսյա ժամկետ: Իհարկե, մենք արդեն բավական երկար ժամանակ աշխատում ենք միջոցառումների ծրագրի նախագծի վրա, բայց ես հույս ունեմ, որ արդյունքում կունենանք մի փաստաթուղթ, որը մեր ամենօրյա գործունեության և անելիքների պլանը կդառնա:

Ինչպես արդեն պայմանավորվել ենք, միջոցառումների ծրագիրը պիտի բխի կառավարության ծրագրից, իսկ կառավարության որոշումները՝ միջոցառումների ծրագրից: Բացի, Աստված մի արասցե, արտակարգ դեպքերից, կառավարության որևէ որոշում պետք է բխի կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից, վերջինս էլ իր հերթին՝ կառավարության ծրագրից:

Ուզում եմ հիշեցնել, որ Կառավարության ծրագրի նախաբանում հստակ արձանագրված է, որ ծրագիրը հենված է նաև քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին տրված նախընտրական խոստումների վրա: Խոսքը տվյալ դեպքում նաև բանավոր խոստումների մասին է: Ըստ այդմ՝ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրն ամբողջացնելուց առաջ անհրաժեշտ է նորից դիտել նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ նախատեսված և չնախատեսված հանդիպումների տեսանյութերը և համապատասխան պայմանավորվածությունների հետ կապված անելիքները ներառել միջոցառումների ծրագրի մեջ: Մի տեղ մարդիկ ճանապարհի հարց են բարձրացրել, մյուս տեղում՝ դպրոցի կամ մարզագույքի, երրորդ տեղում՝ երիտասարդական կենտրոնի: Ամեն ինչ պետք է ներառված լինի միջոցառումների ծրագրում:

Պիտի ասեմ, որ 2021թ. հունիսի նախընտրական քարոզարշավի առանցքային և շրջադարձային կետն այն էր, երբ մենք, անցնելով 2018թ., այսինքն՝ նախորդ նախընտրական քարոզարշավի կանգառի կետերով, տեսանք, որ 2018թ. տրված տեղային խոստումները շատ արագ իրագործվել են: Ընդ որում՝ կատարված աշխատանքը կարևոր էր նրանով, որ դրանց իրագործումն սկսվել էր 2018թ. դեկտեմբերի ընտրություններից անմիջապես հետո՝ 2019-2020թթ., մի ժամանակահատվածում, որ որևէ մեկի մտքով էլ չէր անցնում, որ 2021թ. արտահերթ ընտրություններ են լինելու: Նկատի ունեմ՝ այդ աշխատանքներն ակնհայտորեն ձայն հավաքելու տրամաբանության մեջ չէին իրականացվել: Ընդ որում՝ ես խոսում եմ հաճախ ոչ մեծամասշտաբ նախագծերի մասին: Մի տեղ մի գյուղական նշանակության 1-2 կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվել, մի տեղ՝ մի քանի 100 մետրանոց ջրագիծ, մի տեղ՝ մի փոքր մասնաշենք, մյուս տեղում՝ մի փոքր մանկապարտեզ: Բայց այս աշխատանքի քաղաքական էֆեկտը հսկայական էր երկու պատճառով: Առաջինը՝ ի ցույց է դնում մեր հարգանքն ու ծառայությունը մարդու, քաղաքացու նկատմամբ: Եվ երկրորդը՝ նման նախագծերն իրականացվել են համատարած, և մարդիկ դա տեսել են ոչ թե հեռուստաէկրաններից, այլ իրենց պատուհաններից:

Այնպես որ, 2021թ. մեր նախընտրական քարոզարշավի ընթացքում նույնիսկ քայլելիս հընթացս մարդկանց ասած ամեն խոսք ու խոստում պիտի տեղ գտնի կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում: Եվ սրա համար անհրաժեշտ է, որ կոնկրետ խումբ ձևավորվի, որը այս հայացքով ևս մեկ անգամ կդիտի նախընտրական քարոզարշավի տասնյակ ժամեր տևող տեսանյութերը և կառանձնացնի մեր անելիքները՝ ըստ խմբերի և ոլորտների: Իսկ ռազմավարական այն ծրագրերը, որոնք եղել են նախընտրական քարոզարշավի առանցքը և այսօր կազմում են կառավարության ծրագրի առանցքը, պիտի դառնան նաև միջոցառումների ծրագրի առանցքը:

Հարգելի գործընկերներ,

Ազգային ժողովում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը: Այս գործողությունը հակասում է 2020թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի:

Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար: Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները, իհարկե, պետք է զգոն լինեն և ուշադիր, բայց, մյուս կողմից, մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը, պիտի զարգացնենք, առաջ տանենք:

Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, և մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել: Սակայն Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ: Ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող: Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ: Նաև Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալները, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի: Պատրաստ ենք նաև համատեղ հետաքննության՝ Հայաստանի, Ռուստատանի, Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ամեն դեպքում, պարոն Պապիկյան, պարոն Սանոսյան, միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման, հիմնանորոգման մեր ծրագրերը, մասնավորապես՝ Սյունիքի մարզում, պիտի իրականացնենք մինչև տարեվերջ. Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը պիտի ավարտվի, նախանշված մյուս հատվածների ճանապարհաշինական ծրագրերը նույնպես պիտի ավարտենք, համայնքների անխափան կապը մարզկենտրոնի, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հետ ավելի որակյալ դարձնելու համար:

Վերադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային՝ պիտի ասեմ, որ որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից: Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք:

Հարգելի գործընկերներ,

ամփոփելով ասելիքս՝  կրկին խնդրում եմ ուշադրություն դարձնել կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագրի որակի վրա: Ծրագիրը պետք է ներառի կառավարության, յուրաքանչյուր նախարարության կամ գերատեսչության ամենօրյա անելիքը, կառավարության որոշումները պետք է բխեն այդ ծրագրից: Ըստ այդմ՝ առաջարկվող և հաստատվելիք միջոցառումները պետք է լինեն չափելի, իրականացման արագ տեմպի սկզբունքի վրա հիմնված, բազային, միջանկյալ և վերջնական ցուցիչների գնահատականներով, միջոլորտային սինխրոնիզացված և ֆինանսավորման արդյունավետ մոդելի նկարագրությամբ: Ու սա, իմիջիայլոց, ռազմավարական կառավարման անցնելու մեր տեսլականն իրագործելու շրջադարձային պահ է, և պլանավորման որակը շատ բանով կանխորոշելու է մեր հաջողությունը մեր երկիրը զարգացնելու և շենացնելու գործում:

Շնորհակալ եմ:

Մինչ կառավարության հերթական նիստի օրակարգին անցնելը, կուզենայի իմանալ, թե մենք ինչ իրադրություն ունենք կորոնավիրուսի համավարակի կառավարման տեսակետից: Տիկին Ավանեսյան, նախ խնդրում եմ ներկայացրեք մեր պատվաստումների դինամիկայի հետ կապված ցուցանիշները և հիվանդության ախտորոշման թվերի աճի հետ կապված տեղեկությունները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ: Հարգելի գործընկերներ, թույլ տվեք ներկայացնել, թե ինչ իրավիճակ ունենք այս պահին հիվանդացության առումով. մենք երեկ գրանցել ենք 522 դրական դեպք, իրականացրել ենք 6383 թեստավորում, ցավոք, գրանցվել է 11 մահ: Այս պահին ունենք 14  ծավալված բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են COVID պացիենտներին: Ծավալել ենք 1500 մահճակալ, որից այս պահին զբաղված է 1143-ը: Պետք է ասեմ, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է մոտ 700 պացիենտ, և, ինչպես տեսնում եք, ընդհանուր հոսպիտալացված պացիենտների թվի և ծանր պացիենտների թվի համամասնությունը բավական մտահոգիչ է:

Մենք գիտենք, որ Հայաստանում, ինչպես այլ երկրներում էլ, այս պահին ակտիվ կերպով շրջանառվում է դելտա շտամը, որն աչքի է ընկնում ինչպես բարձր վարակելիության աստիճան ունենալով, այնպես էլ հիվանդացության ավելի ծանր ընթացքով: Ես արդեն իսկ հրապարակել եմ, որ ունենք երիտասարդ պացիենտներ, ովքեր որևէ ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում ներկայում գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, և մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար:

Ի՞նչ ունենք պատվաստումային գործընթացի առումով: Պարոն վարչապետ, թույլ տվեք զեկուցել, որ մենք երեկ իրականացրել ենք 7114 պատվաստում: Ընդհանուր առմամբ, արդեն 267 504 պատվաստում ենք իրականացրել: Եթե նկատում եք, օրական պատվաստման թվով մենք արդեն հատեցինք 7000-ը, և տենդենցը, տեսնում ենք, որ բավական ակտիվություն ունենք: Որոշ պոլիկլինիկաներում անգամ հերթեր են գոյանում: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի օր օրի ավելացնենք մեր հզորությունները՝ պատվաստումային գործընթացը հնարավորինս հեշտ և առանց հերթերի կազմակերպելու համար:

Առաջիկայում էլ, քանի որ գիտենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը: Իհարկե, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակիցը, քաղաքացին պատվաստված է, հղի է կամ ունի հստակ հակացուցումներ՝ պատվաստումն իրականացնելու: Մենք ակնկալում ենք պատվաստվել ցանկացողների մեծ հոսք և պատրաստ կլինենք նրանց սպասարկելու:

Իհարկե, վերջին մեկ շաբաթվա ընթացքում ունենք դիմակների կրման ռեժիմի ավելի ակնհայտ պահպանում, բայց այս առումով, դեռ որոշակի աշխատանքներ կան: Ես նորից կրկնում, հորդորում եմ մեր քաղաքացիներին՝ զգոն լինել, պաշտպանել իրենց: Այս պարզ միջոցառումն իսկապես օգնում է ժամանակի ընթացքում արագ ազդել հիվանդացության տեմպի վրա: Եթե պատվաստումը՝ որպես կանխարգելիչ միջոցառում, որոշակի ժամանակ է պահանջում՝ առաջին, երկրորդ դեղաչափն ընդունելու առումով, ապա դիմակները այս պահին շատ մատչելի և գործուն մեխանիզմ են, որպեսզի մենք հնարավորինս զսպենք հիվանդացության աճը:

Պարոն վարչապետ, թույլ տվեք նաև ներկայացնել, որ մենք կապի մեջ ենք նաև մեր հարևան Վրաստանի հետ և պլանավորում ենք մասնագիտական կոնսուլտացիաներ իրականացնել: Միանշանակ բոլոր երկրները փորձում են այս նոր իրավիճակում, այս ագրեսիվ շտամի պարագայում նորանոր միջոցներ կիրառել հիվանդության բուժման ընթացքում: Շնորհակալություն: Այսքանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տիկին Ավանեսյան, իսկ մեր հիվանդանոցային հզորություններն այս առումով ի՞նչ վիճակում են:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Պարոն վարչապետ, մենք պատրաստ ենք ծավալելու մինչև 2600, 2700 մահճակալ: Բայց սա, իհարկե, շատ մեծ լարվածություն է առաջացնում, ընդհանուր առմամբ, առողջապահական համակարգում, որովհետև առաջիկայում աշնան սեզոնն է, որն աչքի է ընկնում հիվանդացության աճով, և այս պահին էլ մեր բոլոր բժշկական կենտրոնների վերակենդանացման բաժանմունքները շատ խիստ, լարված վիճակում են աշխատում: Այս պարագան էլ պիտի խնդրեմ, որ մեր քաղաքացիները հաշվի առնեն: Այո, պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի կորոնավարակի դեմ պայքարի շրջանակում համալրվեն մահճակալները, բայց, ինչպես գիտենք, մասնագետները սահմանափակ են, և այլ հիվանդություններով տառապող քաղաքացիներին էլ ճիշտ ժամանակին բժշկական օգնություն ցույց տալու համար շատ կարևոր է կառավարելիի շրջանակում պահել այս թվերը:

Պարոն վարչապետ, մենք հընթացս ծավալվելու ենք մեր մարզային կենտրոններում: Ունենք Երևան քաղաքում հստակ գծագրած պլանը: Որպեսզի խնայենք նաև հանրային միջոցները, վերապրոֆիլավորում ենք՝ ըստ անհրաժեշտության և, երբ թվերն իջնում են, դրանք նորից կոնսերվացնում ենք: Պատրաստ ենք ևս 1200, 1300 մահճակալ ծավալելու և սպասարկելու մեր քաղաքացիներին: Մենք նաև աշխատանք ենք տարել մեր ամբուլատոր օղակի ակտիվացման և նրանց մոբիլիզացման առումով, քանի որ, եթե թվերն ավելանան, ապա ստիպված կլինենք որոշ քաղաքացիների ամբուլատոր բժշկական օգնության շրջանակում աջակցել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Փաստորեն հիմա մենք տեմպի աճի փուլում ենք գտնվում և արդեն քանի օր է՝ 600-ը փաստորեն անցնում ենք:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Երեկ 683 ենք ունեցել: Այսօր մի փոքր նվազ է թիվը, բայց այդ 600-ի շեմն արդեն հատել ենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կհիշեցնե՞ք այսօրվա թիվը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Այսօր՝ 522:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց, այնուամենայնիվ, 2 օր է՝ մենք 600-ից ավելի թիվ ունեցանք, չէ՞: 2 օր՝ 600:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ակնհայտ է, որ շաբաթական միջինով էական աճ է արձանագրվում, և պետք է բոլորս այս իրավիճակի նկատմամբ հատուկ ուշադրություն դարձնենք: Ոստիկանությունը, տեսչական մարմինները պետք է վերահսկողական աշխատանքները շարունակեն, խստացնեն: Ինչքան էլ դա մեր քաղաքացիների համար հասկանալիորեն այդքան էլ հաճելի չէ, բայց, կարծում եմ, շատ ավելի հաճելի է, քան վերակենդանացման բաժնում հայտնվելը: Այնպես որ, ոստիկանությունը և տեսչական մարմինները պետք է շատ լուրջ ուշադրության կենտրոնում պահեն խնդիրը: Նաև պատվաստումների տեմպը պետք է շարունակվի, և մենք հիմա մեր նախնական պլանավորածից շատ ավելի մեծ ծավալներով ենք իրականացնում պատվաստումը: Պատվաստանյութերի հետ կապված խնդիրներ ունե՞նք, թե՞ չունենք:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Պարոն վարչապետ, թույլ տվեք ասել, որ 2 պատվաստանյութի հետ կապված՝ չինականի և AstraZeneca-ի որևէ խնդիր չունենք, պաշարները համալրված են: Спутник V-ի արտադրական գործընթացների հետ կապված՝ մատակարարման որոշակի հապաղումներ կային, բայց հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կստանանք երկրորդ խմբաքանակը: Երկրորդ դեղաչափն արդեն քաղաքացիները կարող են ստանալ, և հաջորդիվ կհամալրվեն: Բայց, նորից եմ կրկնում, չկա որևէ պոլիկլինիկա, որ գոնե 2 պատվաստանյութ իր մոտ առկա չունենա:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031